[ARM]     [RUS]     [ENG]

Քրդական հարցը՝ թուրք-ամերիկյան փորձաքար․ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափը կվերագործարկվի՞

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Sputnik-Turkia-ն հղում է արել Ռուսաստանի ռազմաարտահանման ընկերության գլխավոր տնօրեն Միխեեւին, որը տեղեկացրել է, որ ռուսական կողմը ձեռնամուխ է եղել C-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի ՙորոշ դետալների արտադրության տեխնոլոգիաներ՚ Թուրքիային մատակարարմանը։ Խոսքն ի՞նչ դետալների եւ տեխնոլոգիաների մասին է՝ որեւէ մանրամասնություն հայտնի չէ։ Լրատվամիջոցը միայն տեղեկացնում է, որ որոշ տեխնոլոգիաների մատակարարումը սահմանված է C-400-ի առքուվաճառքի ռուս-թուրքական ՙհիմնական պայմանագրով՚։-Գործարքը շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերին Թուրքիայի կողմից ցուցաբերվող օժանդակության շուրջ ռուս-թուրքական տարաձայնությունների խորացման համատեքստում։

Թուրքական մամուլը միաժամանակ սրված ուշադրություն է դրսեւորում երկրի ֆինանսատնտեսական իրավիճակի նկատմամբ։ Անցյալ շաբաթ թուրքական լիրան արժեզրկվել է եւս երեք տոկոսով։ Շաբաթավերջին ԱՄՆ մեկ դոլարն արժեր արդեն 10,97 լիրա, եւ դա վերջը չէ, ինչպես կանխատեսում են բանկային ոլորտի մասնագետները։ Կառավարությունը կոշտ քայլերի է դիմել․ ԱՄՆ հարյուր դոլարի բանկային գործարք իրականացնող ֆիզիկական անձինք պարտավոր են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
Ֆինանսատնտեսական իրավիճակի կապակցությամբ Էրդողանի հասցեին սուր քննադատություն է հնչեցրել Ժողովրդահանրապետական (քեմալական) ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուն։ Նա հանրայնացրել է, որ Թուրքիայի կենտրոնական բանկը սպառել է բոլոր պահուստները եւ հարցադրել, թե ՙու՞ր է անհետացել Թուրքիայի 128 միլիարդ դոլարի ոսկե պահուստը՝ պետք է պարզել՚։- Քըլըչդարօղլուն հանդիպել է ՙԼավ կուսակցության՚ ընդդիմադիր առաջնորդ Մերալ Աքշեների հետ, որից հետո հայտարարել է, որ ՙպետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ՚։
Էրդողանին ՙսպառված՚ է անվանել նրա նախկին թիմակից, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը։ Թուրքիայում չեն դադարում քննարկել ՙԷրդողանի դարաշրջանի ավարտի՚ թեման։ Ոմանք այդ հավանականությունը կապում են գործող նախագահի առողջական վիճակի վատթարացման, իշխող կուսակցության շարքերում ՙփոխարինողի՚ փնտրտուքի հետ, ավելի խորքային դիտարկումներով կասկած է հայտնվում, որ ԱՄՆ-ն ՙմիավորել է երեք նախկին գործիչների՝ նախագահ Գյուլին, արտգործնախարարներ Դավութօղլուին եւ Բաբաջանին, նրանք էլ եկող տարվա ընտրություններում կլինեն Էրդողանի եւ նրա գլխավորած կուսակցության հիմնական մրցակիցը՚։
Այս տեսակետին որոշակի հավաստիություն է տալիս երկու փաստ։ Իր գոյության պատմության մեջ առաջին անգամ Եվրախորհրդարանում ՙԹուրքական տրիբունալ՚ է ստեղծվել, որը քննարկում է Թուրքիայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակը։ Գրեթե ունիսոն՝ ամերիկյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ ՙթունավորվել է Փենսիլվանիայում որպես քաղաքական վտարանդի բնակվող Ֆեթհուլլա Գյուլենը՚։- Նա Էրդողանի անձնական թշնամին է։ 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձից ի վեր Էրդողանը Միացյալ Նահանգներից պահանջում է Գյուլենի արտահանձնումը։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում սառնության էական պատճառներից մեկն էլ Գյուլենի արտահանձնման մերժումն է։
Երկրորդ ազդանշանը, որ Արեւմուտքի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունը խորն է, տվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։ Նա խստագույն քննադատության է ենթարկել Էրդողանին՝ հայտարարելով, որ Թուրքիայում մարդու իրավունքները չեն հարգվում, նախագահը ՙմիջամտում է դատարանների գործունեությանը, կարգադրում է մեղադրական վճիռներ կայացնել քաղաքական մրցակիցների դեմ, նույնիսկ բեկանում է ընտրությունները եւ նոր ընտրություններ նշանակում՚։- Քաղաքական դիտորդներն արձանագրում են, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ 70 տարիներին, չնայած նախկինում էլ տարաձայնություններ եղել են, ալյանսի ոչ մի ղեկավար պաշտոնական-հրապարակային ելույթում Անկարայի իշխանության հասցեին երբեք նման քննադատություն չի հնչեցրել։
Ամերիկյան որոշ նախկին դիվանագետներ խիստ անհանգստացած են Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների սառը հարաբերություններից։ Նրանք, ինչպես թուրքական Jumhurit-ն է տեղեկացնում, խորհրդապահական վերլուծություն են հասցեագրել պետական դեպարտամենտին եւ Բայդենի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի գրասենյակին՝ զգուշացնելով, որ ՙառանց Թուրքիայի Սիրիայում չի կարող կայուն եւ տեւական կարգավորում լինել, պետք է պարտադիր հաշվի առնվի Թուրքիայի անվտանգության ապահովումը՚։
Որքանո՞վ է հավաստի թուրքական լրատվամիջոցի այս ՙտեղեկությունը՚՝ հայտնի չէ։ Փաստ է, որ Էրդողանը Միացյալ Նահանգներից ակնկալում է ռազմաքաղաքական կապերի խզում Սիրիայի հյուսիս-արեւելքի քրդական ինքնակառավարվող շրջանի հետ, բայց առայժմ հստակ չէ, թե Վաշինգտոնն ինչ է արել կամ նախապատրաստվում անել։ Ակնհայտ է, եւ դա հնչեցվել է ԱԳ նախարարի մակարդակով, որ Ռուսաստանը դեմ է Սիրիայում ամերիկյան հովանու ներքո ինքնավար Քրդստանի ստեղծմանը։ Նախանշաններ կան, որ Սիրիայի հարցում ՙԱստանայի ձեւաչափը՚՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա, կարող է վերագործարկվել։