[ARM]     [RUS]     [ENG]

ԻՍՐԱՅԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ

jerusalem.jpgՄեծ Մերձավոր Արևելքում առկա գործընթացների ըմբռնումը պահանջում է տարածաշրջանային առավել կարևոր խաղացողներից մեկի՝ Իսրայելի քաղաքականության հաշվառում։ Այդ քաղաքականության բարդությունն ու ծավալայնությունը բացառում են թեմայի լիարժեք ընդգրկումն առաջարկվող ձևաչափում, ուստի՝ սահմանափակվենք առավել կարևոր ասպեկտների քննարկմամբ։ 
Իսրայելի փոխհարաբերություններն Արևմուտքի հետ բազմապլանային են, որոնք արմատներով հասնում են ինչպես ֆինանսատնտեսական ու քաղաքական, այնպես էլ` մշակութային ու կրոնական ոլորտները։ Մի շարք դեպքերում խաղի կանոններն այդ հարաբերություններում որոշում է Իսրայելը, որոշ այլ դեպքերում՝ Արևմուտքի երկրները, առաջին հերթին` ԱՄՆ-ը։ Օրինակ, այսօր կարելի է տեսնել, թե ինչպես է Իսրայելը Իրանի դեմ պատերազմ սկսելու իր մտադրության մեջ ՙոլորում՚  ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ձեռքերը։ Այո, ԱՄՆ-ը և Արևմուտքը ընդհանուր առմամբ ունեն իրենց շահերը և շահագրգռված են Իրանին զսպելու հարցում, սակայն նրանք ունեն աշխարհաքաղաքական ասպարեզում ակտիվության հաշվին սեփական նպատակներին հասնելու հաջող փորձ, երբ արդյունքները ձեռք են բերվում տասնամյակների ընթացքում, այլ ոչ թե մեկ տարում։ Արևմուտքն ունի ժամանակ, ինչը, հրեաների կարծիքով, չունի Իսրայելը։ Աշխարհն ականատես է դառնում քաղաքականության մեջ բավականին հայտնի իրավիճակի, երբ ՙպոչը պտտեցնում է շանը՚։ Իսրայելական, սաուդական և քաթարյան ՙպոչը՚ փորձում է պտտեցնել Արևմուտքին, իսկ արաբականն ու իրանականը՝ Ռուսաստանին և Չինաստանին՝ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական կենտրոններին ներքաշելով զինված հակամարտության մեջ։ Իրավիճակ  և   բեմագրեր, որոնց կարելի էր ականատես լինել 60-70-ականների մերձավորարևելյան ճգնաժամերում և ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի դիմակայության մեջ։ Այդ տարիներին այն բանի ըմբռնումը, թե որքան վտանգավոր կարող է լինել երկու միջուկային տերությունների զինված հակամարտությունը, թույլ էր տվել ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին` դադարեցնել դեպի համաշխարհային պատերազմ վտանգավոր սահքն ու մեղմացնել իրենց դաշնակիցների և արբանյակների զայրույթի բռնկումները. վերջիններս պատրաստ էին հօգուտ  սեփական շահերի աշխարհը դնել միջուկային պատերազմի սպառնալիքի առաջ։ 21-րդ դարում իրավիճակն արդեն փոքր-ինչ այլ է, և Ռուսաստանն ու Արևմուտքը ի վիճակի կլինե՞ն, արդյոք, համանման դեր խաղալ՝  այսօր միանշանակ ասել հնարավոր չէ։
Արաբական գարունը Իսրայելի առջև դրել է ինչպես մարտավարական, այնպես էլ ռազմավարական բնույթի մի շարք բարդ խնդիրներ։ Մարտավարական առումով արաբական զարթոնքը կտրուկ բարդացրեց Իսրայելի վիճակը։ Փլուզվող  միապետական վարչակարգերն Իսրայելի հանդեպ ավանդաբար վարում էին  առավել լոյալ քաղաքականություն։ Արաբական հեղափոխություններն ամենուր հանգեցրին իսլամականների իշխանության, որոնք վարում  են առավել կոշտ, բացահայտ հակաիսրայելական քաղաքականություն։ Իսրայելը հայտնվում է թշնամական պետությունների օղակում, որոնք չեն թաքցնում հրեական պետությունը ոչնչացնելու իրենց մտադրությունը։ Լարվածության աճն անխուսափելիորեն ստիպում է ավելի ու ավելի մեծ միջոցներ ծախսել ռազմական ոլորտում։ 
