[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՉՔ ՓԱԿԵԼ...

Հարցազրույց ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

 - Պարոն Բաբայան, օրերս Դուք գտնվում էիք Բելգիայի Թագավորությունում։ Ո՞րն էր հիմնականում այցի նպատակը։

- Դա ծրագրավորված աշխատանքային այց էր, նախօրոք հրավեր էինք ստացել։ Ինչպես տեղյակ եք, դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծանր օրերին Եվրախորհրդարանում ձևավորվել էր Արցախի հետ բարեկամական խումբ, որտեղ ընդգրկված են Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Բրյուսել կատարած այցի ժամանակ մենք հանդիպում ենք ունեցել այդ խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը բավականին հետաքրքիր ու ներկայացուցչական է եղել. մի քանի տասնյակ հոգի՝ Եվրախորհրդարանի քաղաքական ուժերից, ինչը ևս աննախադեպ ու հազվագյուտ երևույթ էր։ Նրանց հետ միասին հանդիպումներ ենք ունեցել Բելգիայի հասարակական-քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, հայ համայնքի, Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության շրջանակի, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի, ինչպես նաև՝ լրագրողների հետ։ Դասախոսություններ են եղել տարբեր երկրների ուսանողների մասնակցությամբ, այդ թվում՝ Գերմանիայի առաջատար իրավաբանական համալսարանի մի քանի տասնյակ ուսանողների։ Հանգամանալից ներկայացվել են Արցախյան հիմնախնդիրն ու Ադրբեջանի սանզազերծած պատերազմի հետևանքով ներկայում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները։ Պետք է ասեմ, որ բոլոր տեսակի հանդիպումների և միջոցառումների կազմակերպման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Հայ դատի գրասենյակը, ինչի համար երախտապարտ եմ։ Այս ամենի նպատակը՝ մեկ անգամ ևս շեշտել, որ Արցախը եղե՜լ է, կա՜ ու կլինի՜, և այն, ինչ իրականացրել է Ադրբեջանը՝ Թուրքիայի և ահաբեկիչների հետ միասին, սպառնալիք է ոչ միայն մեզ, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Սա ընդամենը ժամանակի խնդիր է. մենք առաջինն էինք թիրախավորվել, հաջորդը լինելու են իրենք։ Թե երբ կգա այդ պահը՝ դա արդեն էական չէ, գործընթացն սկսված է։ Եթե քաղաքակիրթ աշխարհն աչք փակի այդ ամենի վրա, եթե անտարբերություն ցուցաբերվի, ապա ժամանակի գործոնն ավելի շուտ կաշխատի։ Եվ իրենց համար սրանք կարևոր պատգամներ էին, որ տվեցինք... Ակնկալում ենք նրանց աջակցությունը՝ մարդասիրական և քաղաքական ոլորտներում, հատկապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության, մշակութային ցեղասպանության, գերիների և պատանդների նկատմամբ բռնությունները դատապարտելու առումով։ Եվ հետաքրքիրն ու ողջունելին այն է, որ հանդիպումներից անմիջապես հետո դրանց վերաբերյալ եղել են հայտարարություններ, ինչը, կարծում եմ, լինելու է շարունակական։
Մեր գործունեությունն այստեղ կարելի է համարել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության դրսևորում. հիրավի, ունենք հայրենասեր, լավ դիվանագիտական կազմ՝ տարբեր երկրներում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Բոլոր տեղերում հատուկ ընդգծել ենք, որ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, որ մենք աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների մեջ չենք մտնելու և սա որևէ ձևով չի նշանակում, թե մենք դեմ ենք արևմտյան երկրներին։ Պարզապես սա իրականության՝ հայ-ռուսական դարավոր բարեկամության և եղբայրության արտացոլում է, ու պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ունենք հայկական Սփյուռք, ինչը հնարավորություն է տալիս մեզ ինչ-որ տեղ շրջանցել գերտերությունների միջև առկա խնդիրները։ Ռուսաստանում ունենք 3 միլիոն, Ամերիկայում՝ 2 մլն հայ... Նույնը նաև աշխարհի տարբեր երկրներում՝ տարբեր թվաքանակով հայ կա։ Այսինքն՝ մեր սփյուռքը մեզ հնարավորություն է ընձեռում ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարել...
- Ձեր գնահատականը, տպավորությունն այցից, ընդհանուր առմամբ, կարելի՞ է ասել դրական է և արդյունավետ...
- Անշուշտ, առաջին տպավորությունս շատ լավ է, արդեն արված են որոշ քայլեր, բայց պետք է սպասել նաև գործողությունների ընթացքին։ Մեր բոլոր հանդիպումները կարևոր էին։ Եվրոպայում կառույցներ կան, որոնք իսկապես մտահոգ են թուրք-ադրբեջանական հանցավոր միասնության հետևանքով ստեղծված իրավիճակով։ Ամեն ինչ ժամանակի հարց է, ամեն ինչի դատավորը ժամանակն է։ Մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստելու, շարունակելու ենք համահայկական կառույցների հետ խորացնել մեր կապերը և Սփյուռքի միջոցով հետևողական աշխատանք տանել բարձրացված վերոնշյալ հարցերի ուղղությամբ։

 

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