Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

15 ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ՝ 150 ՀԱԶԱՐ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱ՞Ց

Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Բաքուն հանդես է եկել նոր անհեթեթ հայտարարությամբ՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին վերադարձնել… Արցախի ողջ բնակչությանը պատանդ վերցնելու դիմաց։

Իհարկե, սա կարելի է զառանցանք համարել, բայց հենց այդպիսին է Ադրբեջանի հերթական քարոզչական սադրանքի էությունը. ՀՀ խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաղորդել է, որ վերջերս ԵԽ Եվրոպական ռեֆորմիստների և դեմոկրատների քաղաքական խմբի նիստից հետո նա առանձին զրույց է ունեցել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ս. Սեյիդովի հետ, ով ՙշատ կեղտոտ նախապայման է առաջ քաշել, ասելով, որ Ն. Զոհրաբյանը Հայաստանի իշխանություններին կարող է փոխանցել, որ իրենք պատրաստ են քննարկել գերիների հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղ համաձայնագիր, այսինքն ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում՚։
ՙՔանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք պետք է մոռանանք ռազմագերիների մասին՚,-ադրբեջանցի պատգամավորին մեջբերել է Նաիրա Զոհրաբյանը։
Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Թեպետ սա Բաքվի իշխանությունների հարազատ գործելաոճն է՝ բոլորովին անտեսել համամարդկային նորմերն ու իրավունքները, իրենց կեղտոտ քաղաքական նպատակներին հասնելու համար անպատկառ ու լկտիորեն շահարկել ամենազգայուն մարդասիրական հարցերը։
Ստացվում է՝ ադրբեջանական կողմը, արդեն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո միջազգային հումանիտար իրավունքի ամենակոպիտ խախտումներով գերեվարելով հայ զինծառայողներին, պատրաստ է վերադարձնել հերթական 15 մարդուն (Էրդողանի տիկինն Ալիևին խորհուրդ է տվել գերիներին վերադարձնել փոքր խմբերով՝ Բաքվի ռեժիմին ձեռնտու հերթական գործարքի դիմաց)՝ փոխարենը պատանդ վերցնելով Արցախի ողջ 150 հազարանոց բնակչությանը։
Բացի նրանից, որ այս առաջարկը (ավելի ճիշտ՝ վերջնագիրը) խիստ անբարոյական է, նաև, ըստ էության, բացարձակապես անօրինական է։ Պաշտոնական Բաքուն միշտ ձգտել է ղարաբաղյան հարցը միջազգային հանրությանը մատուցել տարածքային վեճի, ավելի կոնկրետ՝ Հայաստանի տարածքային հավակնությունների հարթությունում։ Իրականում դա ինքնորոշման իրավունքի վառ արտահայտված խնդիր է, սեփական օրենքներով ու ավանդույթներով իր պատմական հողում ազատ և անկախ ապրելու՝ ժողովրդի վաղնջական իրավունք։
Արցախի Հանրապետության ձևավորման միջազգային իրավական հիմքերը անթերի են. ԽՍՀՄ փլուզման պայմաններում ԽՍՀՄ գործող օրենսդրության և միջազգային իրավունքին լրիվությամբ համահունչ, մասնավորապես՝ ՙԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին՚ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի համաձայն, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին 2 անկախ պետություններ՝ Ադրբեջանական Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Լեռնային Ղարաբաղը (Մեծ Հայքի պատմական Արցախ նահանգը) երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել։ Ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունն իրեն հռչակել է մինչխորհրդային շրջանի միակ ադրբեջանական պետական կազմավորման՝ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության (1918-20թթ.) իրավահաջորդ, որը չէր ներառում Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Բացի այդ, պաշտոնական Բաքուն հայտարարել է Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատման ապօրինի լինելու մասին, որի օրոք էլ, քաղաքական նկատառումներից ելնելով, Լեռնային Ղարաբաղը փոխանցվել էր Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ տեղի բնակչության կամքին հակառակ, բոլշևիկյան՝ միջազգային իրավունքի տեսակետից ապօրինի իշխանության մարմնի կողմից։ Այսկերպ Բաքուն սեփական որոշմամբ կորցրել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ, անգամ ձևական, իրավունք։
