Logo
Print this page

ՙԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄ ԷԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՚

3.jpgՀամոզված են միջազգային դիտորդները
Հուլիսի 20-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, միջազգային դիտորդներն ու դիտորդական խմբերը մամուլի ասուլիսների ժամանակ հրապարակեցին իրենց եզրակացությունները՝ 2012թ. ԼՂ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։ 
Ժամը 11-ին Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնը, որը ղեկավարում է Մաթեուշ Պիսկորսկին և որտեղ ընդգրկված էին դիտորդներ Ավստրիայից, Նիդեռլանդներից և Բուլղարիայից, եզրակացությունները հանձնեցին հասարակայնության դատին։
Խոսելով խմբի դիտորդական առաքելության և նպատակների մասին՝ խմբի անդամները նշեցին, որ քաջ գիտակցելով ԼՂ-ի չճանաչվածության պարագան, իրենք նպատակ ունեին պարզել, թե ընտրությունների կազմակերպումը օրենսդրորեն որքանով է համապատասխանում միջազգային չափանիշներին, որքանով է լավ կամ վատ ընտրական համակարգը։ Նրանք նշեցին, որ իրենց դիտարկումներով՝ ԼՂՀ-ն դե ֆակտո կայացած երկիր է՝ պետական կայացած ատրիբուտներով և ենթակառուցվածքներով։ Ներկայացվեց ԼՂՀ-ում նախկինում անցկացված 16 ընտրությունների մասին տեղեկատվություն դրանց քաղաքական ժամանակաշրջանի համապատկերին։
Ինչ վերաբերում է 2012թ. հուլիսի 19-ի ընտրություններին, ապա, դիտորդների խոսքերով, դրանց վրա որոշակիորեն ստվեր են ձգել մինչ այդ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերը, որ հրահրվել են Ադրբեջանի սադրիչ ձեռնարկումների հետևանքով և լարվածություն ստեղծել քաղաքական դաշտում։ Դա չէր կարող չանդրադառնալ քարոզարշավի և նախընտրկան ծրագրերի կազմման վրա։ Այդ իսկ պատճառով բոլոր թեկնածուների ծրագրերում երկրի անվտանգության ապահովման ու բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտության մասին դրույթ կար։ 
Ընտրությունների կազմակերպվածության մասին նրանց կարծիքը դրական էր. բոլոր թեկնածուներն ունեին մրցակցելու և ընտրություններին մասնակցություն ապահովելու հավասար պայմաններ։ Դիտորդական այս խումբը քվեարկության ընթացքին հետևել է երեք շրջաններում, որը, ընդհանուր առմամբ, գնահատում է արդար և թափանցիկ, ԼՂՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի շրջանակներում։ Եզրակացության համաձայն, բոլոր առումներով այն համապատասխանում էր միջազգային չափանիշներին, հանգիստ էր, քաղաքական լարվածություն հասարակության մեջ չկար։ 
Մի խոսքով, դիտորդների գնահատականներով, ընտրությունները լեգիտիմ էին, ժողովրդավարական, հասարակության վրա ճնշում չկար, բոլոր թեկնածուների վստահված անձինք և դիտորդներն ու լրագրողներն էլ առանց խոչընդոտի մասնակցում էին դրանց։ Ընդհանուր գնահատականը ընտրական տեղամասերի 75%-ի համար գերազանց էր, 11% ընտրատեղամասերում մակարդակը ցածր էր շենքային պայմանների բացակայությամբ պայմանավորված։ 
Դիտորդների կողմից արվեցին առաջարկություններ ու դիտողություններ՝ առաջիկայում հաշվի առնելու ակնկալիքով։ ՙՄենք հույս ունենք, որ այս եզրակացությունը վերլուծության կենթարկվի ընտրական մարմինների կողմից և առաջիկայում հաշվի կառնվի՚,- ասացին նրանք։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ 
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.