ՇՈՅԳՈՒԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Արեւմտյան մամուլում Ռուսաստանի պետական դումայի ընթացիկ ընտրությունները գնահատվում են ՙինտրիգային՚։ Շրջանառվում է Ռուսաստանում ՙիշխանության տրանզիտի՚ թեման։ Ավելի հաճախ է ակնարկվում, որ նախագահ Պուտինը ՙլուրջ առողջական խնդիրներ ունի՚։ Ռուսաստանի նախագահը 67 տարեկան է, կառավարում է արդեն երկու տասնամյակ, եւ նման հետաքրքրությունը թվում է բնական։
Հատկանշական է, որ պետական դումայի ընտրություններին զուգահեռ՝ գումարվել է Եվրոպայի խորհրդի նիստ, որտեղ Ռուսաստանի վերաբերյալ շատ կոշտ, նույնիսկ դիվանագիտական էթիկետից դուրս հայտարարություն է ընդունվել։ Եվրախորհրդարանականները ԵՄ գործադիր մարմնին կոչ են արել ՙբոլոր ճակատներով ազդել, որպեսզի Ռուսաստանը լինի ժողովրդավարական եւ կանխատեսելի գործընկեր՚։
Ոչ ոք չի ակնկալում, որ պետական դումայի ընտրությունները սյուրպրիզ են մատուցելու։ Վերլուծաբանները միակարծիք են, որ իշխող կուսակցության հաղթանակը երաշխավորված է, իսկ որպես ընդդիմություն կներկայանան կոմունիստական կուսակցությունը, Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատական եւ ՊԴ նախկին խոսնակ Միրոնովի ՙԱրդար Ռուսաստանը՚ ներկայացնող խմբակցությունները։ Արտաքին քաղաքականության, քաղաքակրթական ընտրության հարցերում ընդդիմությունն ավելի ազգայնական-կայսերական եւ արեւմտյան դեմոկրատիայի նկատմամբ անհանդուրժողական է։
Այս իմաստով Եվրախորհրդարանի քաղաքական ուղերձը՝ տեսնել ժողովրդավարական Ռուսաստան, գոնե պատմական այս փուլում անիրագործելի է բոլոր առումներով, եթե ՆԱՏՕ-ի ռազմական էքսպանսիան բացառենք։ Իսկ դա ամենահավանական տարբերակն է. չնայած սուր մրցակցությանը եւ տարաձայնություններին՝ ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը չեն գնա ուղղակի զինված ընդհարման, քանի որ դա հղի է միջուկային զենքի կիրառման արդեն համաշխարհային-համամարդկային սպառնալիքով։
Դա չի նշանակում, թե Արեւմուտքը դադարելու է ծրագրավորել Ռուսաստանում ՙդեմոկրատական՚ իշխանափոխություն կամ Ռուսաստանը թուլացնելու է հակադարձ քայլերի սեփական զինանոցը։ Խնդիրն այն է, թե ո՞վ եւ ե՞րբ է փոխարինելու Վլադիմիր Պուտինին։ Այս հարցում արեւմտյան աղբյուրները միայն ենթադրություններ են անում՝ խոստովանելով, որ պետական այդ գաղտնիքին, ամենայն հավանականությամբ, Մոսկվայում մեկ-երկու մարդ է իրազեկված, եւ գաղտնիք կորզելու բոլոր փորձերն առ այս պահը ոչ մի արդյունք չեն տվել։
Այդուհանդերձ, այսպես ասած՝ ՙարտաքին դիտարկման՚ տվյալները, ինչպես կարծում են արեւմտյան փորձագետները, թույլ են տալիս ուրվագծելու Պուտինի իրավահաջորդի քաղաքական կերպարի ընդհանուր պատկերը, եւ բոլոր պարամետրերի համադրմամբ դա պաշտպանության գործող նախարար Սերգեյ Շոյգուն է։ Նա Ռուսաստանի քաղաքական էլիտայի հնաբնակներից է Ելցինի նախագահության շրջանից ի վեր։ Եւ միակն է, որ կարիերայի աճ է ունեցել հետելցինյան իշխանական հիերարխիայում։ Շոյգուն արդեն մեկ տասնամյակ է՝ գլխավորում է պաշտպանության նախարարությունը։ Ու թեեւ պրոֆեսիոնալ զինվորական չէ, կարողանում է ՙձգել բանակի սանձերը՚։