Իբրև օրինակ՝ կարելի է հղում անել իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը։ Այո, Իսրայելը ռազմական հակահարված է տալիս պաղեստինցիներին, որոնք կողմնակից են պատերազմի պարտիզանական մեթոդներին, մշակելով, այդ թվում, նաև զենքի նոր համակարգեր։ Սակայն նման քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում դառնում է չափազանց թանկարժեք։ Օրինակ՝ միայն մեկ` տեխնոլոգիապես ոչ այնքան բարդ, մոտ հազար դոլար արժողությամբ  ՙԳրադ՚ տիպի հրթիռն   արդյունավետ ոչնչացնելու համար Իսրայելը ստիպված է ծախսել ավելի քան 100 հազար դոլար։ Այսպիսով, քաղաքական հիմնախնդիրների զուտ ռազմական ու մարտավարական լուծումը դառնում է չափազանց ծախսատար։
Սակայն ռազմավարական առումով ու երկարաժամկետ հեռանկարում Իսրայելը հայտնվում է շահողի դերում, քանի որ արաբական զարթոնքը փաստորեն կանգնեցնում է արաբական խոշոր ազգերի ու պետությունների կայացման գործընթացները։ Այն երկրները, որոնցով ՙանցել՚ է արաբական հեղափոխությունը, պետականաշինության գործում տասնամյակներով հետ են շպրտվել։ Թունիսի, Եգիպտոսի, Սիրիայի ու առավել ակնառու՝ Լիբիայի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես նախկինում հարաբերականորեն բարեհաջող ու կայացած երկրները հայտնվեցին ներցեղային երկպառակությունների և հաշվեհարդարների  ճահիճում, որոնք պետություններին հասցրին փլուզման եզրին։ Եվ եթե նախկինում Իսրայելը կանգնած էր ուժեղ պետություններով շրջապատված լինելու հեռանկարի առաջ, որոնց բնակչությունը թշնամաբար էր տրամադրված հրեական պետության նկատմամբ, ապա արաբական զարթոնքի արդյունքում նա շրջապատված կլինի կտրականապես թշնամական, սակայն թույլ և նույնիսկ փլուզվող պետություններով, որոնց դիմակայելն անհամեմատ ավելի պարզ խնդիր է։ Եթե Իսրայելը կարողանա դիմանալ առաջին գրոհին  և հարմարվել արաբական զարթոնքին, ապա նա կշահի։ Այդ կետում ու ներկա փուլում Իսրայելի և Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևաչափումը հրահրող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների շահերը համընկնում են։ 
Սակայն ամեն ինչ հաջող է տեսության մեջ, և տվյալ դեպքում մեծ դեր են սկսում խաղալ հրեական պետության, իսրայելական հասարակության դիմացկունության սահմանները։ Խիստ  հավանական է` ստեղծվի մի  իրավիճակ, երբ մարտավարական հարցերն ու խնդիրները կհանգեցնեն համապատկերի այնպիսի փոփոխության, երբ ռազմավարական խնդիրներին հասնելը դառնում է անհնար։ Որպես օրինակ կարելի է վկայակոչել ԱՄՆ-ի քաղաքականությունն ու ռազմավարությունը  Աֆղանստանում, Իրաքում, երբ ռազմավարական տեսանկյունից ճիշտ քաղաքականությունը դառնում է անիրագործելի ու կործանարար, քանզի  ի վիճակի չի լինում  լուծել առաջին հայացքից զուտ մարտավարական ու ռազմական բնույթի տեղային խնդիրները։ Ուստի՝ օբյեկտիվության և պատկերի լիարժեքության համար անհրաժեշտ է նշել նաև լուրջ փորձագետների, առաջին հերթին` զինվորականների կարծիքը, որոնք խոսում են Իսրայել պետության կործանման և հրեական բնակչության տարհանման, փրկության բեմագրերի մշակման անհրաժեշտության մասին։ 
