[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՇՈՒՇԻՈՒՄ

Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Բաքվի վարչակազմը հերթական սադրանքն է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժամանակավորապես օկուպացված տարածքներում: Այս անգամ դիվանագիտական հավաք անցկացվեց Արցախի պատմական մշակութային կենտրոնում՝ Շուշի քաղաքում, որին մասնակցեցին Ադրբեջանում տարբեր երկրների դեսպաններ: Չեմ կարծում, որ նրանք բոլորն անվերապահորեն սատարում են Լեռնային Ղարաբաղի տարածքների օկուպացումը, այնուամենայնիվ, պաշտոնական Բաքվին հաջողվել է իր արկածախնդրության մեջ ներքաշել, և ըստ էության, հանցավոր արարքին մասնակից դարձնել 46 երկրների ներկայացուցիչների, որոնց թվում նաև Հայաստանի հետ բարեկամական հարաբերություն ունեցող երկրներն են:

Գլխավորն այն է, որ Բաքվի ձեռնարկած սադրանքին չտրվեցին համաշխարհային առաջատար գերտերությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը և Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են, մի կառույցի, որը պաշտոնապես օժտված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու մանդատով: Եվ միջազգային միջնորդների դիրքորոշումը միանգամայն հասկանալի է՝ նրանք որևէ կերպ չեն ցանկանում անուղղակիորեն հաստատել ինքնորոշված փոքրիկ Արցախի հանդեպ Ադրբեջանի, Թուքիայի և միջազգային ահաբեկչության իրագործած հավաքական հանցավոր ագրեսիայի արդյունքները: Միաժամանակ իրենց դիրքորոշմամբ գերտերությունները փաստացի Բաքվի սանձարձակ բռնապետին ցույց են տալիս իր տեղը, որը փորձում է իրեն բարձր դասել միջազգային հանրակցությունից և նրա օրենքներից: Այդ առումով հատկանշական է Ադրբեջանի նախկին ԱԳՆ ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովի չափազանց լկտի խոսքը: ՙՄինսկի խումբը վերջնականապես կնքել է իր մահկանացուն... Երեք պետությունների դեսպաններին անհրաժեշտ է ենթարկել պաշտոնական և հասարակական մեկուսացման (չընդունել նրանց, և չընդունել միջոցառման որևէ հրավեր նրանց կողմից), քանի դեռ նրանք չեն այցել Շուշի: Բոլոր նրանց, ովքեր կխախտեն այդ կանոնը, պետք է քննադատության ենթարկել ԶԼՄ-ներում՚, - գրել է նախկին արտգործնախարարը ֆեյսբուքի իր էջում:
Ահա այսպես, ոչ ավել, ոչ պակաս: Ադրբեջանն այժմ սկսել է սպառնալ համաշխարհային գերտերություններին: Ակամայից աչքերիդ առաջ հայտվում է մի զավեշտալի պատկեր. շնիկը հաչում է միանգամից երեք փղի վրա:
Ինչպես նշում են փորձագետները, միջնորդ երկրները, հակառակ Ալիևի լկտի պնդումների, համարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և, հրաժարվելով մասնակցել Շուշիում կազմակերպված քարոզչական խրախճանքին, նրանք հասկացնել են տալիս, որ այդ քաղաքը և Լեռնային Ղարաբաղն՝ ընդհանուր առմամբ, չեն համարում Ադրբեջանի տարածք, և պնդում են միջնորդական առաքելության վերսկսումը՝ միտված հիմնախնդրի իրական, երկարաժամկետ հանգուցալուծմանը:
Դեսպանների այցը Շուշի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս օկուպացված քաղաք կատարած այցելության տրամաբանական շարունակությունն է: Էրդողանը ձգտում է նոր ռազմաքաղաքական ստատուս-քվո հաստատել տարածաշրջանում՝ ի վնաս ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության շահերի, որն ավանդաբար որոշիչ ազդեցություն ունի Անդկովկասում:
Կազմակերպելով դեսպանների այցն օկուպացված Շուշի, որտեղ այսօր համատարած ոչնչացվում են բոլոր հայկական հետքերը, Բաքուն փորձում է ստանալ միջազգային հանրակցության աջակցությունը քաղաքի իրական տերերի կրոնական և մշակության ժառանգության հանդեպ իրականացվելիք հետագա սրբապղծություններում, նպատակ ունենալով Նախիջևանի օրինակով լիովին երկրի երեսից ջնջել հայկական ներկայության հետքերն արցախցիների համար պատմական արժեք ունեցող այդ քաղաքում:
Էթիկայի և բարոյականության տեսանկյունից այդչափ դատապարտելի այցը միանշանակորեն նաև սադրանք է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ, քանի որ Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունների բարելավման մասին շինծու հայտարարությունների համապատկերին՝ Բաքվի վարչակազմն իր քարոզչական հնարքներով հետևողականորեն սրում է հայատյաց տրամադրությունները՝ խաթարելով տարածաշրջանում կայության հաստատմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը և նոր հակամարտություն հրահրելով:
Ստիպված ենք հերթական անգամ փաստել, որ Շուշին Ադրբեջանի ՙմշակութային մայրաքաղաք՚ հռչակելով, Էրդողանը և Ալիևն իրականում մտադիր են քաղաքը արմատականության, ծավալապաշտության և պանթյուրքիզմի առաջնաբերդի վերածել: Էրդողանն արդեն բացեիբաց և հպարտորեն ընդգծում է թուրքական կողմի ունեցած դերակատարությունը Շուշիի բռնազավթման հարցում, ի լուր աշխարհի լկտիաբար հայտարարելով, որ Շուշին պատկանում է նաև Թուրքիային: Ստացվում է, որ Արցախի օկուպացումը և Հայաստանի հանդեպ ագրեսիվ նկրտումներն ազդարարում են պանթյուրքական ծրագրերի իրագործման մեկնարկ…
Ուրախալի է, որ համաշխարհային առաջատար գերտերություններն չտրվեցին Բաքվի հերթական սադրանքին, ՙոչ՚ ասելով շանտաժի, սպառնալիքի, կեղծիքի և զեղծարարությունների ադրբեջանական քաղաքականությանը և Անկարայի ծավալապաշտական ծրագրերին: Հակառակ դեպքում, առանց չափացանցության, վտանգի տակ կհայտնվի գլոբալ անվտանգությունը և ողջ քաղաքակիրթ աշխարհակարգը: