Իրանի անվտանգության սուվերենությունը. պակիստանյան փորձություն
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Իրանի արտաքին գործերի նախարարը բացառիկ հարցազրույց է տվել Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը։
ՙԱդրբեջանը եւ Հայաստանը մեր լավ հարեւաններն են, եւ մենք չենք կարող նրանցից մեկի հետ համագործակցել ընդդեմ մյուսի։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է՚- ասել է Իրանի արտգործնախարարը։ Նա նշել է, որ Թեհրան է այցելել Հայաստանի արտգործնախարարը եւ ՙլավ կլիներ, եթե մեր ադրբեջանցի գործընկերը նույնպես Իրան այցի հնարավորություն ունենար՚։ Նա նաեւ ասել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ինքը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան՝ որպես ՙբարիդրացիության ժեստ՚։
Ըստ էության, Իրանի արտաքին գործերի նախարարը ոչ ուղղակի, դիվանագիտական ենթատեքստով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է Թեհրան, միաժամանակ Հայաստանին հորդորել, որ դա չընկալվի որպես իր դեմ ուղղված քայլ, ինչպես որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի Թեհրան այցը Բաքուն չպետք է դիտարկի հակաադրբեջանական։ ՙՄամուլում տեղ գտած աղմուկը չպետք է խանգարի Ադրբեջանի հետ հարաբերություններին՚-ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարը եւ կարեւորել, որ երկու երկրների միջեւ առկա է պատմա-մշակութային եւ քաղաքակրթական ընդհանրությունների մի ՙհսկայական շերտ, որ անհնար է անտեսել՚։
Ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա Իրանի արտգործնախարարն ասել է, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանում ՙհաստատվել են ահաբեկիչներ, այդ ներկայությունն անթույլատրելի է՚։ Նա ավելացրել է, որ բանակցությունների արդյունքում Ադրբեջանը խոստացել է ՙահաբեկիչներին հեռացնել՚։ Երկրորդ խնդիրը կապված է տարածաշրջանում ՙռազմական օտար ուժերի ներկայության՚ հետ։ Այս դեպքում իրանցի պաշտոնյան չի կոնկրետացրել, թե ում նկատի ունի։
Ըստ երեւույթին, ռուս-իրանական բանակցություններում Թեհրանը ցանկալի արդյունքի չի հասել։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանում իսրայելական եւ թուրքական ռազմական ներկայությանը։ Այս հարցում Ռուսաստանը կաշկանդված է Սիրիայում սեփական ազդեցությունն ամրապնդելու հետ կապված նրբություններով, թեեւ պաշտոնապես պահանջում է, որ թուրքական զինված ուժերը պետք է հեռանան արաբական այդ երկրից, իսկ Իսրայելը չհարվածի կառավարական զորքերի դիրքերին։ Երեւում է, ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Ռուսաստանը նաեւ չի աջակցում Իրան-Հայաստան-Վրաստան տրանսպորտային ՙմիջանցքի՚ ծրագրին՝ համարելով դա ՙարեւմտյան նախագիծ՚։
Մոսկովյան բանակցություններից, կարելի է ասել, Իրանը լրջագույն հետեւություններ է արել։ Այդ է վկայում երկու կարեւոր փաստ. Լավրովի հետ բանակցություններից անմիջապես հետո Իրանի արտգործնախարարը Մոսկվայից ուղիղ չվերթով մեկնել է Բեյրութ, որտեղ բանակցություններ է վարել ոչ միայն Լիբանանի արտգործնախարարի, այլեւ՝ վարչապետի հետ եւ վերջում հանդիպել այդ երկրի նախագահին։ Որպես քննարկումների ամփոփում, նա հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում Իրանի պատմական առաքելությունն իրականացվում է ամբողջ ծավալով։ Սա ուղղակի ուղերձ է ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Իսրայելին, որոնք ցանկանում են զսպել իրանական ազդեցությունը Կասպից ծովի հարավային ափերից մինչեւ Միջերկրականի արեւելյան ափեր ընդգրկող տարածաշրջանում, որտեղ Իրանը մոտ կես դար է՝ քայլ առ քայլ ձեւավորել է կրոնական ազդեցության աշխարհաքաղաքական աղեղ։
