ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ ՉԷ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման մասին վերջին ազդակները բավականին խոսուն են։ Հարկ է նախ արձանագրել Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ համանախագահներ Իգոր Խովաևի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ։ 2020թ. նոյեմբերյան Եռակողմ հայտարարությունից հետո դա արտգործնախարարների առաջին հանդիպումն էր։
Համանախագահներն իրենց հայտարարության մեջ ողջունեցին հանդիպումը՝ ընդգծելով խաղաղության գործընթացում ուղղակի երկխոսության միջոցով կրկին ներգրավվելու՝ կողմերի վճռականությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբներին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, շնորհավորելով ՀՀ նորանշանակ արտգործնախարարին, իր ուղերձում ընդգծել էր, որ ԱՄՆ-ն խրախուսում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը։ Պետքարտուղարի կողմից դա, թերևս, նոր շեշտադրում էր։ Չենք կարող շրջանցել նաև Բաքվին ուղղված Մոսկվայի ազդակները։ Այն ժամանակ, երբ Իլհամ Ալիևի վարչակազմից հայտարարեցին, թե Մոսկվան Բաքվի հետ դեռևս չի համաձայնեցրել Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահների մանդատի հարցը, հընթացս խաղաղապահների ՙքթի տակ՚ թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելով, Ռուսաստանը դա անհետևանք չթողեց։ Իրազեկվեցինք խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակման մասին։ Գեներալի մարտական ուղին անցել է Ղրիմով, Աբխազիայով, Հարավային Օսիայով։ Բաքվին անուղղակիորեն հիշեցրին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ինչը, կարծում ենք, որոշ չափով զգաստացրեց Ադրբեջանի նախագահին։
Իլհամ Ալիևը, այդուհանդերձ, հավատարիմ մնաց իր հռետորաբանությանը։ Այն հերթական անգամ ի ցույց դրվեց ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում։ Նա կոչ արեց անդամ երկրներին չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը՝ ասելով, թե հակամարտությունը մնացել է անցյալում։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Բաքուն 30-ամյա հակամարտությունը լուծել է ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ ՙԱդրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր՚,- հայտարարել է Ալիևը։ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի արձագանքը համարժեք էր. մեկ բանում Ալիևի հետ 100 տոկոսով համաձայն է՝ Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ և չի էլ լինելու, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել։ Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Ալիևի ելույթի ևս մեկ հատվածի։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։ Հաղթանակն ամբողջովին իրեն վերագրելով՝ նա միջազգային հանրության առաջ, հասկանալիորեն, քողարկեց Թուրքիայի դերակատարությունը 44-օրյա պատերազմում, որն Ադրբեջանին սատարեց իր հզոր բանակով ու ժամանակակից սպառազինությամբ՝ հետին պլան մղելով ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Թուրքիայի մասին խոսելն Ադրբեջանի շահերից չի բխում այն պարզ պատճառով, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանը կորցրեց իր ինքնիշխանությունը, ինչն, ի դեպ, նաև դժգոհության տեղիք տվեց Բաքվում։ Ալիևը ցանկանում է, որ իր հետ հաշվի նստեն՝ անտեսելով ՙնոր իրողություններում՚ Ռուսաստանի Դաշնության ազդեցիկ դերն ու կշիռը, դրանցից ածանցվող ռուս-թուրքական պայմանավորվածությունն ու 2020թ. նոյեմբերին ու 2021թ. հունվարին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունները։ Ալիևը հանդես է գալիս հաղթողի դիրքերից՝ փորձելով քաղաքական-դիվանագիտական ճակատում հասնել թուրք-ադրբեջանական ծրագրերի կյանքի կոչմանը։ Այդ համատեքստում նա անընդհատ շեշտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունն ու Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը։ ՙConciliation Resources՚ միջազգային կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Լորենս Բրոերսը խաղաղության պայմանագրի հետ կապված իր տեսակետն է փոխանցել ՙԱզատություն՚ ռադիոկայանին՝ նշելով, որ դեռ ժամանակ է պահանջվում, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը իրականություն դառնա։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները, հավանաբար, կկենտրոնանան իրավիճակի լիցքաթափման վրա, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք ցավ են պատճառում հանրությանը։ Խոսքը հայ ռազմագերիների վերադարձի, ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման, հռետորաբանության մեղմման և այլ հարցերի մասին է։ Ըստ վերլուծաբանի՝ հնարավոր է առաջընթաց ակնկալել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ եռակողմ ձևաչափի շրջանակում, սակայն խաղաղության համապարփակ համաձայնագիրը պետք է կարգավորի հակամարտության հետ կապված բոլոր խնդիրները։ Այսինքն՝ գործընթացը կվերադառնա ԵԱՀԿ Մինսկի խումբ, եզրակացրել է Բրոերսը։
Արցախյան կողմի համար եռանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսումը հրամայական է, նախևառաջ, կարգավիճակի հստակեցման, ասել է թե՝ աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը պահպանելու առումով։ Բացի այդ, բանակցային սեղանին պետք է դրվեն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների վերադարձի, այդ տարածքներում իրականացվող մշակութային ցեղասպանության, հայկական պատմական ժառանգության ոչնչացման հարցերը։ Այսօր էլ ԱՀ-ում ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի առկայության պայմաններում ադրբեջանական կողմից պարբերաբար հրադադարի խախտումներ են արձանագրվում, ինչի արդյունքում, ցավալիորեն, մենք նաև մարդկային կորուստներ ենք ունենում։ Ակնառու են հոգեբանական ճնշումներն ու ահաբեկումները, որոնք Արցախը հայաթափելու հեռահար նպատակ ունեն։ Բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության ու նրա միջազգային ճանաչման խնդիրների առաջ մղումը պարտադիր է։ Հակամարտությունն անցյալում չէ, ինչպես սիրում է կրկնել Ադրբեջանի նախագահը, հակամարտության կայուն ու համապարփակ կարգավորումը հնարավոր է Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով։