Միացյալ Նահանգներն, այո, աշխարհակալ չէ, բայց Ռուսաստանն էլ գերերկիր չէ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Ռուսաստանի պետական դումայի խորհուրդը հունվարի 24-ի նիստում չի քննարկել կոմկուսակցական խմբակցության նախաձեռնությունը՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ՙհանրապետությունների՚ անկախությունը ճանաչելու առաջարկությամբ դիմել նախագահ Պուտինին։ Պետդումայի խոսնակ Վոլոդինը բավարար է համարել, որ Դոնբասի բնակչության ՙանվտանգության ապահովման համար ամեն ինչ արվում է՚։ Այն, ինչ Ռուսաստանում համարում են Ուկրաինայի արեւելքի ռուսախոս բնակչության ՙանվտանգության ապահովում՚՝ Կիեւում, Վաշինգտոնում եւ Բրյուսելում գնահատում են որպես ՙներխուժման նախապատրաստություն՚։
Ուկրաինայի Անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տվյալներով՝ Ռուսաստանը շուրջ 100 հազար զինվորական է կենտրոնացրել։ ՌԴ արտգործնախարար Լավրովը հակադարձել է, թե զորքերի տեղաշարժը ՙտեղի է ունենում սուվերեն տարածքում՚։ Դիվանագիտության տեսակետից սա հիմնավոր պարզաբանում է, բայց ո՞րն է երաշխիքը, որ Ուկրաինայի սահմանին մոտ կուտակված զինուժը X ժամի խոսքից գործի չի անցնի։ Չկա նաեւ երաշխիք, որ ուկրաինական բանակը եւ ՙաշխարհազորը՚ չեն հատի Դոնբասի շփման գիծը, չեն փորձի վերականգնել ռուս-ուկրաինական սահմանը, որ արդեն յոթ տարի է՝ Կիեւի կողմից չի վերահսկվում։
Արեւմտյան վերլուծաբանական կենտրոնները, որքան կարելի է դատել մամուլի թարգմանաբար փոխանցվող հրապարակումներից, հիմնականում հոռետես են ՆԱՏՕ-Ռուսաստան, Ռուսաստան-ԱՄՆ դիմակայության գնահատման հարցում։ Իշխող մոտեցում է, որ հավանական առճակատումից կամ իրավիճակի չկարգավորվածությունից կշահի միայն Չինաստանը։ ՙՆեզավիսիմայա գազետա՚-ի գլխավոր խմբագրի հայացքով՝ Ռուսաստանի համար ՙԱրեւմուտքն սպառված է՚։ Նա, սակայն, վստահ չէ, որ Չինաստանը ՙՌուսաստանի հետ կգնա ռազմավարական դաշնակցության՚։
Փետրվարի 4-ին ՌԴ նախագահ Պուտինը մեկնում է Չինաստան։ Ոչ ոք չի համարձակվում կանխատեսել, թե մինչ այդ ինչ զարգացումներ կլինեն Ուկրաինայում, որտեղ համոզված են, որ մինչեւ փետրվարի 20-ը ՙռուսական ներխուժում չի լինի՚։ Պետք է հասկանալ, որ մինչ այդ պահը չի լինի նաեւ Դոնբաս ՙուկրաինական ներխուժում՚։ Իրազեկված աղբյուրներն ասում են, որ Գերմանիան եւ Ֆրանսիան Ժնեւում ՙնորմանդական քառյակի բանակցություններ են նախապատրաստում՚։ Խոսքը Դոնբասի հարցով ՙՄինսկի համաձայնություններին՚ ընթացք տալու հնարավորության մասին է։ Առնվազն հրապարակային մակարդակում գործընթացին աջակցում է նաեւ ԱՄՆ-ն։
ՙՄինսկի համաձայնությունները՚ ենթադրում են Ուկրաինայի օրենսդրության, անգամ՝ սահմանադրության փոփոխություն, որը Դոնբասի անջատված շրջաններին կերաշխավորի ՙհատուկ կարգավիճակ՚։ Փորձաքարն այստեղ Ռուսաստանի դիրքորոշումն է՝ Դոնբասի ՙհանրապետությունները՚ պետք է ունենան Ուկրաինայի արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերում ՙվետո՚ կիրառելու իրավունք։ Պարզ ասած, այդ շրջանները պետք է ունենան ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն արգելափակող իրավասություն։ Կիեւում, բնականաբար, դա չեն ընդունում։ Նախագահ Զելենսկին նույնիսկ սպառնում է ընդհանուր հանրաքվե անցկացնել։
Խնդիրն, իհարկե, ավելի խորքային է։ Ռուսաստանը սկզբունքային հարցադրում է անում. եթե ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, ապա ի՞նչ անհրաժեշտություն կա մեծացնելու Արեւելյան Եվրոպայում ռազմական ներկայությունը։ Բրյուսելից հակադարձում են, որ դա ՙպայմանավորված է Ղրիմի բռնակցմամբ եւ Ուկրաինայի արեւելքում անջատողականության հրահրմամբ եւ հովանավորությամբ՚։ Ռուսաստանը պահանջում է չեղարկել Կոսովոյի անկախության ճանաչումը, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն չեն ընդունում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի Վրաստանից անջատումը, Մերձդնեստրի ՙանկախությունը՚։
Ստացվում է ՙփակ շրջան՚։ Միացյալ Նահանգները, մանավանդ Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում անհաջողություններից հետո, այլեւս գլոբալ աշխարհակարգ սահմանող չէ, բայց Ռուսաստանն էլ գերտերություն չէ։ Ոչ էլ, ըստ էության, Չինաստանը կարող է ինքնուրույն ՙխաղի կանոններ թելադրել՚։ Իրավիճակի ամենալուրջ մարտահրավերն այն է, որ թե? ԱՄՆ-ից, թե? Ռուսաստանից դաշնակիցներ են ՙպոկվում՚, առաջանում են տարածաշրջանային ՙհեղինակություններ՚։ Արեւելյան Եվրոպայում նման հավակնություններ ունի Լեհաստանը, մեր տարածաշրջանում՝ Թուրքիան եւ Իրանը, Հարավ-արեւելյան Ասիայում՝ Պակիստանը։
Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը նրանց համար հնարավորություն է՝ դիվանագիտորեն խուսանավել կողմերի միջեւ` միաժամանակ առաջ մղելով իրենց սեփական-ազգային շահերը։ Եթե այս փուլում, օրինակ, հաջողվեց կանխել Ղազախստանի ռադիկալացումը, ապա դրանից միանշանակորեն չի հետեւում, թե երկրորդ փորձ չի լինի կամ նույն գայթակղությունը չի ունենա, դիցուք, արդեն 30 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ուզբեկստանը։ Այս եւ այլ մարտահրավերներ, անշուշտ, գնահատվում են Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Պեկինում։ Տրամաբանական է թվում, որ ՙռեգիոնալ սպառնալիքների՚ դեմ Արեւմուտքը, Ռուսաստանը եւ Չինաստանը պետք է կարգավորումներ փնտրեն։ Կրիտիկական լարվածության փուլը դրա համար ամենաօպտիմալ պահն է։