Երկրորդ նշանային քայլն այն է, որ նախապատրաստվում է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Բաղերիի այցը Պակիստան։ Ընդ որում, անոնսավորված է, որ դա տեղի է ունենում պակիստանյան կողմի հրավերով։ Նախատեսված է, որ Բաղերին քննարկում կունենա Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատարության, ԶՈՒ ԳՇ պետի, վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ուստի դա ոչ այնքան զուտ ռազմական, որքան՝ ռազմա-քաղաքական այց է։
Ուշագրավ է, որ Բաղերին Պակիստան է այցելում Կասպից ծովում թուրք-ադրբեջանական-պակիստանյան համատեղ զորավարժություններից հետո՝ իրանա-ադրբեջանական սահմանին սուր լարվածության շրջանում։ Մերձկասպյան երկրներից միայն Իրանն է պաշտոնապես բողոքել թուրք-ադրբեջանական-պակիստանյան համատեղ զորավարժություններից, ինչին պաշտոնական պատասխան դեռեւս չի հնչել։ Միայն Ռուսաստանի արտգործնախարարն է ասել, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը նման միջամտություն չի նախատեսում, բայց այն ուժի մեջ կմտնի, երբ ստորագրած բոլոր կողմերը կվավերացնեն։ Իրանն առայժմ համաձայնագիրը պաշտոնապես չի վավերացրել։
Մեծ է հավանականությունը, որ Պակիստան այցի հրավեր Իրանի ԶՈՒ ԳՇ պետն ստացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջամտությամբ։ Աֆղանստանում իրավիճակը մտահոգիչ է նաեւ Իրանի համար, որը սահման ունի նաեւ Պակիստանի հետ։ Խնդիրը չափազանց նուրբ է Թուրքիայի համար։ Տեղեկություններ կան, որ իրանական կողմն Աֆղանստանի հետ սահմանից փախստականներ է տեղափոխում մինչեւ Թուրքիայի հետ սահման, աֆղանստանցի ներգաղթյալների հարցով Էրդողանը սուր քննադատության է արժանանում երկրի ներսում։ Անհավանական չէ, որ Իրանը կարող է աֆղանստանցի փախստականների հոսքը նաեւ դեպի Ադրբեջան ուղղորդել։
Ըստ երեւույթին, Պակիստանը փորձելու է Իրանին համագործակցության առաջարկություններ անել՝ կապված Աֆղանստանի հետ, եթե Իրանը համաձայնի թուլացնել Ադրբեջանի նկատմամբ տեղեկատվա-քարոզչական եւ լոգիստիկ ճնշումները։ Իրանը պահանջում է տարածաշրջանում տեղաշարժի եւ ապրանքաշրջանառության ազատություն՝ նկատի ունենալով Գորիս-Կապան մայրուղու վրա իր տրանսպորտային միջոցների համար Ադրբեջանի կիրառած սահմանափակումները։
Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ անվտանգության եւ համագործակցության ավանդական ձեւաչափերի հուսալիությանը բոլորն են կասկածում։ Որեւէ համակարգում Իրանը ներգրավված չէ, ապավինում է բացառապես սեփական ուժերին։ Միջազգային ուժային կենտրոնների համար դա արդեն իսկ մարտահրավեր է, բայց մյուս կողմից Թուրքիան ձեռնամուխ է եղել ՙթյուրքական բանակ՚ նախագծին, ինչը եւս մտահոգիչ է թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի ու Չինաստանի, թե Եվրամիության համար։
Եթե Իրանին հաջողվի հաղթահարել անվտանգության սուվերեն համակարգը տարածաշրջանային ինտեգրացիայով լրացնելու փորձությունը, իսկ Պակիստանի կողմից Իրանի ԶՈՒ ԳՇ պետին նման մակարդակով ընդունելությունը հուշում է, որ այդպիսի առաջարկ արվելու է, ապա Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը հավասարակշռելու հավանականությունը մեծանալու է։ Դա նաեւ Հայաստանի հնարավորությունն է։ Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ այս փուլում ռուս-իրանական ալյանս ձեւավորելու իրական հեռանկարը բավական մշուշոտ է։ Հոկտեմբերի 22-ին Մոսկվա է մեկնում Իսրայելի վարչապետը։