[ARM]     [RUS]     [ENG]

«Ուկրաինական կոնսենսուսից»՝ ԼՂ կարգավորման «հայեցակարգ»

 

Regnum-ի մեկնաբանը ծավալուն անդրադարձ է կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորման «գաղտնի սցենարին», որը, ինչպես կրեմլյան քարոզչությանը մոտ թելեգրամ-ալիքներից մեկն է գրել՝ «ընթանում է Թուրքիայի նախագահ Էրդողանի հովանավորության ներքո»։ Նման եզրակացության համար հիմք է ընդունվել Էրդողանի նախօրոք չհայտարարված այցը Սաուդյան Արաբիա։ Պարսից ծոցի արաբական այդ միապետությունը տարածաշրջանում Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակիցն է։ Ըստ տեղեկությունների, սակայն, Ուկրաինայի հարցում Արեւմուտքի գլխավոր պրովայդերը Մեծ Բրիտանիան է։ Բանակցություններ, ըստ այդմ, ընթանում են հետախուզական ծառայությունների ղեկավարների մակարդակով, դրանցում ներգրավված են նաեւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։ Հայտնի է, որ մարտի վերջին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների կազմակերպմանը ներգրավված էր նաեւ մուլտի-միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, ով սերտ կապեր ունի բրիտանական քաղաքական եւ բիզնես-էլիտայի հետ։

Ուկրաինական կարգավորմանը Թուրքիայի հովանու ներքո խոշոր բիզնեսի ներգրավվածության մասին ռուսական մամուլի հրապարակումը չափազանց հետաքրքիր է այն առումով, որ հեղինակը խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցով թուրք-իրանական «սուր մրցակցության» մասին։ Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի հերթական այցը Բաքու։ Մայիսի 3-ին կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը։ Վերջին մի քանի օրերին Իլհամ Ալիեւը դեպի Արեւմուտք տնտեսաքաղաքական «կողասահքի» դրսեւորումներ է ցուցադրել։ Ըստ երեւույթին, դա պայմանավորված է Ուկրաինայի ապագայի հարցով Ռուսաստանի կոշտ դիրքորոշումից նրա անհանգստությամբ։ Ռուսաստանը պնդում է, որ Դոնբասը եւ Ղրիմը անջատվել են միջազգային իրավունքի համաձայն, մինչդեռ Ալիեւը միանշանակ աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Զուգահեռաբար Թուրքիայի նախագահը խիստ քննադատության է ենթարկել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը, դա գնահատել «վտանգավոր»։ Էրդողանը նկատի է ունեցել Իրաքի հյուսիսում եւ Սիրիայում քրդական զինված խմբավորումների հետ Միացյալ Նահանգների սերտ կապերը։ Քրդական հարցը Թուրքիայի համար էքզիստենցիալ նշանակություն ունի։ Եթե իրականությանը մոտ են տեղեկությունները, որ Մեծ Բրիտանիայի հովանու ներքո հատուկ ծառայությունները եւ բիզնես-էլիտաները քննարկում են «Ուկրաինայի ֆեդերալացման ծրագիրը», ապա հայ-թուրքական երկխոսությունը եւ Հայաստանի վերջին շրջանի շփումները Լոնդոնի եւ Վաշինգտոնի հետ կարելի է դիտարկել «նոր աշխարհակարգից» ենթադրվող վերադասավորումներում Լեռնային Ղարաբաղի խնդրի ոչ հրապարակային քննարկումների կտրվածքով։

Հայ-թուրքական երկխոսության եւ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հավանական մեկնարկի առթիվ վերջերս հայտարարություն է տարածել Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Անցյալ տարի նա բացառիկ այց է կատարել Սաուդյան Արաբիա։ Արմեն Սարգսյանը բրիտանական բիզնես եւ քաղաքական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող գործչի համարում ունի։ Բրիտանական կապիտալը վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանի տնտեսության մեջ, հատկապես՝ նավթագազային ճյուղում։ Այդ նախագծերի վրա է կառուցված ադրբեջանական «պետական ինքնությունը»։ Մոսկվայում Պուտին-Փաշինյան բանակցություններից հետո Իլհամ Ալիեւը դրսեւորում է անհանգիստ կեցվածք։

Դժվար է կողմնորոշվել, թե Լեռնային Ղարաբաղի հարցում կա՞ն ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական քննարկումներ։ Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կփորձեն ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությունը հակակշռել Եվրամիության եւ Միացյալ Նահանգների «անհանգստությամբ»։ Հայկական դիվանագիտությունը, կարծես, հենց այդ ազդեցությունը չեզոքացնելու համար է վերջին շրջանում ընդլայնել ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի հետ շփումները։ Այստեղ, հավանաբար, որոշակի դերակատարություն է վերապահված Վրաստանին։

Եթե Ուկրաինայի հարցում Թուրքիայի միջնորդությամբ ռուս-բրիտանական «գաղտնի գործընթաց է ծավալվում», ապա հայկական դիվանագիտության եւ Արեւմուտքի խորհրդատվությունները, կարծես, ներգրվում են ընդհանուր համատեքստին։ Բայց դա չափազանց փխրուն հեռանկար է։ Իրական քաղաքական ռեժիմում Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ իրավունքների երաշխավորումը ենթադրում է ավելի լայն համաձայնություն։ Երկու՝ ռուս-հայ-ադրբեջանական եւ Արեւմուտք-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափերի համատեղելիությունը տեսանելի հարթությունում անհավանական է պատկերվում։ Բայց ամեն դեպքում վերադասավորումներ չեն կարող լինել՝ մինչեւ Ուկրաինայի հարցում կա՛մ Ռուսաստանը ռազմական հաղթանակ չապահովի, կա՛մ կողմերը չգան այնպիսի կոնսենսուսի, որ Ռուսաստանին կերաշխավորի ոչ ֆորմալ հաղթանակ, իսկ Ուկրաինային՝ ռազմական կապիտուլյացիայից խուսափում։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