[ARM]     [RUS]     [ENG]

Ռուս-իրանական հարաբերությունները գործընկերային են, բայց՝ ոչ ռազմավարական-դաշնակցային

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մոսկովյան երկօրյա այցից հետո Իրանի նախագահ Ռեիսին Թեհրանի ՙՄեհրաբադ՚ օդանավակայանում լրագրողների համար բավական ընդարձակ մեկնաբանություններ է արել։ Այդ մասին տեղեկացնում է ՙԻռնա՚ պետական լրատվական գործակալությունը։ Իրանի նախագահն իր այցի արդյունքները երկու երկրների հարաբերություններում որակել է ՙշրջադարձային՚։ Ռեիսին խոսել է Ռուսաստան-Իրան տարեկան ապրանքաշրջանառությունը 10 միլիարդ դոլարի հասցնելու պայմանավորվածության մասին, բայց եւ ընդգծել, որ կողմերը կարող են ՙանցնել ազգային արժույթով վճարումների՚։

Նա կարեւոր է համարել Իրանի նավթի նախարարի եւ ռուսական կողմի միջեւ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու մասին համաձայնությունը։ Ռեիսին հատուկ ընդգծել է, որ հաջողվել է փոխըմբռնման հասնել պաշտպանության եւ տիեզերական ծրագրերի ոլորտներում համագործակցության հարցում։ Ի դեպ, ռուսական կողմի տարածած պաշտոնական եւ փորձագիտական արձագանքներում այս վերջին համաձայնության մասին ոչ մի տեղեկատվություն չի տարածվել։ Իրանի նախագահը քաղաքական հարցերից առանձնացրել է Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ կարեւորել, որ ռուս-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը ՙկնպաստի հակամարտությունների կարգավորմանը եւ միջազգային հարաբերությունների բարելավմանը՚։
Ռեիսին հատուկ ընդգծել է Ռուսաստանի հետ ՙՀյուսիս-հարավ՚ տրանսպորտային միջանցքի գործարկմանը, որը ՙկնսպաստի Իրանի հյուսիսային սահմանների երկրների հետ հարաբերությունների ամրապնդմանը՚։ Ուշագրավ է հատկապես ՙԻրանի հյուսիսային սահմանների երկրներ՚ ձեւակերպումը։ Հայտնի է, որ Իրանը եւ Ռուսաստանն արդեն իսկ թեսթավորել են Ադրբեջանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը, բայց եթե Իրանի նախագահն օգտագործել է ՙերկրներ՚՝ հոգնակի, անվանումը, ապա, թերեւս, բացառված չէ, որ Մոսկվայում նա քննարկել է նաեւ Հայաստանի տարածքով դեպի Սեւ ծով, իսկ այնտեղից դեպի Ռուսաստան լաստանավային բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը։ Իրանի նախագահն, այսպիսով, ընդհանուր առմամբ դրական է գնահատել մոսկովյան այցը եւ ամփոփել, որ ՙմոտ ապագայում բոլոր պայմանավորվածությունները խոսքից կվերածվեն գործի՚։
Ռուսաստանի մեդիա-փորձագիտական աղբյուրները, սակայն, Իրանի նախագահի այցը գնահատում են մեծ վերապահումներով։ Ըստ երեւույթին, տեղի է ունեցել արարողակարգային վրիպում։ Մոսկվայում Իրանի նախագահին ընդունել են ոչ այնքան պատշաճ, ընդհուպ՝ որ նախագահ Պուտինը նրան նույնիսկ Կրեմլում չի դիմավորել։ Այդ ՙվրիպմանն՚ Իրանի նախագահը պատասխանել է չափազանց արտառոց ձեւով։ Նա Պուտինի հետ բանակցություններն ընդհատել է եւ հենց Կրեմլում իրիկնային նամազի ծիսակարգ կատարել։ ՙՆեզավիսիմայա գազետա՚-ի խմբագրականը, ընգգծելով հանդերձ, որ Ռեիսին Իրանի նախագահ լինելուց զատ բարձրաստիճան հոգեւորական-աստվածաբան է, այնուամենայնիվ նկատել է տալիս, որ իսլամը ՙթույլ է տալիս անհրաժեշտության դեպքում հետաձգել իրիկնային նամազը եւ համատեղել գիշերայինի հետ՚։
