ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՈՎԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Արցախի շուրջ քաղաքական զարգացումների ներկայիս ընթացքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիայի սպառնալիքը շարունակում է մնալ որպես գլխավոր մարտահրավեր՝ ուղղված ոչ միայն հայկական կողմին, այլև հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսաստանյան զորակազմին։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը Լաչինում առավել քան մտահոգիչ է։ Կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն առ այն, որ վարժանքների ընթացքում հատուկ նշանակության խմբերը հաջողությամբ կատարել են հետախուզության, ճանապարհային հանգույցներում դարանակալման, դիվերսիոն ջոկատների բացահայտման և ոչնչացման, ինչպես նաև հակառակորդին մոտենալու հետ կապված առաջադրանքները։
Տանդեմի նպատակը հասկանալի է, հարցն այն է, թե ինչու Ադրբեջանից շտապեցին զորավարժությունները ներկայացնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում։ Բաքուն և Անկարան քաջ գիտակցում էին, որ դրանց անցկացումը Լաչինում, որտեղ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում, նշանակում է հատել թույլատրելիության սահմանը։ Երևանն ու Ստեփանակերտը պաշտոնական մակարդակով քննադատեցին զորավարժությունները՝ դրանք գնահատելով որպես լարվածության թուլացմանը վնասող գործողություն։ Ադրբեջանական կողմը ցինիկաբար արձագանքեց. արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևայի բնորոշմամբ՝ զորավարժություններ անցկացնելն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե համատեղ զորավարժությունները պետք է ընկալել Բաքվի և Անկարայի միջև ստորագրված ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում, տրամաբանական առնչություն չունի 2020թ. նոյեմբերին ձեռք բերված Եռակողմ պայմանավորվածության դրույթների հետ։ Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայի հետ համաձայնության էր եկել մի կարևոր հարցում՝ Անկարան որտեղ կարող է ունենալ ռազմական ներկայություն։ Այդ պայմանավորվածությունը Լաչինի վրա չի տարածվում։ Տանդեմի այս նախաձեռնությունը պարզապես պետք է ընկալել որպես Մոսկվային ուղղված ազդակ։
Դրան հետևած ուշագրավ զարգացումը ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի հրամանատարի փոփոխությունն է և հատկապես նորանշանակ հրամանատար՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի կենսագրությունը։ Տեղեկատվական հոսքերում նշվում է, որ վերջին տարիներին Կոսոբոկովը ծառայել է հետխորհրդային տարածքի այն տարածաշրջաններում, որոնցում Ռուսաստանի Դաշնությունը նախապատվությունը տվել է ժողովրդի ինքնորոշման սկզբունքին։ Նա ծառայել է Ղրիմում՝ որպես Սևծովյան նավատորմի կազմում գործող բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։ Մինչ այդ էլ՝ 2015-17թթ. զբաղեցրել է Աբխազիայում տեղակայված 7-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնը։ Կոսոբոկովը վերջերս էլ զբաղեցնում էր ՌԴ ԶՈՒ 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Իրազեկվում է, որ այս բանակի ստորաբաժանումները տեղակայված են Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև Հարավային Օսիայում։ Նման զարգացումը, մեղմ ասած, Ադրբեջանի սրտովը չէ։ Միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին հիշատակումները բավարար են, որպեսզի Բաքուն չհաշտվի նման իրողության հետ։ Բանն այն է, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում մշտապես հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտպանի դերում՝ Աբխազիան ու Հարավային Օսիան պաշտոնապես ճանաչելով որպես վրացական տարածքներ։ Քաջ հայտնի է նաև Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը։
Բաքվի դժգոհությունը դեռ իրեն զգացնել կտա, մինչ այդ, անդրադառնանք առաքելությունն ավարտող խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարություններին։ Բաց տեքստով նա տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, ինչպես նշված է Եռակողմ համաձայնագրում, հետագայում երկարաձգման որոշում կկայացվի։ Նա դրական է գնահատել իր աշխատանքը՝ միաժամանակ ընդգծելով, որ խաղաղապահների աշխատանքին գնահատական տվողը խաղաղ ժողովուրդն է։ ՙՂարաբաղում կյանքն ընթանում է ամբողջ հունով, իհարկե, կան շատ բարդ հարցեր, բայց կյանքը շարունակվում է, մի շարք հարցեր լուծվում են, կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի՚,-ասել է Մուրադովը։ Բաքվին ուղղված պարզ նախազգուշացում այն մասին, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կլինի հաջորդ հինգ տարիների ընթացքում, բացի այդ, անիմաստ է, ի տես միջազգային հանրության, պարբերաբար հայտարարություններ հնչեցնելը, թե խաղաղապահ զորակազմը ժամանակավոր է տեղակայված Լեռնային Ղարաբաղում։
Հակամարտության համապարփակ կարգավորման մասով Բաքվի ուղղությամբ գրեթե անփոփոխ տոնայնությամբ շարունակում է մեսիջներ ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Զորավարժությունների մեկնարկից մի քանի օր անց նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում։ Հարցի կարգավորման համար ԱՄՆ-ն անում է այն, ինչ կարող է, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ, հավաստիացրել է դեսպանը։