[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՐՁՐ է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը <<ԱԶԱՏ ԱՐՑԱԽ>>-ի հետ զրույցում  մեկնաբանել է Արցախում ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ քաղաքագիտական որոշ շրջանակների տարաբնույթ տեսակետները, ինչպես նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման առանձնահատկությունները:  

 -Ինչպե՞ս կմեկնաբանեիք այն հանգամանքը, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` իրավիճակի կարգավորմանն ուղղված փոխզիջումների համար:

Ընդհանուր առմամբ ի՞նչը կառանձնացնեիք այդ հանդիպումից, ի՞նչն եք համարում դրական ու բացասական և ինչո՞ւ: 

- Ցանկացած հանդիպման, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, առավել ևս, ՌԴ  և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումներին, բացառապես պետք է փորձենք նայել առանց էմոցիաների, չփորձենք փնտրել ինչ-որ բան, որն իրականում տեղի չի ունեցել: Նախ և առաջ այդ  բոլոր բարի խոսքերը, դիվանագիտության էթիկետի մաս են կազմում , հատկապես, երբ նման հանդիպումների ժամանակ  ներկա են ԶԼՄ-ները:

  Կուզենայի երկու կարևոր հանգամանք ընդգծել այդ հանդիպումից. առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահը շեշտել է , որ անհրաժեշտ  է գնալ փոխզիջումների, որը շատ բարդ, ցավոտ խնդիր է, բայց պետք է գնալ: Սա ոչ այլ ինչ է, քան ԵԱՀԿ  համանախագահ երկիր ՌԴ-կողմից` ինչ-որ տեղ նաև պատգամ` որ նման ապակառուցողական քաղաքականությունը և միակողմանի քաղաքական էգոիզմի քաղաքականությունը չի ընդունվում, որովհետև, փաստորեն Ալիևի պահվածքում, Ադրբեջանի քաղաքականության մեջ որևէ դրական քայլ անգամ չկա:

  Հաջորդ կարևոր հանգամանքը Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն է: Սրահում, որտեղ հանդիպել են նրանք, Ռուսաստանի նախագահն սովորաբար ընդունում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին, ինչպես նաև Հայաստանի:

Այդ սրահը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ հենց այնտեղ է տեղադրված է մի քանդակ, որը խորհրդանշում է ռուսական բանակի հաղթական արշավանքը Թուրքիայի դեմ: Սա պատահականություն չէ, այլ նյույնպես պատգամ է, որ  ՌԴ-ի համար անընդունելի է այնպիսի քաղաքականությունը, հատկապես` Ադրբեջանի  և Թուքիայի կողմից, որն ուղղված կլինի իրավիճակի ապակայունացմանը: Այս ամենը մենք պետք է հաշվի առնենք և շատ սառնասրտորեն մոտենանք` չտրվելով էմոցիաների: Ընդհանրապես, նման հանդիպումներն ինքնին դրական են, քանի որ ցանկացած այդպիսի հանդիպում, նշանակում է խաղաղ գործընթացի շարունակություն և ՌԴ-ի կողմից իր ազգային շահերի հստակեցում:

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք քաղաքագիտական որոշ շրջանակներում և տեղեկատվական հարթակներում շրջանառվող այն տեսակետները, որոնք դիտարկում են Ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման, կամ այլ երկրների խաղաղապահ զորակազմերի  տեղակայման այլընտրանքներ: Ընդ որում` նման քննարկումները ծավալվում են Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարելիք հնարավոր այցի համատեքստում:

-Ես կարծում եմ սրանք լոկ խոսակցություններ են, որովհետև ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջան է մտել  ամենակրիտիկական պահին, երբ Արցախի լինել-չլինելու խնդիրն էր: Ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարում են շատ բարձր մակարդակով:Արցախը ծանր վիրավոր է, և մենք պետք է ապաքինվենք,  նման ու տարբեր տեսակի  շահարկումներից պետք է հեռու մնանք:

 

 Հարցազրույցը` Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆԻