ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՑՆՈՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ՙՍա իմ էջն է, իմ տարածքը, որտեղ իրավունք ունեմ գրել՝ ինչ կցանկանամ՚,- այսպես են հիմնականում ֆեյսբուքյան օգտատերերն առարկում, երբ մեկը դիտողություն է անում նրանց։ Մարդն ազատ է, ի՞նչ կարող ես անել։ Ոչինչ, որ նա շատ հաճախ այնպիսի գրառումներ է անում, որ ոչ միայն անհեթեթ, այլեւ շատ հաճախ խիստ վտանգավոր են։
Մի քանի օր առաջ Արցախի դատախազությունը հորդորել էր պահպանել տեղեկատվական անվտանգության գոնե տարրական կանոնները։ Եւ ի՞նչ։ Մի քանի ժամ անց ֆեյսբուքում հայտնի լրագրող Նաիրի Հոխիկյանը գրեց, որ Արցախում թշնամուն բազմիցս ՙսատկացրել են՚, բայց այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվում, որպեսզի ՙժողովրդի մարտական ոգին չբարձրանա՚։- Բերել էր օրինակ, որ մեր վեց վիրավորի դիմաց թշնամու երկու զինծառայող է ոչնչացվել։ Գրել էր, որ անցած ամիսներին ՙկորուստներ են ունեցել նաեւ ռուս խաղաղապահները՚։
-Լավագույն ցանկության դեպքում, իսկ սա չես կարող մեդիաանգրագիտություն անվանել, հեղինակը փորձառու է, ոլորտի մասնագետ։ Ուրեմն ինչի՞ հետ գործ ունենք։ Չգիտեմ, գնահատական տալու իրավասություն չունեմ, բայց դա չի նշանակում, թե Արցախի պատկան մարմիններն էլ պետք է լռեն, անուշադրության մատնեն, չտեսնելու տան։ Ոչ թե՝ սույն կամ նման բազմաթիվ գրառումները, այլ՝ մի շատ էական խնդիր. որտեղի՞ց են քաղվում այդ եւ բազմաթիվ այլ ՙէքսկլյուզիվ՚ տեղեկությունները։ Մի գրառում կարող ես հերքել, երկրորդը՝ նույնպես, դրանից բան չի փոխվում։ Իրավիճակը մասնագիտական խորքային ուսումնասիրություն է պահանջում, վերլուծություն եւ գրագետ հակազդեցություն։
Շուշիի մոտ ՙնռնականետումից՚ օրեր անց Արցախի ՄԻՊ-ը նրա հարազատների խնդրանքով դիմեց հանրությանը եւ հորդորեց չտարածել անձնական տեղեկություններ։ Ուշացած միջամտություն է, դա պետք է արվեր առաջին օրը, նույն ժամերին, երբ ֆեյսբուքը հեղեղված էր լուսանկարներով, փառաբանող գրառումներով։ Պետք է անեին պատկան մարմինները։ Նույնիսկ եթե դրա համար հարկ էր արգելափակել ֆեյսբուքը, մյուս սոցիալական ցանցերը, տելեգրամ ալիքները։ Ցնորամտությունը ոչ մի կապ չունի հայրենիքի, ազգին նվիրվածության, նույնիսկ՝ վրիժառության հետ։ Վրիժառությունը ՙմատուցվում է սառը՚։ Վայրկենական զայրույթը վրիժառություն չէ։ Աշխարհի հզոր պետությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի մրցակից, հակառակորդ կողմից թաքցնեն իրենց իրական մտադրությունները։ Ֆեյսբուքը, սոցիալական մյուս ցանցերը, բջջային հեռախոսակապը, սմարթֆոնները՝ իրենց բոլոր հավելվածներով, որ մենք հաճույքով, շատերը՝ հպարտությամբ, օգտագործում ենք, տեղեկատվական պատերազմի եւ հետախուզության ու հակահետախուզության միջոցներ են։
Այս տողերը գրում եմ համակարգչով, եւ ում որ պետք է՝ ինձ կարող է տեսնել ոչ այնքան հզոր իմ նոութբուքի տեսախցիկից։ Մենք օրվա բոլոր ժամերին դիտարկման տակ ենք, բջջային կապի մեր կոդերը ոչ մեկի համար գաղտնիք չեն։ Սա նախանցյալ դարը չէ, որ Թուրքիայի մասին հետախուզական տվյալներ ունենալու համար ցարական իշխանությունը պետական գաղտնի խորհրդական Պուշկինին գործուղի Կովկաս, հետո տպագրվի ՙՃանապարհորդություն դեպի Էրզրում՚-ը։ Իբր թե՝ ՙռոմանտիկ բանաստեղծ է, ռուսական զենքի հաղթանակներից ոգեւորված՝ թողել է մայրաքաղաքային շքեղությունները եւ Պետերբուրգից հասել Էրզրում, նյութեր քաղել, որ գեղարվեստական գործ ստեղծի՚։- Միամիտների համար է հորինված։ Բոլոր ճանապարհորդները հետախուզական աշխատանք են կատարել։
