Logo
Print this page

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ

Ընդունված է Միջին կամ Կենտրոնական Ասիա համարել այն տարածքը, որն ընկած է արևմուտքում Կասպից ծովից մինչև Չինաստանի սահմանները՝ արևելքում, որտեղ գտնվում է հինգ երկիր՝ Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը, որոնք անկախություն են ստացել 1991 թվականին ԽՍՀՄ-ի տրոհումից հետո։ 
Մինչ օրս Կենտրոնական Ասիան ամբողջությամբ հանդիսանում է Ռուսաստանի ազդեցության ոլորտ, թեև իրադրությունը փոխվում է, և այսօր Մեծ խաղի հերթական խաղափուլի շրջանակներում այդ տարածաշրջանի համար պայքարում են աշխարհաքաղաքական ասպարեզի  բոլոր հիմնական ակտորները՝ Արևմուտքը ի դեմս ԱՄՆ-ի, Չինաստանը, Հնդկաստանը, ինչպես նաև ուժի տարածաշրջանային կենտրոնները՝ Թուրքիան և Իրանը։
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ։ Ծավալվող Մեծ խաղում կարևոր դեր է պատկանում Ղազախստանին, որի ռուսաստանյան կողմնորոշումը ծայրաստիճան կարևոր է Ռուսաստանի համար։ Որպես գործոններից մեկը կարելի է հիշատակել այն հանգամանքը, որ ռուսաստանա-ղազախստանական սահմանի երկարությունը, որի սարքավորումն ավելի քան պայմանական է հանդիսանում, 7 հազ. կիլոմետրից անցնում է։  Ղազախստանի վերակողմնորոշվելը դեպի ուրիշ աշխարհաքաղաքական ակտորներ ավելի քան լուրջ հիմնախնդիրներ կստեղծի և այս ուղղությունում Ռուսաստանի  անվտանգության ամբողջ համակարգի վերանայում կպահանջի։ 
Ռուսաստանն ավանդաբար ուժեղ կապեր ունի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և քաղաքական, ռազմական վերնախավի այլ ներկայացուցիչների հետ։ Ղազախստանի բնակչության համարյա 25%-ը կազմում են ռուսները, որոնք ապրում են Ղազախստանի հյուսիսում։ Ռուսերենը պաշտոնական պետական լեզու է հանդիսանում Ղազախստանում, և բնակչության մինչև 20-30%-ը ուղղափառներ են։
Ղազախստանը Հավաքական  անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։ Ղազախստանի զինված ուժերի սպայական կազմի մեծ մասը էթնիկ ռուսներ են։ Ղազախստանը հանդիսանում է Մաքսատնային դաշինքի և Միասնական տնտեսական  տարածության անդամ, և հենց Ղազախստանն է հանդես եկել առավել սերտ ներմիասնացման և Եվրասիական  միության ստեղծման նախաձեռնությամբ։
Չնայած տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում Ռուսաստանի հետ սերտ ներմիասնացմանը, Ղազախստանը կարողացել է դիվերսիֆիկացնել տնտեսական գործընկերներին։ Ղազախստանի տնտեսությունում մեծ դեր է պատկանում  թուրքական և չինական կապիտալին։ Դա երկրին թույլ է տալիս խուսափել Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումից և հավասարակշռված ու ճշգրտված արտաքին քաղաքականություն վարել։ Ղազախստանի գլխավոր հիմնախնդիրը կարելի է համարել քաղաքական ասպարեզից Նազարբաևի անխուսափելի հեռանալը, ինչը կարող է ուղեկցվել իշխանության համար պայքարով՝ զուգակցված անորոշությամբ ու անկայունությամբ, այդ թվում և արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտում։ Այսպիսով, ղազախստանյան ուղղությունում ռուսաստանյան  քաղաքականության համար կրիտիկական է հանդիսանում այն հարցը, թե ինչպես աջակցել իշխանության գլուխ այնպիսի քաղաքական գործչի կանգնելուն, որը կշարունակի Նազարբաևի սկսածը։
ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ։ Այս պետության տեղակայվածությունը Ֆերգանայի հովտի կենտրոնում նրան դարձնում է բնական տարածաշրջանային լիդեր։ Թեև Ռուսաստանը կապեր ունի Ուզբեկստանի զինվորական ու տարածշրջանային վերնախավի հետ, նրա հարաբերությունները Ուզբեկստանի անկախորեն տրամադրված նախագահ Իսլամ Կարիմովի հետ բավականին լարված են։ Վերջերս ՀԱՊԿ-ից Ուզբեկստանի դուրս գալը հաստատում է Կարիմովի ընդունակությունը՝ վարել ինքնուրույն և Ռուսաստանի համար անսպասելի քաղաքականություն։ Ուզբեկստանի կրոնական և էթնիկական կազմը, երբ բնակչության միայն 5%-ն են հանդիսանում ռուսներ, Ռուսաստանին զրկում է նրա վարած քաղաքականության վրա ճնշման սոցիալ-տնտեսական լծակներից։ Այնուամենայնիվ, ուզբեկական ամբողջ արտահանության համարյա 20%-ը, ներառյալ բնական գազի 75%-ը, գնում է Ռուսաստան, և Ուզբեկստանը կախված է ռուսաստանյան ներմուծումից։ Ռուսաստանում աշխատող ուզբեկների դրամական փոխանցումները կազմել են համարյա 3 մլրդ ԱՄՆ դոլար։
Մեծաթիվ բնակչությունը և էներգապաշարների առկայությունն Ուզբեկստանին թույլ են տալիս ունենալ իր տեսակետը տարածաշրջանի, տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների լուծման վերաբերյալ, թեպետև  նա անբավարար չափով է ուժեղ, որպեսզի միայնակ, առանց ուժի աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների սատարման մարտահրավեր նետել Ռուսաստանին։ Բացի այդ, ինչպես և Ղազախստանում, սրությամբ է ծառացած իշխանության ժառանգականության և փոխանցման հիմնախնդիրը։ Իսլամ Կարիմովի անխուսափելի հեռանալը և հաջորդիվ պայքարը իշխանության համար կարող են երկիրը դարձնել ծայրաստիճան խոցելի։
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ։ Թուրքմենստանի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է Ռուսաստանի անվտանգության համակարգի կարևոր տարր։ Թուրքմենստանը Ռուսաստանը անջրպետում է Իրանից և Աֆղանստանում ու Պակիստանում տիրող անկայունությունից։ Թուրքմենստանն ունի հարուստ բնական պաշարներ, այդ թվում բնական գազ և նավթ, և, սահման ունենալով Ուզբեկստանի հետ, Աֆղանստանից Ռուսաստան եկող նարկոտրաֆիկի մաս է հանդիսանում։ Ռուսաստանը թուրքմենական վերնախավի վրա ներգործության բավականին քիչ լծակներ ունի, և նա անհաջողություն կրեց, երբ փորձեց շրջափակել  թուրքմենական էներգապաշարների  մատակարարումը միջազգային շուկաներին։ Թուրքմենստանը կարողացավ լուծել այդ հիմնախնդիրը և մեծացրեց էներգակիրների արտահանությունը Չինաստան և Իրան։ Ռուսաստանի կողմից ստեղծված էներգետիկական շրջափակումը ճեղքելու  և թուքմենական արտահանությունը դիվերսիֆիկացնելու հնարավորություն տված առավել նշանակալի  լուծումը դարձավ դեպի Չինաստան ձգվող Կենտրոնասիական գազամուղը։ Այսօր Թուրքմենստանը լիովին պրագմատիկ կերպով է էներգապաշարներն օգտագործում որպես մի գործիք, որը նրան թույլ է տալիս հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի և Չինաստանի միջև։
Թուրքմենստանի լուրջ հիմնախնդիրն է հանդիսանում բնակչության կենտրոնացվածությունը երկու առավել խոշոր և ուժեղ պետությունների՝ Ուզբեկստանի ու Իրանի հետ սահմաններում։ Այդպիսի փոխդասավորության խնդիրը հաղթահարելու համար Թուրքմենստանն ընդունել է բավականին պրագմատիկ որոշում՝ մեկուսանալ՝ սահմանափակելով կապերն արտաքին աշխարհի հետ։ Թուրքմենստանը նախապատվություն է տալիս չեզոքության քաղաքականությանը և Ռուսաստանը գնահատում, մի կողմից, որպես անվտանգության ու այդպիսի քաղաքականություն վարելու հնարավորության երաշխավոր, մյուս կողմից՝ որպես ներուժային սպառնալիք։
ՂԸՐՂԸԶՍՏԱՆԸ։ Նա հարավում Ռուսաստանն անջրպետում է Չինաստանից ու Աֆղանստանից, և նրա տարածքով է անցնում Աֆղանստանից Ռուսաստան նարկոտրաֆիկի մի մասը։ Նրա տեղադրվածությունը Ֆերգանայի հովտի լեռնապատ մասում թույլ է տալիս վերահսկողության տակ պահել Ուզբեկստանը։ Ղըրղըզստանը ՀԱՊԿ¬ի անդամ է հանդիսանում։ 2009 թ. հուլիսին Ղըրղըզստանը Ռուսաստանին թույլատրել է ևս մեկ ռազմակայան կառուցել Ուզբեկստանի հետ սահմանից ոչ հեռու՝ Օշում։ 2012 թվականին և հետագայում Ռուսաստանի նպատակներից մեկն է իր ռազմական ներկայության ամրապնդումն այդ երկրում, մասնավորապես՝ հարավում։ Մոսկվան նաև ուզում է պաշտոնապես օրինականացնել Ղըրղըզստանի անդամակցությունը Մաքսատնային դաշինքին և երկիրը նախապատրաստել  Եվրասիական միության մասնակցելուն։  
ՏԱՋԻԿՍՏԱՆԸ։ Այս պետությունը Ռուսաստանի համար ծառայում է որպես ՙթափարգել՚ (ՙբուֆեր՚) հարավում՝ Պամիրի լեռներում, նրան անջրպետելով Չինաստանից ու հարավասիական պետություններից։ Աշխարհագրական դիրքն ու Աֆղանստանի հետ սահմանակցությունը հանգեցնում է այն բանին, որ Տաջիկստանով են անցնում դեպի Ռուսաստան նարկոտրաֆիկի հիմնական երթուղիները։ Ռուսաստանը ջանում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Տաջիկստանում, սակայն մինչ այժմ չի կարողացել վերսկսել ՙԱյնի՚ օդուժային ռազմակայանի օգտագործումը և իրեն վերադարձնել տաջիկա¬աֆղանական սահմանի պարեկումը։ Մոսկվան կցանկանար Տաջիկստանը տեսնել Մաքսատնային դաշինքին և, ի վերջո, Եվրասիական միությանը  միացած։
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ԵՎ ՄԵԾ ԽԱՂԸ։ Վերջին 10-15 տարվա ընթացքում ԱՄՆ¬ն ակտիվ գործունեություն է ծավալել Միջին Ասիայում։ Միայն Տաջիկստանում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ամեն տարի անցկացնում է 50-ից մինչև 60 ռազմական ծրագիր ու միջոցառում, իսկ 2011 թ. անցկացվել է ավելի քան 70-ը։ ԱՄՆ ռազմական բյուջեի կրճատման ֆոնի վրա 2012 թվականին Միջին Ասիայում ծրագրերի ֆինանսավորումը մեծացվել է ավելի քան 70 %¬ով։ Թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ Պենտագոնի ծրագիրն ստացել է 109,5 մլն դոլար։ Արդի փուլում Կենտրոնական Ասիայում ԱՄՆ¬ի և Արևմուտքի ռազմավարական նպատակն է՝ ամրապնդել իրենց ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում, այն դարձնել ռազմահենադաշտ իրենց հզորությունը Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և ամբողջ եվրասիական մայր ցամաքի վրա ուղղելու համար։
Մասնավորապես, Կենտրոնական Ասիան առաջին անգամ ներկայացվել է ՆԱՏՕ¬ի գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել ս.թ. մայիսի 20-21-ին Չիկագոյում։ Այնտեղ էին հրավիրվել երկրների նախագահները, սակայն գագաթնաժողովին մասնակցել են արտաքին գործերի նախարարները։ Արևմուտքը մտադիր է ստանալ Կենտրոնական Ասիայի  պետությունների համաձայնությունը նոր ռազմական օբյեկտների ստեղծման հարցերում, որոնք նրան անհրաժեշտ են Աֆղանստանից դուրս բերվող զինվորական ստորաբաժանումներն ու ռազմական  սարքավորումները տեղաբաշխելու և իր ներկայությունն ուժեղացնելու համար։
Տարածաշրջանում իր ներկայությունն ուժեղացնելու՝ Արևմուտքի մտադրությունը կարող է ըմբռնում գտնել երկրների ղեկավարների մոտ։ ՙՀասկանալի է, որ նրանք բոլորն առանց բացառության ՆԱՏՕ¬ն լրացուցիչ խաղացող են դիտելու հենց ուժերի հավասարակշռության համար։ Տարածաշրջանի երկրների մեծ մասը ՀԱՊԿ¬ի և Համագործակցության Շանհայի կազմակերպության անդամներ են հանդիսանում, բայց ռուսաստանյան և չինական ազդեցության ուժեղացումն ամենալուրջ կերպով է անհանգստացնում նրանց։ Այդ պատճառով ՆԱՏՕ¬ի ուժեղացումը տարածաշրջանում կարող է հավասարակշռել ազդեցության վեկտորները, և չարժե մոռանալ, որ դա ավանդական շահաբաժիններ է խոստանում տեղական վերնախավերին, որոնցից նրանք, որպես կանոն, չեն հրաժարվում՚,¬ գտնում է  ղազախստանցի քաղաքագետ Դոսիմ Սատպաևը։
Ռուսաստանն, իր կողմից, նույնպես կանգնած է ընտրանքի առաջ։ Նա կարող է հավատարիմ մնալ ներկայիս քաղաքականությանն ու դիվանագիտությանը, որը կարելի է անվանել իներցիոն և պասիվ՝ հենված խորհրդային ժառանգության վրա։ Այդ դեպքում Մոսկվան ամենամոտ ժամանակներս կկանգնի Կենտրոնական Ասիայում իր ազդեցության կորստի փաստի  առաջ, ինչպես որ դա տեղի է ունենում արաբական երկրներում։ Այն ժամանակ Ռուսաստանը պետք է հրաժարվի սեփական աշխարհաքաղաքական նախագիծն իրացնելու մտադրություններից՝ խաչ քաշելով Եվրասիական միության գաղափարի վրա և հրաժեշտ տա աշխարհաքաղաքական պատվախնդրություններին։ Մյուս կողմից, Ռուսաստանը կարող է, ի վերջո, կենտրոնական ուղղությունում հստակ ռազմավարություն մշակել, որի տարր պետք է դառնա Արևմուտքի ազդեցության սահմանափակումը տարածաշրջանում։  Այդ ռազմավարության իրացման գործում Ռուսաստանը կարող է ապավինել Իրանի և Չինաստանի սատարմանը, որոնք նրա բնական  դաշնակիցներն են հանդիսանում տարածաշրջանի համար մղվող պայքարում։
 
 Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.