[ARM]     [RUS]     [ENG]

Մինսկի խմբի աշխատանքների դադարեցումն Ադրբեջանի իրավասության ներքո չէ․ Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձևավորված Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների դադարեցումը կամ եռանախագահության ինստիտուտի վերացումը Ադրբեջանի իրավասության ներքո չի գտնվում, առավել ևս, որ այնտեղ ներկայացված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք հանդիսանում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքուն «կշարունակի խափանել դրանով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»

-Ադրբեջանի իշխանությունները միշտ էլ տարբեր խոչընդոտներ են ստեղծել Մինսկի խմբի նախագահության աշխատանքների համար: 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմից հետո նրանց դիրքորոշումը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նկատմամբ է դարձել ակնհայտորեն շատ ավելի կարծր և անհանդուրժողական:  Միևնույն ժամանակ, իհարկե, Ադրբեջանը կարող է խոչընդոտել նրանց աշխատանքը տարբեր կապրիզների, շանտաժի և այլ ձևերով: Տվյալ դեպքում, համապատասխան վերաբերմունք պետք է ցուցաբերեն առաջին հերթին Մինսկի եռանախագահության երկրները և իրենց դիրքորոշումը հայտնեն թե Մինսկի խմբի, թե եռանախագահության աշխատանքի և ապագայի մասին,-նշեց արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Մինսկի խմբի եռանախագահությունը չի սպառել իրեն և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարմար հարթակ է հանդիսանում:

Էլեն Սարադյան