Շոյգուի պաշտպանության նախարար պաշտոնավարելու շրջանում Ռուսաստանը մի քանի հաջող գործողություններ է իրականացրել երկրի սահմաններից դուրս։ Արեւմտյան փորձագետները հատկապես ընդգծում են Սիրիան, Կենտրոնա-աֆրիկյան հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը։ Վերջին ընդգծումը հատկապես ուշագրավ է, եթե նկատի ունենանք անցյալ տարի Շոյգուի արած հայտարարությունը՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման ենթակառուցվածքային ապահովման մասին։
Սերգեյ Շոյգուն էթնիկ տուվացի է, նրա մայրն ազգությամբ ռուս է։ Տուվան ՌԴ-Մոնղոլիա սահմանային ինքնավարություն է, որի բնիկներն ունեն մոնղոլական կամ թաթարա-մոնղոլական ծագում։ Նրանք ավելի մոտ են մոնղոլներին եւ իսլամադավան չեն։ Շոյգուն ներկայումս պետական դումայի ընտրություններում իշխող կուսակցության ամենառեյտինգային թեկնածուն է համարվում։ Տպավորություն կա, որ ընտրություններից հետո Պուտինը հանգստի կուղարկի գործող վարչապետ Միշուստինին եւ այդ պաշտոնում կնշանակի Շոյգուին։
Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է համարել, որ Ռուսաստանում սկսվում է իշխանության տրանզիտի շրջան, եւ Պուտինի իրավահաջորդ կլինի Սերգեյ Շոյգուն։ Սա, իհարկե, միայն վարկած է։ Անցած քսան տարիներին Պուտինի իրավահաջորդի մի քանի անուն նույնպես շրջանառվել է, բայց նրանցից ոմանք կարճ ժամանակ անց հեռացվել են քաղաքական էլիտայի շարքերից։ Շոյգուն կարող է կիսել նույն ճակատագիրը։
Խնդիրն ավելի խորքային է, ո՞րն է Ռուսաստանի ապագան։ Կհաջողվի ՙժողովել՚ հետխորհրդային ամբողջ տարածքը, ամրապնդվել Մերձավոր Արեւելքում, հասնել Բելառուսի հետ տնտեսա-ռազմա-քաղաքական ինտեգրացիայի, լուծել Եվրամիության հետ ապագա հարաբերությունների հարցը՝ առանձնացնելով դա ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությունից եւ այլն։ Ավելի կոնկրետ ասած՝ Ռուսաստանը մնալու է որպես ՙսուվերեն քաղաքակրթության՚ երկիր, թե գնալու է աշխարհաքաղաքական դաշինքի՞։
Արեւմտյան ուղղությամբ դաշնակցային ձգտումները, կարծես, բացառված են։ Ռուսաստանը եվրասիական երկիր է, նրա ՙսուվերեն քաղաքակրթության՚ աղբյուրը ներքին էթնիկ-դավանանքային բազմազանությունն է, պատմականորեն ձեւավորված իրողություն, որը ձգում է դեպի արեւելք։ Շոյգուն Ռուսաստանի եվրասիականության խորհրդանիշ է։ Այդպես անցյալ դարի 70-ական թվականներից սկսած ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյում ներկայացված էին իսլամադավան հանրապետությունների առաջնորդները՝ Կունաեւ, Ռաշիդով, Ալիեւ, որ նաեւ կառավարության նախագահի առաջին տեղակալն էր։ Եւ բոլորովին էլ պատահական չէ, որ ԽՍՀՄ-ում ազգային ինքնության հարց առաջինը իսլամադավան-թյուրքախոս ղազախները, Ղրիմի թաթարները եւ մեսխեթցի թուրքերն են բարձրացրել։