[ARM]     [RUS]     [ENG]

Կամ՝ Ռուսաստանի հետ, կամ՝ ոչ ոքի

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Փետրվարի 21-ին տեղի ունեցավ այն, ինչին բոլորը սպասում էին վաղուց։ Դոնեցկի անջատված շրջանների «անկախությունը» կանխորոշված էր 2015թ.-ից, երբ ուկրաինական բանակը ջախջախիչ պարտություն կրեց Գորլովկայում, եւ հազարավոր զինծառայողներ հայտնվեցին գերության մեջ։ Փաստի քաղաքական արձանագրումը Ռուսաստանի նախագահն արեց անցյալ տարի՝ հեղինակային հոդվածով, որտեղ Ուկրաինայի պետականությունը եւ ինքնությունը նույնականացվեցին Ռուսաստանի եւ ռուսականի հետ։ Բանաձեւը մեկն էր՝ Ուկրաինան պետություն է, եթե Ռուսաստանի հետ է։

Ըստ էության, փետրվարի 21-ի պուտինյան ուղերձը նույնպես դա էր։ «Եթե Ուկրաինան ուզում է վերջնական ապակոմունիստականացում, ապա Ռուսաստանը դա կանի»,- հայտարարեց Պուտինը։ Խոսքի ենթատեքստը հետեւյալն է. եթե Ուկրաինան շարունակի եվրաատլանտյան քաղաքական ուղեգիծը, ապա Ռուսաստանը կհասնի նրա վերջնական մասնատմանը, ուկրաինական պետականության վերացմանը։ Ռուսաստանի նախագահը թույլ տվեց ձեւակերպումներ, որ ազդակ են եվրոպական որոշ երկրների՝ Ռումինիային, Հունգարիային, Չեխիային, Լեհաստանին։ Ներկայիս Ուկրաինայի արեւմտյան տարածքները պատմական տարբեր փուլերում մտել են նշված պետությունների կազմի մեջ։

Պուտինի այդ ակնարկները կարող են գայթակղության քար լինել։ Դա պարզ մարտահրավեր է Միացյալ Նահանգներին, որ փորձում է միասնական, մեկ քաղաքակրթական եւ ռազմաքաղաքական «ուղեծիր» պարտադրել բոլոր եվրոպական երկրներին։ Աշխարհաքաղաքականության իմաստով Պուտինը հստակեցրել է հարցը. կամ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն տալիս են դեպի արեւելք չծավալվելու, ռազմական ենթակառուցվածքները 1997թ. սահմաններին վերադարձնելու իրավական պարտադիր ուժ ունեցող երաշխիքներ, կամ Ուկրաինան չի լինի անկախ պետություն, եւ ռուսական զորքերը կհասնեն մինչեւ Ռումինիայի եւ Հունգարիայի սահմաններ՝ Անդրկարպատներում։

Բոլորովին էլ պատահական չէ, որ  Դոնբասի «հանրապետությունների» ճանաչումը տեղի ունեցավ Ռուսաստանի միջուկային զենքի եւ նորագույն հրթիռների ցուցադրմանը զուգահեռ։ Դա պարզ ակնարկ էր, որ Պուտինը կընդունի միջուկային զենքի կիրառման որոշում։ «Գնդակն Արեւմուտքի դաշտում է»։ Իսկ այնտեղ միասնական մոտեցում չկա։ Բայց մեզ համար չափազանց կարեւոր է, որ ուկրաինական հարցում «խաղատախտակից» դուրս մնաց Թուրքիան։ Էրդողանը փորձում էր միջնորդ լինել ռուս-ուկրաինական «հաշտեցման գործընթացում»։ Արեւմուտքը Թուրքիայի նախաձեռնությունը մերժեց շատ ընդգծված քամահրանքով։ Մինչեւ վերջին պահը Մոսկվան տպավորություն էր թողնում, թե հնարավոր է՝ ունենա Անկարայի դիվանագիտական աջակցության կարիքը։ Դոնեցկի «հանրապետությունների» ճանաչմամբ Էրդողանի սպասումները փակվեցին։

Առավել ուշագրավ է, որ դա տեղի ունեցավ Իլհամ Ալիեւի Մոսկվա մեկնելու նախօրյակին։ Դիվանագիտական պրակտիկայում քիչ են լինում դեպքեր, երբ կողմերից մեկը բացահայտում է սպասվող քննարկումները, անոնսավորում կարեւորագույն փաստաթղթի ստորագրում։ Ալիեւի Մոսկվա այցից առաջ Կրեմլը բացահայտեց, որ խոսքը դաշնակցային հարաբերությունների Հռչակագիր ստորագրելու մասին է։ Դա ավելի շատ նման է վերջնագրի։ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանները վերջերս են միայն վավերացրել 2021թ. ամռանը ստորագրած Շուշիի հռչակագիրը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանի հետ ռազմական ինտեգրացիան տեղի է ունենում ՆԱՏՕ-ի չափանիշներով։ Դաշնակցային հարաբերությունների մասին ռուս-ադրբեջանական Հռչակագիրը պետք է գնահատել Ադրբեջանը Թուրքիայի կողմից վերջնականապես կլանելու ուղեգծի առնվազն առկախում։

Ռուսաստանն, իհարկե, առաջին հերթին գնում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հետ ուժային հավասարակշռությունն իր օգտին փոխելու ճանապարհով։ Անհավանական չէ, որ Ադրբեջանը պարտադրված լինի անդամակցել ԵԱՏՄ-ին եւ վերահաստատել ոչ բլոկային երկրի կարգավիճակը։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո, սակայն, Ադրբեջանում այնպիսի էյֆորիա է, որ Թուրքիայի հետ ինտեգրացիայի առկախումը կարող է բերել ներքին տուրբուլենտության։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների փորձաքարը միշտ ԼՂ խնդիրն է եղել։ Սկզբունքորեն նոր իրավիճակում նվազ հավանական է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափով քննարկումների վերագործարկում։ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին Մոսկվա պաշտոնական այցի հրավեր է արել։