Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՌԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, օրերս անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման, որևէ երկարատև կարգավորում հնարավոր չէ։ Բաքուն պետք է դա հասկանա։ Կարգավիճակից բացի կան նաև տարածքային հարցեր, որոնք պետք է լուծվեն երկուստեք ընդունելի սկզբունքով, ասել է Ուորլիքը։ Առաջինը և ամենակարևորը Հայաստան-Ադրբեջան երկխոսությունն է, որը պետք է առաջ մղվի համանախագահների և ԵԱՀԿ-ի կողմից։ Ամերիկացի դիվանագետի խոսքում Մոսկվային հղված ուղերձներ կան, մասնավորապես ընդգծվում է, որ հետագա լարվածությունը կանխելու նպատակով Լեռնային Ղարաբաղում պարզապես զորքեր ունենալը երկարաժամկետ լուծում չէ։ Նրա համոզմամբ՝ հակամարտության հարատև կարգավորումն ենթադրում է այնպիսի բանակցային գործընթաց, որին կողմերը կարող են վստահել, որը ԵԱՀԿ-ի կողմից կունենա միջազգային երաշխիքներ, գուցե նաև՝ միջազգային խաղաղապահներ։ Այդ գործընթացը կարգավիճակ կտա Լեռնային Ղարաբաղին, կհստակեցնի սահմանները, կանդրադառնա փախստականների խնդրին։
Ստեփանակերտում Արցախի կարգավիճակի վերջնական որոշումը, այսինքն՝ ԱՀ անկախության միջազգային իրավական ճանաչումն առաջնահերթություն է համարվում։ Այն երբեք չի կարող դուրս մնալ բանակցային սեղանից։ Խնդրի շուրջ ևս մեկ անգամ արտահայտվեց ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի այն մտքին, թե 2016-ից Արցախի կարգավիճակի հարցը բանակցային սեղանից դուրս է մնացել և, ըստ էության, դա է եղել պատերազմի պատճառը։ Նախարարի խոսքով՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ կապված երկու հիմնական խնդիր ունենք՝ ԱՀ կարգավիճակի և սահմանների ճշգրտում, մնացած բոլոր հարցերն ածանցվում են այդ երկուսից։ Հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ դեռևս տարեսկզբին, երբ Լեհաստանը ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը, այդ երկրի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հայտարարեց, որ հիմնականում զբաղվելու է ընթացիկ հակամարտություններով ու մարդու իրավունքների հարցերով։ Նա առանձնահատուկ ընդգծել է բանակցային ձևաչափերին աջակցելու իր հանձնառությունը։ Փետրվարի կեսերին Ռաուն, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկեց հետխորհրդային տարածքի հակամարտությունները, ներառյալ՝ ադրբեջանա-ղարաբաղյանը։ Հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ ԵԱՀԿ-ի դերը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու գործընթացում։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը ԵԱՀԿ գործող նախագահի այցի առնչությամբ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս կազմակերպության անդամ պետությունների միջև վստահության հաստատման, փոխզիջումների որոնման օգտին։
Ադրբեջանի իշխանությունները, սակայն, չեն ուզում լսել ո՛չ ԵԱՀԿ-ի, ո՛չ էլ այդ կառույցում նախագահող պետության առաջարկությունների մասին։ Նրանց բոլոր քայլերը միտված են միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի տապալմանը։ Կառույցում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կարևորել է Լեհաստանի դիրքորոշումը և շեշտել, որ այս երկիրը շահագրգռված է նոր թափ հաղորդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և դիվանագիտական այլ խողովակների ներգրավմամբ։ Լուկաշևիչի մտահոգությունն էր հարուցել այն իրողությունը, որ Մինսկի խմբի համանախագահներին այդպես էլ չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրադրությանը և աջակցել կողմերին՝ շփումներ հաստատելու, մարդասիրական խնդիրներ լուծելու գործում։ Հակառակ միջազգային կառույցների հորդորների՝ Իլհամ Ալիևը պատեհ-անպատեհ հայտարարում է, թե հակամարտությունը լուծված է, համանախագահների կարիքն այլևս չկա, նույնիսկ ծաղրում է նրանց՝ ասելով, թե եկել է համանախագահներին թոշակի ուղարկելու ժամանակը։ Ռուսաստանյան բարձրաստիճան դիվանագետի մակարդակով` Ադրբեջանի նման դիրքորոշում որդեգրած իշխանություններին հակադարձելը պատահական չէր։ Տարածաշրջանի գլխավոր դերակատարն է պաշտոնական Բաքվին հիշեցնում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին, որի շրջանակներում է հնարավոր հակամարտության վերջնական կարգավորումն ու տևական խաղաղության հաստատումը։ Նորություն չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան իրենց դիվանագիտությունը վարել են այնպես, որ հիմնախնդրի հանգուցալուծումը տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս, բոլորովին այլ հարթակում, որտեղ իրենք կկարողանան առաջ մղել միասնական օրակարգը։
Համանախագահող պետությունները խոսում են հակամարտության համապարփակ կարգավորման մասին, իսկ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը։ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են արցախյան բնակավայրերը, խաղաղ աշխատանքով զբաղված Արցախի Հանրապետության քաղաքացիներին։ Վերջերս ավելի հաճախակի են կրակում Մարտունու և Ասկերանի շրջանների բնակավայրերի ուղղությամբ։ Հրադադարի խախտումները սովորական են դարձել Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հատվածում, ինչի հետևանքով վնասվում են բնակելի տներ։ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղողի այգիներում աշխատող մարդկանց ադրբեջանցիներն ստիպել են դուրս գալ իրենց այգիներից։ Դա տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Արցախցիներին ահաբեկելու, ի վերջո, Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը պետք է միջնորդներին ստիպի իրավիճակի կայունացման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանն, ըստ ամենայնի, նպատակ ունի տարածաշրջանը տանել դեպի էսկալացիայի նոր փուլ։ Ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կարգավիճակի, Ադրբեջանի հսկողությանն անցած արցախյան բնակավայրերի դեօկուպացիայի, անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման հարցերն առանձնահատուկ հնչողություն են ստանում։ Դա ենթադրում է բանակցությունների վերսկսում Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո։ Մինչ այդ, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները կանխելու համար, կարծում ենք, որոշակի զսպող ազդեցություն կունենա փետրվարի 22-ին նախատեսված Պուտին- Ալիև հանդիպումը։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկելու են ԼՂ հարցով 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։