[ARM]     [RUS]     [ENG]

Իրանը կգայթակղվի՞

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Անցած շաբաթավերջին Բաքվում Իրանի դեսպանը Twitter-ում գրառում էր արել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպման մասին, որի ընթացքում ՙքննարկվել են մի շարք համատեղ ծրագրեր՚։- Հաջորդ օրն Իրանի Irna պետական գործակալությունը ծանուցել է, որ Բաքվում գումարվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների հանձնախմբի աշխատանքային նիստ։ Ադրբեջանը ներկայացրել է փոխվարչապետ Մուստաֆաեւը, Իրանը՝ այդ երկրի ճանապարհների եւ քաղաքների զարգացման նախարարը։

Կարելի է, այսպիսով, վստահության բավարար չափաբաժնով եզրակացնել, որ Իրանը եւ Ադրբեջանը քննարկում են նաեւ տրանսպորտային հաղորդակցության ծրագրեր։ Ինչի՞ մասին կարող է խոսք լինել։ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ավտոտրանսպորտային հաղորդակցության հարցն, ըստ էության, կարգավորված է։ Անցյալ տարի Դաղստանի սահմանին նոր կամուրջ է շահագործման հանձնվել, որը երաշխավորում է ծանրաքարշ բեռնատարների անարգել երթևեկությունը։ Ռուս-ադրբեջանա-իրանական եւս մի՝ երկաթուղային ուղղակի հաղորդակցության, նախագիծը ծրագրված է վաղուց։ Ադրբեջանական հատվածում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները պատրաստ են գործարկման։ Մնում է, որ Իրանում ավարտին հասնի Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը, եւ ՙՀյուսիս-հարավ՚ երկաթուղային ՙզարկերակը՚ կսկսի գործել։
Իրան-Ադրբեջան տրանսպորտային նոր նախագծերի քննարկումներն, ամենայն հավանականությամբ, վերաբերում են այսպես կոչված ՙՆախիջեւանի միջանցքին՚ կամ արաքսամերձ հատվածում նոր ավտոճանապարհի կառուցմանը։ Հետաքրքրական է, որ Իրան-Ադրբեջան վերջին քննարկումները, որոնց էության մասին կողմերից ոչ մեկը ոչինչ չի մանրամասնում, ընթանում են Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւի մակարդակում։ Վերջինս ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է։ Այդ ձեւաչափում, դա այլեւս գաղտնիք չէ, քննարկվում են հաղորդուղիների գործարկման եւ նորերի ստեղծման նախագծեր։
Իրան-Ադրբեջան քննարկումները հաջորդում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Թեհրան այցին, նախապատրաստվում է Թուրքիայի եւ Իրանի նախագահների հանդիպում, որը տեղի կունենա դարձյալ Թեհրանում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլահիանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ՙլարվածության փուլը մնացել է անցյալում՚։- Ի՞նչ սկզբունքային համաձայնության կարող են գալ կողմերը։ Իրանը չունի, բայց ակնկալում է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջողության դեպքում կունենա ֆինանսական ազատ միջոցներ, եթե Միացյալ Նահանգներն ապասառեցնեն բանկային հաշիվները, որ պատժամիջոցների տակ են։
Չնայած արվող հայտարարություններին, քառասունչորսօրյա պատերազմից հետո իր հսկողության տակ անցած տարածքների էական ռեաբիլիտացիայի համար լուրջ ֆինանսներ չունի նաեւ Ադրբեջանը։ Թուրքիայում նույնպես տնտեսական վիճակը բարվոք չէ, երկիրն ինքը ներդրումների մեծ կարիք ունի։ Այս համապատկերին, հնարավոր է, Ադրբեջանն Իրանին առաջարկի արաքսամերձ տարածքներում ներդրումների ծրագիր՝ ներառյալ ենթակառուցվածքները։ Դա որոշակիորեն կհանի նաեւ իր թիկունքում ՙսիոնիստական ռեժիմի՚ վտանգից Իրանի անհանգստությունը։
Թեւ այս փուլում շատ հիպոթետիկ թվացող, բայց անհավանական չէ, որ Ադրբեջանն Իրանին ՙտրանսպորտային միջանցք՚ առաջարկի նաեւ երկրորդ երթուղով։ Մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկություններ եւ նույնիսկ լուսանկարներ են տարածվում, որոնց հեղինակները կամ վերատարածողները պնդում են, որ Ադրբեջանը Սեւ լճից Լաչին (Քաշաթաղ) ՙմայրուղային ավտոճանապարհ է կառուցում՚։ - Վրաստանը դեպի Ռուսաստան ավտոտրանսպորտային նոր մայրուղի է նախագծել, որը կհատվի վրաց-ադրբեջանական սահմանային ՙԿարմիր կամուրջ՚ անցակետին։ Սյունիքով Իրանը կարող է մտնել Լաչին-Քելբաջար (Շահումյանի շրջան) -Գյանջա՝ Ադրբեջանի կողմից արդեն անոնսավորված երթուղի, ապա ՙԿարմիր կամրջի՚ անցակետից միանալ Վրաստան-Ռուսաստան՝ Լարսի լեռնանցքը շրջանցող մայրուղուն։
Սա, կրկնենք, ներկա իրավիճակում հիպոթետիկ է թվում, բայց նման հավանականությունը լիովին բացառելի չէ։ Ադրբեջանի համար Հայաստանի ռազմա-քաղաքական, տնտեսական եւ կոմունիկացիոն մեկուսացումը, հայկական նախագծումների խափանումը միշտ գերնպատակ է եղել, նոր իրավիճակում, երբ դրան հասնելու հնարավորություններն ավելի են մեծացել, Բաքուն, բնականաբար, որեւէ ձեւով Իրանին գայթակղելու եւ ՙՊարսից ծոց-Սեւ ծով՚ տրանսպորտային նախագիծը տապալելու կամ առնվազն դրան այլընտրանք առաջարկելու առիթը բաց չի թողնի։