ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿ ԶՍՊՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ Է
ՙԱԱ՚-ի հարցերին պատասխանում է ԱՀ նախագահի միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը
- Պատերազմից մեկ տարի անց, հետհայացք ձգելով հակամարտության ընթացքին, ի՞նչ մեկնաբանություն կարող եք տալ։
- Մենք ապրեցինք 21-րդ դարի ամենակործանարար պատերազմներից մեկը։ Այն իր բնութագրիչներով աննախադեպ պատերազմ էր հետխորհրդային տարածաշրջանում։ Դրանից խուսափել հնարավոր կլիներ այն դեպքում, եթե 1994 թվականից ի վեր մենք ապրեինք և մեր կենսագործությունը կառուցեինք այն տրամաբանությամբ, որ պատերազմը չի ավարտվել.1994 թ. հրադադարի մասին Եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտությունը մտել էր ՙսողացող հակամարտության՚ ընթացք իր բոլոր կանխատեսելի զարգացումներով։ Կոնֆլիկտաբանության տեսանկյունից ևս դրա համար կային բոլոր հիմքերը` չկար հակամարտության կարգավորման գործընթաց, դեռևս Ապրիլյան պատերազմից տարիներ առաջ այդ գործընթացն իր տեղը զիջել էր կառավարման գործընթացի, ինչը շատ նեղ օրակարգ էր, մեր դեպքում` առավելապես հակամարտության սառեցմանն ուղղված ապարդյուն ջանքերով։
- Որքանո՞վ է պատերազմը բավարարել Ադրբեջանի տարածքային հավակնությունները։
- Պատերազմը չի ավարտվել. Ադրբեջանը շարունակում է պատերազմել 3000 քառակուսի կիլոմետր մնացած Արցախի Հանրապետության դեմ և համար։ Այսօր ռուսական խաղաղապահությունը միակ զսպող հանգամանքն է Արցախի Հանրապետության հետագա օկուպացիան կանխելու գործում։ Ստեղծված իրավիճակում որևէ երաշխիք չկա, որ խաղաղապահության բացակայության դեպքում Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ ալյանսը կրկին նոր թափով չի գործարկվելու, ի դեպ, այս մասին ադրբեջանական կողմը մեզ ամենօրյա ռեժիմով հիշեցնում է։ Չի փոխվել Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, մասնավորապես, դրանք կրկին արտաքին և ներքին լսարանների համար տարբեր են։ Օրերս ՄԱԿ-ի 76-րդ նստաշրջանում միջազգային հանրությանն առաջարկելով այլևս չօգտագործել ՙԼեռնային Ղարաբաղ՚ վարչատարածքային անվանումը միևնույն պահին նույն ելույթում նշում է, որ Ադրբեջանը ազատագրել է ՙՀՀ կողմից օկուպացված տարածքների նշակալի մասը՚, իսկ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ժողովրդին ուղղված ուղերձում կրկին շեշտում է, որ ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված է՚։ Նույն օրը Անադոլու լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ի. Ալիևը բացարձակապես ժխտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նախաձեռնողականությունը, այն դեպքում, երբ համանախագահությունը դեռևս 2021թ. ապրիլին հանդես էր գալիս օրակարգային բովանդակության հայտարարությամբ։
Ադրբեջանը շարունակում է զորավարժությունները և սպառազինության համալրման անսքող քաղաքականությունը, որի մասին տեղեկատվությունը հոսեցվում է բաց աղբյուրներ։ Միևնույն պահին Ի. Ալիևն այսօր Անադոլու լրատվականին տված հարցազրույցում հայտնում է, որ ՙիր դժգոհությունն է հայտնել ՌԴ-ին` ՀՀ-ին սպառազինությունների մատակարարման գործընթացի վերսկսման հետ կապված՚։
Ադրբեջանն Արցախի Հանրապետության ժամանակավոր օկուպացված տարածքներում վարում է հաղորդակցային կամ տրանզիտային օղակման քաղաքականություն։ Ադրբեջանը շարունակում է նաև ԱՀ հումանիտար շրջափակման քաղաքականությունը և իրանական բեռնատարների հետ կապված աղմկահարույց դեպքը դրա ընդգծված օրինակն է։
Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես մեծ տարածաշրջանի ռազմաքաղաքական ցանցային զարգացումներում նրանք կենտրոնական տեղում են։
- Դուք նշեցիք, որ ՌԴ խաղաղապահությունը թերևս միակ զսպող գործոնն է, ինչպե՞ս եք գնահատում խաղաղապահության ներկայությունը մեկ տարի անց։
- Արցախի Հանրապետությունում ՌԴ-ն իրականացնում է խաղաղապահ առաքելություն, որի երկարաձգման անհրաժեշտությունը բխում է առաջին հերթին մեր կենսական շահերից։ Մենք առավել քան երբևէ կախված ենք ռուսական քաղաքական դաշտի զարգացումներից։ Վերջին օրերին ՌԴ-ում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները թույլ են տալիս կանխատեսելու, որ առաջիկա տարիներին ՌԴ ռազմաքաղաքական գիծը հիմնականում կարող է շարունակվել։
- Ինչպե՞ս է ԱՀ-ն վերաբերում վերոնշյալ իրողություններին և վտանգներին։
- Արցախի Հանրապետությունն ամուր է իր տրամադրություններում։ Հստակ է, որ չնայած անդառնալի մարդկային կորուստներին, տարածքային ցավալի իրողություններին, ամենօրյա տեղեկատվական, հոգեբանական և շարունակվող ռազմական տեռորին, արցախցին պատասխանում է Արցախում ապրելու և կորցրածը վերադարձնելու հաստատակամ վարքով։ Ստեղծված պայմաններում մեր անելիքն է իրատեսորեն գնահատել վտանգները և գործել դրանք չեզոքացնելու օրակարգով։