Արաբական գարունը չէր կարող չսրել փոխհարաբերությունները Իսրայելի և Թուրքիայի միջև։ Գոյություն ունեին նաև օբյեկտիվ հանգամանքներ՝ կապված, առաջին հերթին,   Թուրքիայի ռազմաքաղաքական  և տարածաշրջանային հզորության  աճի հետ, որը  պատրաստ է  վերադառնալ  նորկայսերական քաղաքականությանը։  Թե ինչպես կդասավորվեն այդ հարաբերությունները, ցույց կտա ապագան, քանի որ այստեղ   մեծ  դերակատարությունը պատկանում է ուժի  աշխարհաքաղաքական կենտրոններին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին, որը  երկու կողմերի վրա էլ ազդեցության լծակներ ունի։  Այնուամենայնիվ, կարելի է կանխատեսել, որ կարճաժամկետ հեռանկարում հարաբերությունները  լինելու են բարդ,   իսկ երբեմն՝ թշնամական։  Իսրայելա-թուրքական հարաբերությունների   համատեքստում անհրաժեշտ է  հիշեցնել Թուրքիային թուլացնելու նպատակով    քրդական գործոնը  տարածաշրջանում  օգտագործելու՝ Իսրայելի մտադրության մասին։  ԶԼՄ-ներում երևան  է եկել տեղեկատվություն այն մասին, թե Իսրայելը  ակտիվ օգնություն է ցուցաբերում  Քրդական  աշխատավորական կուսակցությանը, իրաքյան և սիրիական քրդերին՝  Թուրքիայի դեմ ուղղված նրանց գործողություններում՝  որպես հարաբերությունների վատացմանը պատասխան քայլ։ Դրան ի պատասխան,  Թուրքիան  ռազմական գործողություններ է սկսել քրդերի դեմ։
Սակայն առավել կոշտ են հարաբերությունները Իրանի հետ։ Իսրայելը  Իրանին  գնահատում է որպես  էկզիստենցիալ սպառնալիք,  այսինքն սպառնալիք  իր իսկ գոյությանը, ինչի  արմատները  ոչ թե քաղաքականության  մեջ են, այլ առավել   խոր շերտերում։  Ընդ որում`  խոսքը  նույնիսկ  որոշակի   իռացիոնալ հարաբերության մասին է։ Եթե ելնենք  տարածաշրջանային  ասպեկտներից, ապա Իրանը, որպես շիա  երկիր, պետք է դիտարկվի իբրև Իսրայելի  դաշնակից։  Շիական սեպը  թույլ է տալիս կտրել սուննական տարածությունը, որը հակառակ դեպքում կձգվեր Հյուսիսային Աֆրիկայից մինչև Պակիստան՝ ստեղծելով մեծ ու, հնարավոր է, պարզապես  անհաղթահարելի սպառնալիքներ հրեական պետության համար։  Իսկ քաղաքական  իրականության մեջ Իսրայելն  իր   դաշնակիցներին ու ամբողջ աշխարհին ստիպում է հաշտվել այն բանի հետ, որ հարված  կհասցնի Իրանին։  Ակնհայտ է լարված դիմակայությունը  ռազմական հարվածի կողմնակիցների  և հակառակորդների միջև՝ ինչպես ԱՄՆ-ում ու Արևմտյան երկրներում, այնպես էլ` բուն Իսրայելի ներսում։  Քանի որ  տվյալ դեպքում  աշխատում են ոչ միայն քաղաքական, այլև  իռացիոնալ գործոններ,  այն հարցի  պատասխանը, թե Իսրայելը հարված կհասցնի՞ Իրանին (ինչը կհանգեցնի  նրան, որ աշխարհը կսահի դեպի տարածաշրջանային, հետո նաև` համաշխարհային պատերազմ), գիտե  մարդկանց սահմանափակ շրջանակ, որոնք, ավելի շուտ,  մինչև օրս վերջնական որոշում չեն ընդունել։ 
