[ARM]     [RUS]     [ENG]

Աֆղանաստանը ՙկտրու՞մ է Մեծ Թուրանը՚

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դուշանբեում գումարվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ռուսերեն հապավումով՝ ՄԿհ) արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով՝ Աֆղանստանի ԱԳ նախարարի մասնակցությամբ։ Քննարկվել է բացառապես Աֆղանստանում ստեղծված իրավիճակը՝ կապված այդ երկրից ԱՄՆ եւ դաշնակիցների զորքերի դուրսբերման եւ ներաֆղանական երկխոսության հնարավորության հետ։ Խորհրդաժողովը հանգել է առաջիկա սեպտեմբերին անդամ երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպելու որոշման։

Սա բոլորովին նոր իրավիճակ է եւ մեզ համար կարեւոր այն իմաստով, որ, ինչպես հասկացվում է, Աֆղանստանում թուրքական զինված ներկայություն պահպանելու եւ դրանով իսկ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ազդեցությունն ամրապնդելու նախագիծը լուրջ դիմադրության է հանդիպել առաջին հերթին հենց Աֆղանստանում։ ՙԹալիբան՚ շարժումը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ից հետո Աֆղանստանում որեւէ երկրի զինված ուժերի ներկայությունը ՙկդիտարկվի որպես օկուպացիա՚։
Այլ կերպ ասած, Աֆղանստանում միանձնյա կամ ծայրահեղ դեպքում ընդունելի կոալիցիայով իշխանության ձգտող ՙԹալիբանը՚ պատերազմի սպառնալիք է հնչեցրել, եթե Թուրքիան սեպտեմբերի 11-ին չդադարեցնի զինված ներկայությունը։ Այն դեպքում, երբ ՙԹալիբանի՚ քաղաքական թեւը բանակցությունների մեջ է Ռուսաստանի եւ Իրանի, չի բացառված՝ նաեւ Չինաստանի, հետ, շարժման եւ թուրքական կողմի շփումների մասին որեւէ տեղեկություն դեռեւս հայտնի չէ։
Regnum-ի քաղաքական մեկնաբան Տարասովը, որ Հարավային Կովկասի, Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի հարցերով փորձագետ է, կարծիք է հայտնել, որ Էրդողանը ՙկխրվի աֆղանական ջրափոսում, եթե ընդունի Քաբուլի օդանավակայանի պարեկության ամերիկյան առաջարկությունը՚։ Ըստ երեւույթին, այդ խնդրով ռուս-թուրքական խորհրդապահական քննարկումներ են ընթանում, եւ Մոսկվան Անկարային բավական ՙկոշտ հաշիվ է ներկայացրել՚։
Ռուսական եւ չինական կողմերին, կարծես, հաջողվել է լուրջ աշխատել նաեւ Պակիստանի ուղղությամբ, մի երկրի, որը Հարավ-արեւելյան եւ մասամբ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում թուրքական ազդեցության պրովայդեր է դիտարկվում։ Այստեղ, անշուշտ, իր դերն է խաղացել նաեւ հանգամանքը, որ ՙԹալիբան՚ շարժումն առաջին իսկ հնարավորությունն օգտագործել եւ վերահսկողություն է հաստատել աֆղանա-պակիստանյան սահմանի մի զգալի հատվածի նկատմամբ։
ՙԹալիբանը՚ հիմնականում աֆղանական փուշտուների կազմակերպություն է, իսկ այդ ժողովրդի մի զգալի մասը Պակիստանի տարածքում է բնակվում։ Պաշտոնական Իսլամաբադը չի կարող հաշվի չառնել այդ չափազանց նուրբ հանգամանքը։ Ըստ երեւույթին, հենց այդ պատճառով է, որ Պակիստանը ձեռնպահ է մնում Աֆղանստանում Թուրքիայի ներկայության բաց աջակցությունից։
Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը, որ նաեւ Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն է, բացահայտել է, որ Մոսկվան ՙԹալիբան՚ շարժման քաղաքական թեւի հետ շփումների մեջ է արդեն յոթ-ութ տարի ի վեր, եւ թալիբները խոստացել են զինված բախումները չտեղափոխել Կենտրոնական Ասիայի երկրներ։ Թալիբներն առայժմ իրենց խոստումը հարգում են։
Իհարկե, անշնորհակալ կլիներ արդեն իսկ արձանագրել, որ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի եւ Չինաստանի համար խնդիրներ հարուցելու ամերիկյան ծրագիրը չի աշխատում, եւ Թուրքիան դուրս է մնում աֆղանական կարգավորման գործընթացից։
Առկա պայմանավորվածությունները չափազանց փխրուն են։ Ռուսաստանն, ըստ երեւույթին, փորձում է բանակցությունների բերել Աֆղանստանի գործող իշխանություններին եւ թալիբներին։ Այդ ջանքերին է աջակցում նաեւ Իրանը։ Կարելի է եզրակացնել, որ նույն գիծն է տանում նաեւ Չինաստանը։ Այս հեռանկարը որոշակիորեն կարող է ազդել Հարավային Կովկասում թուրքական քաղաքականության վրա, եթե առկա միտումները պահպանվեն եւ գործնական հուն մտնեն։
Այսպիսով, կարելի է զգալի վերապահումներով դիտարկել, որ Հարավային Կովկաս-Կենտրոնական –Հարավ-արևելյան Ասիա հիպերտարածաշրջանում թուրք-պակիստանյան-չինական ռազմավարական համագործակցության հեռանկարը, որի վրա մեծ խաղադրույք է դրել Ադրբեջանը, կարող է խզվել Աֆղանստանի հարցում Ռուսաստան-Չինաստան-Պակիստան-Իրան համաձայնությամբ, եթե ՇՀԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովը սեպտեմբերին գումարվի եւ նախնական պայմանավորվածությունները բերվեն իրավական տեսքի։