Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

"Բոլոր ձվերը՝ մի զամբյուղու՞մ"

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հունվարի 11-ին տեղի ունեցած խորհրդաժողովը նախապես ծրագրված էր անցկացնել Ալմաթիում՝ առկա ձեւաչափով։ Միջոցառումը, սակայն, կազմակերպվել է հեռավար, ընդ որում՝ Ուզբեկստանի արտգործնախարարության մոդերատորությամբ։ Արարողակարգային այս նրբությունը զգալիորեն նվազեցնում է ՙթուրքական դեմարշի՚ կարեւորությունը։ Խորհրդաժողովի արդյունքով տարածված Հայտարարությունն էլ, որ տեղադրվել է Ուզբեկստանի ԱԳՆ պաշտոնական կայքում, առանձնակի շեշտադրումներ չի պարունակում։ Այդուհանդերձ, փաստաթղթում ոչ մի խոսք չկա Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղարար առաքելության մասին։ Իրավիճակը դիտարկված է որպես ՙթուրքական ընդհանուր տան անդամներից մեկին բաժին ընկած դժվարությունն, որը պետք է հաղթահարվի միասնաբար՚։

Նույն օրը ղազախստանյան դեպքերին անդրադարձել է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն եւ չափազանց ենթատեքստային դիտարկում արել։ Ըստ այդմ, Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի օպերատիվ տեղաբաշխմանն օգնել է ոչ միայն ուսումնա-վարժական մարզանքների, այլեւ ՙՍիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված փորձը՚։ -Ըստ երեւույթին, Շոյգուի ուղերձի հասցեատերը Թուրքիան է, որտեղ, ամենայն հավանականությամբ, շատ կուզենային առնվազն հատուկ նշանակության մի ջոկատ ունենալ Ալմաթիում։ Հասկացրե՞լ է Շոյգուն, որ ԼՂ-ում խաղաղապահ առաքելությանը Թուրքիան այլեւս չի միանա՝ մնում է ենթադրել։ Հակառակ պարագայում ՌԴ պաշտպանության նախարարը չէր հղի ԼՂ-ում ձեռք բերված փորձի օգտակարությանը։ Բայց դա կարող է վերածվել հավելյալ մարտահրավերի առնվազն դիվանագիտական հարթակներում։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նույն օրը փակ հանդիպում է ունեցել հայ-թուրքական երկխոսության հատուկ բանագնացի հետ։ Արարողակարգի առումով խաղաղ բանակցություններում որեւէ երկրի ներկայացուցիչը դիվանագիտական ՙհուշաթերթիկ՚ ստանում է ԱԳՆ-ից, կառավարությունից կամ անձամբ պետության առաջնորդից։ Հայ-թուրքական երկխոսության հավանական մեկնարկից առաջ ինչո՞ւ է զգացվել բանագնացին ռազմական գերատեսչությունում ՙմշակելու՚ անհրաժեշտություն։ Կարելի է հասկանալ, որ թուրքական կողմը շեշտը դնելու է ռազմական բաղադրիչի վրա։ Նույն օրը Հայաստանի արեւելյան սահմանին տեղի է ունեցել ադրբեջանական սադրանք, որի ընթացքում թշնամին կիրառել է հրետանի եւ ԱԹՍ-եր։
Դա ուժի ակնհայտ ցուցադրում է։ Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությանը հայկական զորախմբի ներգրավվածությունը թուրքական կողմում գնահատվում է որպես Հայաստանի դիվանագիտական ռեսուրս։ Այդ մասին շատ բաց արտահայտվել է նախկին արտգործնախարար Դավութօղլուն։ Խաղադրույքները չափազանց բարձր են։ Չինաստանը հայտարարել է, որ պաշտպանելու է Ղազախստանում ներդրումները եւ էներգակիրների տարանցման ենթակառուցվածքները։ Թուրքիայում այլեւս բաց խոսում են ՙԹուրանի բանակ՚ ստեղծելու հրամայականի մասին։
Բավական երկիմաստ վիճակի մեջ է Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Դա զգացվում է փորձագիտական հանրության արձագանքներից։ Պուտինի նախագահության դարաշրջանի հիմնական խաղաքարտը ՙՄեծ Եվրասիա՚ նախագիծն է՝ որպես Արեւմուտքի եւ Չինաստանի հետ մրցակցության ռազմա-տնտեսա-քաղաքական եւ նույնիսկ ՙսուվերեն քաղաքակրթության՚ լրջագույն ռեսուրս։ Գործնականում ո՞վ է տիրապետում այդ ռեսուրսին՝ հարցադրում են անում ռուս փորձագետները եւ միանշանակ պատասխան չեն գտնում։ Ղազախստանյան խռովությունը երեւակեց, որ եվրասիականությունը, գուցե, ռուսական նախագծում է, բայց Ռուսաստանը լիովին չի վերահսկում գործընթացները, եթե չասվի, որ մեծ հաշվով դրանք հակառուսական են։
Անկասկած է, որ փորձագիտական դիսկուրսը ներքաղաքական քննարկումների արտացոլումն է։ Ռուսաստանն անցել է պետական դումայի ընտրությունների փորձությունը, բայց առջեւում նախագահի ընտրությունն է։ ԱՄՆ-ի Կոնգրեսն սպառնում է դրանք ոչ լեգիտիմ ճանաչել, եթե Պուտինը եւս մեկ ժամկետով նախագահ ընտրվի։ Դա սին սպառնալիք չէ։ Եվրամիությունն, ի դեպ, Լուկաշենկոյին այլեւս օրինական նախագահ չի ճանաչում։ Դա, իհարկե, Ռուսաստանի ներքին խնդիրն է՝ ում եւ ինչպես է նախագահ ճանաչում։ Բայց մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ նույնիսկ միջուկային տերությունն ապահովագրված չէ ներքին ցնցումների մարտահրավերից։
Ռուսաստանում Պուտինի եւս մեկ ժամկետով պաշտոնավարման կամ իշխանության տրանզիտի հարցը ժամանակի առումով համընկնում է ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի լիազորությունների հնգամյա ժամկետի սպառմանը։ Ղազախստանյան խռովությունը բացահայտեց, որ Ռուսաստանի եւ թուրքական աշխարհի հարաբերությունները ոչ միայն բարեկամական չեն, այլեւ պարունակում են կոնֆրոնտացիայի ՙկրիտիկական չափաբաժին՚։ Գերխնդիր է, որպեսզի Հայաստանի ապագան, ԼՂ խնդիրը չվերածվեն ռուս-թուրքական լիցքաթափման առարկայի։ ՙԲոլոր ձվերը մի զամբյուղում դնելու՚ այլընտրանք, եթե այս պահին չկա էլ, ապա հրամայաբար պետք է գտնվի։