Հայկական երկու պետությունների համար առավել կարևոր են  փոխհարաբերությունները Իսրայելի և Ադրբեջանի միջև, որոնք, անշուշտ, պետք է բնութագրվեն որպես սերտ ու դաշնակցական։  Փաստորեն անկախ Ադրբեջանի  կազմավորման պահից  ի վեր այդ պետությունների միջև հարաբերությունները  ձեռք են բերել  առանձնահատուկ բնույթ։  Ադրբեջանը   համաշխարհային ԶԼՄ-ներում  միշտ   հայտնվում է իբրև  հենակետերից մեկը, որն Արևմուտքի և Իսրայելի կողմից օգտագործվում է  Իրանի դեմ հետախուզական և հատուկ գործողություններ իրականացնելու համար։ 
Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունների մակարդակը  հասկանալու համար բավական է անցողիկ հայացք նետել  այդ երկրների տնտեսական ու ռազմական հարաբերությունների  վրա։ Փոխադարձ ճանաչումից  մի քանի  տարի անց  Իսրայելը դարձել է   ապրանքաշրջանառության  ծավալներով   Ադրբեջանի հինգերորդ առևտրային գործընկերը։  Հայտարարված 1, 6 մլրդ դոլար  գումարի  իսրայելական զենքի  գնման  հետ միասին  կարելի է վերհիշել, որ առաջին շփումներն ու պայմանագրերը կապված էին  տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցությունների  ոլորտի հետ։  1994 թ. Bezeq-ը` Իսրայելի  խոշոր  հեռահաղորդակցական պրովայդերը,  լուրջ ներդրումներ է կատարել  հեռահաղորդակացական ոլորտում՝ մասնակցելով  Ադրբեջանի  հեռախոսացանցի զարգացմանը։  Ընդ որում` խոսվում է  հատուկ ծառայությունների մակարդակով  սերտ շփումների ու  փոխգործակցության  մասին։ Baksell-ը՝  Ադրբեջանի  բջջային կապի առաջին օպերատորը, որը ստեղծվել է 1994թ.,  Ադրբեջանի հաղորդակցությունների  նախարարության և իսրայելական  GTIB-ի  կողմից ստեղծված համատեղ ձեռնարկություն է։ 
Իսրայելական ընկերությունները զգալի  ներդրում ունեն Ադրբեջանի   էներգետիկ  հատվածում և  զբաղվում են  նավթագազային ոլորտի բարձր  տեխնոլոգիական   սարքավորումների մատակարարմամբ։ Եվ վերջապես, իսրայելական նավթի մոտ 20 տոկոսը   մատակարարվում է Ադրբեջանից,  և  երկրներն ունեն ընդհանուր շահեր նավթի փոխադրման բնագավառում՝  դրանով իսկ ընդլայնելով  սպառման շուկաները Ադրբեջանի համար։  Այսպիսով,  Ադրբեջանը օբյեկտիվորեն  հանդիսանում է  Իսրայելի դաշնակիցը՝ չնայած  նման դաշինքի թվացյալ  հակասակայնությանը։ 
Հարաբերությունները հայկական պետությունների և Իսրայելի միջև անխուսափելիորեն ներգծվում են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների համատեքստում։  Նման իրավիճակը կարելի է անվանել  ինչ¬որ առումով անտրամաբանական՝ հաշվի առնելով  հայկական և հրեական  ժողովուրդների  ճակատագրերի, նրանց  աշխարհաքաղաքական դիրքի  նմանությունը և անգամ  համակրանքները։  Սակայն  իրողությունը  երկու ժողովուրդներին բաժանում է տարբեր ճամբարների։ Ընդ որում` պետք է հասկանալ, որ  հայկական կողմը խիստ սահմանափակ հնարավորություններ  ունի իրավիճակի վրա ներգործելու համար։  Խոսքը  Իսրայելի հստակ գիտակցված քաղաքականության        տու  և բարեկիրթ անհատներ, որոնք հասկանում են, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ  գնվում  ու վաճառվում  է, ստվերարկում,  կոնտրաստային է դարձնում ընդհանուր պատկերը՝ ցույց տալով, թե  որտեղ  կարող էին գտնվել հայ- իսրայելական հարաբերությունները և որտեղ են դրանք  գտնվում իրականում, իրականություն, որը  քիչ հավանական է, որ  փոխվի  մոտակա տարիներին։ 
Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