[ARM]     [RUS]     [ENG]

ՔՎԵԱՐԿԵԼ ԾՐԱԳՐԻ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՆՁԵՐԻ ՕԳՏԻՆ

Հուլիսի 19-ին ընդառաջ` ընտրողներին կոչ է անում 
Արկադի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ
Նախագահի թեկնածուներից Արկադի Սողոմոնյանը հունիսի 27-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքում: Հանդիպումները կայացել են առողջապահական հիմնարկներում, սակայն քննարկման թեմաները չեն սահմանափակվել միայն առողջապահական հարցերով: Արկադի Սողոմոնյանը ներկայացրել է Արցախի ապագայի իր տեսլականը` ամենատարբեր հարթություններում:
Նախագահի թեկնածուի առաջին  կանգառը ՙԱրեւիկ՚ մանկական բուժմիավորում՚ ՓԲԸ-ում էր: Քննարկումները, սակայն, առողջապահական թեմաներից չեն սկսվել: Արտաքին քաղաքականության ոլորտում ունեցած ձեռքբերումներն, ըստ  Արկադի Սողոմոնյանի, գնահատելի են: Ընտրվելու դեպքում` խոստանում է չնահանջել. ՙՁեր վստահության քվեն ստանալուց հետո խոստանում եմ ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունն ու ամբողջականությունը: Իմ իշխանության օրոք թույլ չեմ տա  հողերի վերադարձի թեման դառնա բանակցությունների առարկա՚:
Արկադի Սողոմոնյանի նախընտրական ծրագրում, սակայն, ավելի մեծ տեղ է տրված ներքին քաղաքականությանը: Նախագահի թեկնածուն ներկա վիճակը ամբողջովին մուգ գույներով չի տեսնում: Այստեղ էլ ամեն ինչ կորած չէ, համոզված է Ա. Սողոմոնյանը: Առավել եւս, որ նախորդ տարիների ընթացքում մի շարք ոլորտներում անզեն աչքով նկատելի փոփոխություններ են կատարվել: ՙԽոսքը վերաբերում է հատկապես սոցիալական ծրագրերին, կապիտալ շինարարությանը, գյուղատնտեսությանը եւ այլն,-մանրամասնում է նախագահի թեկնածուն,- սակայն խնդիրն այն է, որ բազմաթիվ ծրագրերի վերջնական արդյունքը դեռ չի երեւում: Օրինակ, շատ ողջունելի է, որ Ստեփանակերտի մի շարք թաղամասերում բնակիչներն ապահովվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ, բայց երբ բացում ես ծորակն ու բառիս բուն իմաստով ցեխաջուր է թափվում, բնականաբար, վատ է՚:
Մեր առօրյայում տեղ գտած մի շարք անցանկալի երեւույթների հիմքերը Արկադի Սողոմոնյանը սոցիալական անարդարությունների մեջ է տեսնում: Նրա խոսքերով` անգամ բարձրաստիճան պետական պաշտոնյաները չպետք է իրենց կենսակերպով այդքան ընդգծված տարբերվեն բնակչությունից: ՙՆախագահ ընտրվելու դեպքում կշրջեմ հասարակ մեքենայով, առանց թիկնազորի, կապրեմ իմ տանը,- արդեն ՙՄոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում՚ խոստանում է Արկադի Սողոմոնյանը,- բայց դրանից ուսման, բժշկական ծառայությունների, գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի համար վճարող բնակչության վիճակը շատ չի փոխվի՚: Նախագահի թեկնածուն դրանով է հիմնավորում իր կողմից առաջարկվող ներքին բարեփոխումների անհրաժեշտությունը. անվճար ուսում, անվճար առողջապահական համակարգ, պետության կողմից ջրի, գազի եւ այլնի գների վերահսկողություն: ՙԵս իմ հանդիպումների ժամանակ բոլորին վստահեցնում եմ, որ այդ ամենը կլինի անվճար, իսկ իմ մրցակիցները չեն թաքցնում, որ վճարովի կլինի, դեռ ավելին, չեն թաքցնում, որ ժամանակի ընթացքում դրանց գները կարող են աճել՚,- ասում է Արկադի Սողոմոնյանը:
Ում խոստումներին ավելի շատ հավատալ` ընտրողը կկողմնորոշվի մինչեւ հուլիսի 19-ը: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե որ թեկնածուին են նախապատվությունը տալիս, Արկադի Սողոմոնյանը բոլորին ընտրություններին ակտիվ մասնակցելու կոչ է անում:
 
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