Թե ինչու՞ Իրանի նախագահը չի պահպանել այդ ծիսակարգը՝ մնում է միայն ենթադրել։ ՙՆեզավիսիմայա գազետա՚-ն նաեւ առանձնացրել է Իրանի նախագահի այցը Մոսկվայի ՙմայր՚ մզկիթ, որտեղ նա հանդիպում է ունեցել Ռուսաստանի գլխավոր մուֆթի Գայնիլդունի հետ։ Ռուսաստանի քաղաքական վերնախավում, անշուշտ, կան իսլամական աշխարհի հետ մերձեցման, նույնիսկ ռազմա-քաղաքական դաշնակցության կողմնակիցներ, բայց, երեւում է, կան նաեւ թերահավատներ։ ՙՆեզավիսիմայա գազետա՚-ի խմբագրականը մտահոգության վկայություն է, որը նկատել է տալիս Ռուսաստանի ներքին կյանքում իսլամական գործոնի կարեւորությունը։
Ղազախստանյան իրադարձությունների համատեքստում դա լիովին արդարացված մտահոգություն է։ Կարելի է, թերեւս, եզրակացնել, որ Իրանի նախագահի առաջարկած՝ ԱՄՆ-ին դիմագրավելու համար ՙսիներգիայի սկզբունքով՚ հարաբերություններ կառուցելու տարբերակը Մոսկվայում ընդունվել է ի գիտություն, բայց Ռուսաստանը դեռեւս վերջնական որոշում կամ նույնիսկ հստակ մշակումներ չունի։ Ռուս-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունները տեսանելի ապագայում կարող են զարգանալ վերընթաց, հնարավոր է՝ Ռուսաստանը որոշակի աջակցություն ցուցաբերի նաեւ ռազմա-տեխնոլոգիական ոլորտներում, բայց ավելին, ամենայն հավանականությամբ, հնարավոր չէ։
Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից տեղեկատվական հոսքերի վերլուծությունը բերում է եզրահանգման, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների եւ հավաքական Արեւմուտքի, ինչպես նաեւ Իսրայելի առջեւ Իրանի միջուկային զենքի ծրագրին չաջակցելու պարտավորություն ունի։ Փետրվարին Ռուսաստանի նախագահ Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենետին։ Ընդամենը վեց ամսում դա երկու երկրների առաջնորդների երկրորդ առկա շփումը կլինի, հանգամանք, որ վկայում է ռուս-իսրայելական հարաբերությունների բավական ջերմ բնույթի մասին։ Պետք չէ հաշվից դուրս թողնել, որ Իսրայելն ամեն ինչից զատ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում Ռուսաստանի համար ՙկապի լրացուցիչ խողովակ է՚։
Աշխարհաքաղաքական շատ, բայց հատկապես Մերձավոր եւ Միջին Արեւելքի հարցերում ԱՄՆ-ը, որպես կանոն, արտաքին քաղաքական նախաձեռնությունները հիմնականում համադրում է Իսրայելի հետ։ Չմոռանանք, որ ԱՄՆ-ը F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը Սաուդյան Արաբիային չեղարկել է Իսրայելի պահանջով։ Թուրքիայում առայսօր կասկածում են, որ կործանիչների ծրագրից դուրս են մնացել նույնպես Իսրայելի հետ տարաձայնությունների պատճառով։ Մերձավոր Արեւելքում Իսրայելը եւ Իրանը ոխերիմ թշնամիներ են։ Միայն այն, որ Իրանի նախագահին ճանապարհելուց երկու-երեք շաբաթ հետո Ռուսաստանի նախագահը Սանկտ-Պետերբուրգում մտերմիկ հանդիպում կունենա Իսրայելի վարչապետի հետ, թույլ է տալիս մեծ հավանականությամբ եզրակացնել, որ ռուս-իրանական հարաբերություններն, այո, գործնական են, բայց՝ ռազմավարական դաշնակցությունից հեռու։ Եւ տեւական ժամանակ կմնան այդ մակարդակի վրա։ Եթե, իհարկե, վակուումը չլրացնի Չինաստանը։