Միջազգային իրավունքի առումով Լեռնային Ղարաբաղն իրացրել է ինքնորոշման իր վաղնջական իրավունքը՝ դրանով իսկ ապահովելով պետական ինքնիշխանությունը և իր զարգացման ուղիներն ինքնուրույն որոշելու իրավունքը։ Ստեփանակերտում վստահ են, որ ԼՂՀ-ն, որպես 30-ամյա պատմություն և պետականության բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ատրիբուտներն ունեցող փաստացի կայացած պետություն, ունի բոլոր օրինական հիմքերը՝ օգտվելու միջազգային իրավունքի բազմաթիվ նախադեպերից և ընդունված լինելու ՄԱԿ-ի կողմից. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ինքնապաշտպանության վերաբերյալ դրույթներն իրացվել են բացառապես օրինական հիմքերով և միջազգային իրավունքի շրջանակներում՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը գտնվում են իրավական տարբեր հարթություններում, և ԼՂՀ անկախությունը որևէ կերպ չի խախտում Ադրբեջանի տարածաքային ամբողջականությունը՝ նախևառաջ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ ադրբեջանական պետության մաս չի եղել և ինքնորոշվել է իր պատմական տարածքում։ Հենց այս գաղափարի վրա էլ խարսխվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, կազմակերպություն, որն օժտված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատով։ Պատահական չէ, որ կազմակերպության աշխատանքն այդքան ջանադրաբար փորձում է տորպեդահարել Ալիևը և ԵԱՀԿ-ին այդքան խարդախորեն փորձում է ճիշտ ճանապարհից շեղել Էրդողանը (թեև Թուրքիան ձևականորեն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և պարտավոր է նպաստել նրա օբյեկտիվ ու հետևողական աշխատանքին)։
Բաքվում, վերջապես, պետք է հասկանան, որ ո՜չ ուժի կոպիտ կիրառումը, ո՜չ շանտաժը և սպառնալիքները, ո՜չ էժանագին, պարզունակ հնարքներն Արցախի հայերին չեն ստիպի հրաժարվել սեփական արդարացի պահանջներից։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել միայն հայկական, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությունը, նրա խոսքով, երբեք չի ապրելու Ադրբեջանում։
ՙԴա բավականին պարզ ու ակնհայտ է։ Ղարաբաղը կա՜մ կլինի հայկական, կա՜մ չի լինի ընդհանրապես՚,- պնդում է նա։
Ղարաբաղյան հիմնախնդիրը, միանշանակ, չի կարող լուծվել առանց նրա բնիկ ժողովրդի կարծիքն ու համաձայնությունը հաշվի առնելու՝ մեխանիկորեն ստորագրելով Հայաստանի, Ադրբեջանի կամ այլ պետության կողմից առաջարկվող որևէ փաստաթուղթ։ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի պատմական հայտնի փաստերի հիման վրա՝ միջազգային իրավունքին խիստ համահունչ, համապատասխան լիազորությունն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչը կնպաստի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման գործընթացին և տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանը։
ՙԱրցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի՚,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, մեկնաբանելով ամերիկյան Նյու Ջերսի նահանգի սենատի՝ Արցախի անկախության ճանաչման մասին վերջերս ընդունած բանաձևը` հավելելով, որ ՙմենք կշարունակենք մեր համառ պայքարն այս նպատակին հասնելու համար՚։
Ինչ վերաբերում է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին ու պատանդներին (այդ թվում և կանանց), այս մասին բավականին ճշգրիտ արտահայտվել է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը. ՙՀայ գերիներին որպես այդպիսիք չճանաչելու՝ Ադրբեջանի շարունակվող քաղաքականությունը մարդկային կյանքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի օրինակ է։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի ոգևորել բռնակալ Ալիևին ու պահանջի, որ Ադրբեջանը կատարի Ժնևի՝ 1949թ. ընդունված կոնվենցիայի հանձնառությունները՚։