Փոխվել են ժամանակները, փոխվել են նաեւ միջոցները։ Ճամփորդությունից հաշվետվությունը բանակի ԳՇ-ին ներկայացնելու համար Պուշկինից ամիսներ են պահանջվել։ Նույնն այսօր արվում է արբանյակային կապի միջոցներով՝ վայրկենապես։ Անում է լրագրողը, եւ դա աշխարհին հայտնի է վաղուց։ Մե՛նք ենք մնացել ՙմիջնադարում՚։ Միայն մենք կարող էինք միամտանալ եւ Խոջալուն գրոհող ջոկատների հետ այնտեղ թողնել սանկտպետերբուրգցի Վիկտորյա Իվլեւային, որի լուսանկարները մի քանի տարի հետո ՙզարդարեցին՚ Լիտվայու՞մ, թե՞ Լատվիայում թշնամական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված եւ Բաքու տեղափոխված՝ Տատյանա Չալաձեի ՙԴատապարտված Խոջալու՚ գիրքը, որի տպաքանակի առյուծի բաժինն իրացվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի հարավի հայաշատ քաղաքներում։ Ահա այսպես։
Երբ ՙԴրուժբա նարոդով՚ ամսագիրը տպագրեց Աքրամ Այլիսլիի ՙՔարե երազներ՚ վեպը, եւ Բաքվում նրան դավաճան հայտարարեցին, մոսկովյան մամուլը հարցազրույց էր կազմակերպել հեղինակի հետ։ Տպավորվել է նրա մի պատասխանը, թե գրել է, որպեսզի գոնե մի ՙհայի մեջ սպանի ադրբեջանցիների նկատմամբ թշնամանքը՚։-Տեսնու՞մ եք։ Նպատակը ոչ թե մի ադրբեջանցու մեջ հայատյացությունը, այլ հայի մեջ ադրբեջանցու նկատմամբ թշնամանքը մեռցնել է։ Այսինքն՝ ՙես ինձ դրեցի զոհասեղանին, որպեսզի իմ երկրին օգտակար լինեմ՚։-Այսօր չէ, վաղը, երբ Այլիսլին արդեն այն աշխարհում կլինի, Բաքուն ՙՔարե երազները՚ դրոշ է դարձնելու, տարփողելու է աշխարհով մեկ, ներկայացնելու է Նոբելյան մրցանակի։ Ինչպես որ, առհասարակ, հայատյաց Թուրքիան է հպարտանում Օրհան Փամուկով, անգամ՝ Թաներ Աքչամով, որ զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ եւ պաշտոնապես համարվում է ՙայլախոհ-վտարանդի՚։ Մե՛ծ սուտ։
ՙՎտարանդիների՚ մի բանակ էլ Իլհամ Ալիեւն է ստեղծել Եվրոպայում։ Բոլորն անխտիր աշխատում են Ադրբեջանի համար, նրա օգտին։ Երբ եվրոպական որեւէ ատյանում հասունանում է, օրինակ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի քննարկում, այդ ՙքաղաքական վտարանդիներն՚ անկնթարթորեն օրակարգ են բերում Ալիեւի ռեժիմից քաղհալածյալների թեման, առաջ են մղում, ստեղծում այլընտրանք, եւ եվրոպական խորհրդարանականները գերադասում են հրապարակայնացնել Բաքվի բանտերում խղճի կալանավորների հարցը։ Այսպես են գործում ՙվաչկատուն ցեղերը՚։
Իսկ մենք հինգհազարամյա քաղաքակրթության ժողովուրդ ենք։ Մեր ատելությունը, վրիժառությունը մի հասցե ունի՝ ՙներքին թուրք՚։ Եւ ֆեյսբուքյան ցնորամտությունը, թե ՙհայի տականքն անգերազանցելի է՚՝ ծավալվում, տարածվում, ամրապնդվում է մեր գիտակցության մեջ։ Եւ ոչ ոքի մտքով չի անցնում, որ այդ ՙներքին թուրք՚ բնորոշումը հենց հավաքական թուրքի ստեղծածն ու մեր մեջ ներդրածն է։ Եւ՝ որ բացբերան պոռոտախոսությունը միայն թուրքի համար է աշխատում։