Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Գերխնդիր է՝ պահպանել ԼՂ տարածաշրջանային սուբյեկտությունը

 

Ղրիմի միավորման տարեդարձի միջոցառմանը ՌԴ նախագահ Պուտինը առաջին անգամ բաց խոսել է երկրում «հինգերորդ շարասյան» եւ «ազգային դավաճանության» մասին՝ նկատի ունենալով էլիտար որոշակի շրջանակների, որոնք, ինչպես ինքն է ձեւակերպել,  ապրում են Արեւմուտքում «նույնիսկ ոչ այնքան ֆիզիկապես, որքան քաղաքակրթական իմաստով»։ Նա այդ մարդկանց նույնիսկ «ստրուկ» է անվանել։ Ռուսաստանի իշխող կուսակցության եւ նախագահի վարկանիշն, ըստ հարցումների, հասնում է շուրջ 80 տոկոսի։ Քչերն են արդեն կասկածում, որ ուկրաինական ճգնաժամը հարուցվել է Միացյալ Նահանգներից եւ կառավարվում է՝ թույլ չտալու որեւէ սկզբունքային համաձայնություն, որը Ռուսաստանին կերաշխավորի անվտանգություն եւ Արեւելյան Եվրոպայում ազդեցություն։

Արեւմտյան մամուլը դեռեւս Ուկրաինայում հատուկ ռազմագործողության մեկնարկից ամիսներ առաջ էր գրում «ուկրաինացիներին պարտիզանական պատերազմի նախապատրաստելու անհրաժեշտության» մասին։ Երեւում է՝ դա ոչ այնքան ծրագրի կանխագծում, որքան արդեն առկա փաստի արձանագրում էր։ Ուկրաինացիները վերջին մի քանի օրերին արդեն փաստացի «պարտիզանական պատերազմ» են մղում։ Ռուսաստանի վերահսկողությանն անցած տարածքներում չի հաջողվում ձեւավորել տեղական լոյալ իշխանություն։  ՌԴ պաշտպանության նախարարությունը խոստովանում է, որ զորքերի օրական առաջխաղացումը չի անցնում հինգ կիլոմետրից։ Դա վկայում է կատաղի դիմադրության եւ երկուստեք ծանր կորուստների մասին։

Ռազմական գործողությունները զուգորդվում են բարդ բանակցություններով, որտեղ, կարծես,  գործնական միջնորդությունն անցել է Թուրքիային։ Համենայն դեպս, արտգործնախարար Չավուշօղլուն է Մոսկվա եւ Լվով այցից հետո «Հուրիեթ» թերթին տեղեկացրել, որ կողմերը «գրեթե համաձայնեցրել են» զինադադարի ռուսական նախապայմանների առաջին չորս կետերը։ Դրանք վերաբերում են Ուկրաինայի չեզոք կարգավիճակին, ստրատեգիական ապառազմականացմանը, ռուսաց լեզվի գործածության սահմանափակումների վերացմանը։ CNN-ին հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ Ղրիմի եւ Դոնբասի հարցերում զիջում չի լինելու։ ՌԻԱ-Նովոստին այդ կապակցությամբ վերլուծական հոդված է հրապարակել։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու հետկոնֆլիկտային Ուկրաինայի հետ»,- տարակուսանք է հայտնել  մեկնաբանը։ Ի հակակշիռ՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հեղինակության ջատագով մամուլը գրում է, որ «միակ փոխզիջումն այն է, որ Ուկրաինա չլինի»։

Ուկրաինայի նախագահը CNN-ին ասել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների, բայց «եթե դրանք ձախողվեն, ապա երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի»։ Միացյալ Նահանգները Եվրոպայի արեւմտյան հենակետերից Սլովակիա է տեղափոխել Patriot ՀՕՊ համակարգեր։ Մամուլում կարծիք կա, որ փոխարենը Սլովակիան իր C-300 դիվիզիոնը «կփոխանցի Ուկրաինային»։ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինա «մուտք գործող ռազմական նշանակության բեռները կվերածվեն օրինական թիրախների»։ Լարվածությունն, այսպիսով, աճում է։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զգուշացրել է, որ Եվրոպան «պետք է պատրաստ լինի տեւական պատերազմի»։

Մարտի 24-25-ին Բրյուսելում գումարվում է ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների գագաթաժողով։ ԱՄՆ նախագահ Բայդենը հաստատել է իր մասնակցությունը։ Բրյուսել է ուղեւորվում նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Կանխատեսվում է, որ Բայդենը հերթական անգամ ճնշում կգործադրի ՆԱՏՕ-ի գործընկերների եւ հատկապես Թուրքիայի նկատմամբ, որ չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ ԱՄՆ-ը հետեւողականորեն ձգտում է Ուկրաինան վերածել Աֆղանստանի կամ Սիրիայի։ Նպատակը մեկն է՝ տնտեսապես հյուծել Ռուսաստանը, հրահրել ներքին հակասություններ եւ մի կրիտիկական պահի իշխանափոխություն իրականացնել։ Եկող տարի նախագահական ընտրություններ են Թուրքիայում, որտեղ արդեն իսկ ձեւավորված է արեւմտամետ ընդդիմություն՝ նախկին արտգործնախարար Դավութօղլուի գլխավորությամբ։

Նման իրավիճակում Ռուսաստանի եւ Թուրքիայի իշխանությունները մրցակից լինելով հանդերձ, ունեն ընդհանուր շահեր։ Կկարողանա՞ Էրդողանը դիմագրավել Միացյալ Նահանգների ճնշումը՝ պարզ կլինի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո։ Շատ մեկնաբաններ, սակայն, կանխատեսում են, որ Թուրքիան կպահպանի չեզոքությունը, չի միանա հակառուսաստանյան դաշինքին։ Այս փուլում, հավանաբար, Հայաստանի համար Թուրքիայի հետ երկխոսության պահպանումը քաղաքականից զատ ստանում է անվտանգային նշանակություն, մանավանդ որ Ռուսաստանն էլ Թուրքիայի հետ պահպանում է գործակցությունը։ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը տեսանելի ապագայում քաղաքական հանգուցալուծում չի ունենալու։ Գերխնդիր է, որպեսզի Հայաստանը անկորուստ ներգրվի Հարավային Կովկասում ռուս-թուրքական հավանական սիներգիային, եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային սուբյեկտությունը պահպանվի։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