[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՎՐԵՊ ԳՈՐԾԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երրորդ հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 3-ին, Վիեննայում։ Առաջին հանդիպման վայրը Մոսկվան էր, երկրորդ և երրորդ հանդիպումները կայացան Ավստրիայի մայրաքաղաքում։ Հակառակ պաշտոնական հաղորդագրություններում ընդգծված մտքի, թե կողմերը վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը, նաև համաձայնությունը՝ շարունակելու բանակցություններն առանց նախապայմանների, իրականում պատկերն այլ է։ Ակնառու են բանակցող կողմերի միջև ի հայտ եկած անհամաձայնությունն ու լարվածությունը։ Պարզվում է, որ թուրքական կողմը հանդես է եկել Հայաստանի և Թուրքիայի միջև վերասահմանագծում իրականացնելու առաջարկությամբ, ինչին ի պատասխան պաշտոնական Երևանը հայտարարել է, որ Հայաստանի համար դա անընդունելի է։ Հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումից մեկ օր առաջ լրատվամիջոցներով տարածվել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, ըստ որի՝ Վիեննայում քննարկվելու են տարբեր հարցեր, որոնք առաջիկայում կարող են իրականություն դառնալ։ Չավուշօղլուն ասել է, թե սահմանի վերաճշգրտման հարցում պայմանավորվածություն կար, ըստ այդմ, հռետորական հարց է հնչեցրել՝ դա ինչպե՞ս է արվելու, օրինակ՝ համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ Չավուշօղլուի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել։ Կասկածից դուրս էր, որ բանակցությունների ինչ-որ փուլում Անկարան հայկական կողմի առջև պայմաններ է դնելու։ Նկատի ունենանք նաև Բաքվի հետ բոլոր քայլերը համակարգելու մասին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հավաստիացումները։ Փաստորեն, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը երևան եկան այն տարաձայնությունները, որոնց մասին խոսվում էր ավելի վաղ։ Ինչո՞ւ հենց այս փուլում Անկարան որոշեց խոսել նախապայմանների լեզվով։ Նորությունը, կարծում ենք, տեղավորվում է ներկա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Խոսքը ռուս-ուկրաինական հակամարտության մասին է, որում Անկարան միջնորդի դեր է ստանձնել, այսպես ասած, լայնածավալ պատերազմը կանխելու նպատակով։ Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը ապրիլի կեսերին Սաուդյան Արաբիայում լույս տեսնող անգլալեզու Arab News օրաթերթում կարծիք է հայտնել, ըստ որի՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում առաջացած ճգնաժամը, որը ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի հետ է կապված, աստիճանաբար հետին պլան է մղվում։ Երկու երկրների հարաբերություններում վերստին մերձեցում է սկսվում։ Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամում։ Նախկին արտգործնախարարի վկայությամբ՝ ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխության առաջին կոնկրետ արդյունքը տեսանելի է. դա լինելու է թուրքական կողմին ամերիկյան F-16 կործանիչների վաճառքը, ինչը ճեղքում կառաջացնի ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցների միջև։ Այնուամենայնիվ, լիարժեք դաշնակցային հարաբերությունների պահպանման համար դա բավարար չէ, եզրակացրել է Յաքըշը։ Քաղաքական վերլուծաբանները վկայակոչում են մի իրողություն՝ ուկրաինական ճգնաժամը փոխել է միջազգային հարաբերությունների մի քանի պարադիգմաներ, այդ թվում՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները։ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրվելուց հետո տեղի է ունեցել երկու դաշնակիցների հարաբերությունների վատթարացում, բայց ուկրաինական ճգնաժամը, կարծես, փոխում է իրավիճակը։ Մայիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքն արագացնելու մասին հայտարարություն արեց։ Անկարան մի քանի անգամ դիմել էր Միացյալ Նահանգներին C-400-ի պատճառով Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները չեղարկելու հարցով։ Վաշինգտոնից ակնարկել էին, որ նման բան չեն անելու, բայց, ի վերջո, տեղի տվեցին։ Մարտի 17-ին ամերիկյան կառավարության՝ Կոնգրեսին հղած նամակում ընդգծվում էր, որ Թուրքիայի կողմից F-16-ների գնումը համապատասխանում է ինչպես ԱՄՆ-ի ազգային շահերին, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգությանը, հատկապես ուկրաինական ճգնաժամի պարագայում։ Պաշտոնական Անկարան մի կողմից քննադատել էր Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ձեռնարկված հատուկ ռազմական գործողությունը, մյուս կողմից՝ չի միացել ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Այժմ Թուրքիան փորձում է պահն օգտագործել՝ զենքի գնում իրականացնելու ԱՄՆ-ից, նաև առաջ մղել Եվրամիությանն անդամակցելու հարցը։ Մայիսի 3-ին՝ Ռուբինյան-Քըլըչ հանդիպման օրը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե Թուրքիան կլինի այն վայրը, որտեղ որոշումներ կկայացվեն Ուկրաինայի արևելքի վերաբերյալ՝ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման ժամանակ։ Դա տեղի կունենա Ստամբուլում կամ Անկարայում, Էրդողանի խոսքն է մեջբերել CNN Turq-ը։ Արձագանքելով Անկարային՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե չի բացառում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորությունը, սակայն այն պետք է պատշաճ կերպով պատրաստվի՝ արդյունքի հասնելու համար։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը, բնականաբար, լուրջ ռիսկեր է ստեղծել հարավկովկասյան տարածաշրջանում՝ մարտահրավերի առաջ կանգնեցնելով Հայաստանին ու Արցախին։ Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական ներկա զարգացումներն ու Թուրքիայի՝ մանևրելու լայն հնարավորությունը հայկական դիվանագիտությանը նախազգուշացնում են նախ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում գործել անվրեպ, և ապա այդ գործընթացում հաշվի առնել տարածաշրջանի գլխավոր դերակատարի շահերը։