[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ՚

IMG_8977_1_.jpgՎերընտրվելու դեպքում Բակո Սահակյանը երիտասարդությանը մասնակից է դարձնելու իր նախընտրական ծրագրի իրականացմանը 
ԼՂՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպեց ուսանողության և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 
Բ. Սահակյանը նախ կարևորեց երիտասարդի գիտակցված ընտրությունը՝ ասելով, որ նախագահ վերընտրվելու դեպքում նա պատրաստվում է երիտասարդության հետ կյանքի կոչել նախանշված ծրագրերը։ Այդ իսկ առումով անհրաժեշտ համարեց ամփոփ ներկայացնել 2007-2012թթ. կատարված աշխատանքների արդյունքները, ինչը մի յուրատեսակ զեկույց էր իր պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին։ Այդ ժամանակաընթացքի ամենամեծ հաջողությունը խաղաղության պահպանումն էր մեր երկրում, ինչը պայմանավորված է շփման գծում մեր բանակի մարտունակության և պատրաստվածության բարձր մակարդակով։ Դիմելով ներկաներին՝ նախագահն ասաց, որ շատերը կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, իսկ դա նշանակում է, որ մեր երկրի պաշտպանության գործում, անշուշտ, մեծ է երիտասարդության ներդրումը։ Նա մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացարձակ արժեքներ են, որոնք սակարկման ենթակա չեն, ինչպես նաև չկա վերադարձ անցյալին՝ և կարգավիճակի, և սահմանների առումով։
Բ. Սահակյանն անդրադարձավ հանրապետության տնտեսական կյանքում տեղի ունեցած դրական տեղաշարժերին ու զարգացման տեմպերին՝ առանձին դեպքերում մատնանշելով բացթողումները, ընդգծելով որոշ ոլորտներում տարվող քաղաքականության սրբագրման անհրաժեշտությունը։ 
ՙԲոլոր այն հիմնադրույթները, որոնք նախանշված են իմ նախընտրական ծրագրում, ուղղակիորեն կապված են երիտասարդության հետ,- ընդգծեց Բ. Սահակյանը,- որովհետև ցանկացած երկրում երիտասարդությունն է հիմնական կապիտալն ու աշխատանքային ներուժը։ Եվ Արցախի հետագա զարգացումը մեծապես կախված է նրանից, թե երիտասարդ սերունդը որքանով կներգրավվի պետականաշինության և հասարակական զարգացման գործընթացում՚։
Ելույթից հետո Բ. Սահակյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանել երիտասարդների հարցերին։ Իսկ նրանց հուզում է գրեթե ամեն ինչ. երկրի արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, գյուղի և գյուղատնտեսության զարգացումը, մարմնակրթությունը, իրենց հետագա ուսման հետ կապված խնդիրները։
Գյուղատնտեսության զարգացումը գործող նախագահի կողմից հայտարարվել էր որպես տնտեսական զարգացման առաջնահերթություն։ Առաջիկայում այդ ուղղությամբ ի՞նչ է արվելու և հատկապես ինչի՞ն է ավելի մեծ ուշադրություն դարձվելու. հարցին պատասխանելով՝ նախագահը նշեց, որ բոլորը գիտեն, թե ինչպիսին է եղել գյուղը հինգ տարի առաջ և ինչպիսին է հիմա։ Դժբախտաբար, գյուղի վիճակը դեռևս չի գոհացնում։ Խնդիրները բազմաթիվ են ու բազմազան։ Գյուղտեխնիկայի և սարքավորումների կարիք է զգացվում, նախատեսվում է գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացում, ինչը բավականին բարդ ու ծախսատար գործընթաց է։ Այդ տեսանկյունից ավելի է կարևորվում գյուղատնտեսության ոլորտը բարձրագույն կրթությամբ մասնագետներով ապահովելը։ Նախագահի խոսքով, արտասահմանյան արտադրության ժամանակակից տեխնիկա ներկրելը դեռևս քիչ է. գյուղի փրկությունը պայմանավորված է համալիր միջոցառումների իրականացմամբ։ Նա կոչ արեց երիտասարդներին՝ ավելի ակտիվ շփվել գյուղի հետ, սիրել այն՝ դրանով իսկ մասնակցելով գյուղի և գյուղատնտեսության զարգացմանը։ 
Մայրաքաղաքի Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջի ուսանողուհին շնորհակալություն հայտնեց նախագահին՝ իրենց հաստատությանն աջակցություն ցուցաբերելու համար։ ՙԱշխատում ենք այդ քոլեջի մասին չխոսել, քանի որ խոսելու բան չկա,- անկեղծ խոսակցություն բացեց Բ. Սահակյանը և շարունակեց,- դժբախտաբար, քոլեջն այսօր լիարժեք  մասնակցություն չի ցուցաբերում մեր առողջապահական համակարգի զարգացման գործին։ Այնտեղ պատրաստվում են ոչ որակյալ մասնագետներ, որոնց հետագա օգտագործումը լուրջ դժվարություններ է ստեղծելու։ Բայց, մյուս կողմից, այդ քոլեջում դասավանդում են մեր վաստակաշատ մասնագետները, ովքեր, իրոք, ազնիվ քաղաքացիներ են և Գոյամարտի տարիներին իրենց պարտքն են կատարել պետության ու ժողովրդի առջև՚։ Բավականին մտահոգիչ են հատկապես բուժհաստատության նյութատեխնիկական բազան, ուսումնամեթոդական հնարավորությունները։ Նախագահը երկու հանդիպում է ունեցել դասավանդող կազմի և ուսանողության հետ։ Ներկա դրությամբ ծրագիր է մշակվում, որի հիմքում հանրապետությունում ավելի լուրջ բուժհաստատություն ունենալու գաղափարն է։ Կկառուցվի նաև նոր շենք, ինչը թույլ կտա ավելի հարմարավետ պայմաններում կազմակերպել ուսուցումը։ 
Սույն խնդրի առնչությամբ նախագահը նաև ասաց, որ մեր երկրի կյանքում խնդիրներն այնքան շատ են, որ դրանց լուծումը հնարավոր է զարգացման տեմպերի կրկնապատկման, բազմապատկման դեպքում միայն։
Երիտասարդներից մեկին հետաքրքրում էր Շուշիի ապագան. զարգացման, մասնավորապես, բնակչության թվաքանակի աճի ապահովման վերաբերյալ ի՞նչ ծրագրեր կան, և ընթացքի մե՞ջ է, արդյոք, պետական որոշ հիմնարկների տեղափոխման գործը։ Բ. Սահակյանը նշեց, որ առաջինը Շուշի կտեղափոխվի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Շուշիի վերակենդանացումը ոչ միայն նորակառույց շինություններով է պայմանավորված, այլև նրանով, թե մենք կարողանո՞ւմ ենք պատշաճ վերաբերմունք ցուցաբերել ազատագրված քաղաքին։ Վերջինիս  կյանքի աշխուժացման ուղիներից մեկն էլ այն է, որ մենք բոլորս պատրաստ լինենք նաև մեր հանգիստը կազմակերպել այնտեղ։ Այնտեղ են գործելու մեր դատարանները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Գործելու են արհեստագործական ուսումնարանը, ակադեմիկոս Ա. Թախտաջյանի անվան գյուղակադեմիայի մասնաճյուղը։ Նախագահի խոսքով, Շուշին պետք է դառնա մշակութային և ուսանողական կենտրոն, այդ համալիր ծրագրի իրականացումը, բնականաբար, ենթադրում է նաև Արցախի երիտասարդության ակտիվ մասնակցությունը։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