Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՆՄԱՀԱՑԱՎ՝ ՈՐՊԵՍ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿ Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

altՁերդ  սրբազնություն։ Ցանկանում եմ անկեղծորեն խոստովանել, որ Բուդապեշտում տեղի ունեցած հրեշավոր ողբերգությունը (2004 թվական) և ապա  անմեղ զոհին լկտիաբար վիրավորելը՝ մարդասպանի կերպարի հերոսականացմամբ (2012 թվական), անձամբ ինձ բոլորովին չզարմացրին։

Ղարաբաղյան շարժման ՙպաշտոնական՚  սկզբից դեռևս շատ առաջ մենք բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել ադրբեջանական մարդասպանների կողմից հայերի նկատմամբ իրագործված նման բազմաթիվ անպատիժ հանցագործությունների։ Ընդգծեմ, որ այն ժամանակ էլ ամենից հաճախ գործի էին դրվում կացիններ ու դանակներ։ Կբերեմ ընդամենը մի քանի օրինակ Ղարաբաղյան շարժման իմ զինակիցների կողմից Կրեմլ ուղարկված գրքերից և նամակներից։

Դաշքեսանի շրջանի (Գարդմանք) Բանանց գյուղում ադրբեջանցի բարբարոսները ավերեցին Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված համագյուղացի հայերին նվիրված աննման հուշարձանը և գիշերով  դրա փլատակների վրա նետեցին կացնահարված հայի դիակը։ Մարտունու շրջանում (Արցախ) օրը ցերեկով ուղղակի ցանքի դաշտում կացնով սպանեցին ութսունամյա հային։ Մարդասպանները կալանավորվեցին հայ միլիցիոներների կողմից, բայց նույն օրն էլ ազատ արձակվեցին Բաքվի կարգադրությամբ։ Տասնվեցամյա աղջկան աղդամցի  տականքները ենթարկեցին խմբային բռնաբարության, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրեցին և մեռած մարմինը նետեցին պատերազմում զոհվածներին նվիրված հուշահամալիրի Անմար կրակին։ Մարդասպաններից ոչ մեկը չդատապարտվեց։ Ընդհանրապես նույնիսկ քրեական գործ չհարուցվեց, չնայած Արցախի հայերի բազմաթիվ պահանջներին ու բողոքներին։

Արցախի Կարադաղլու գյուղում ադրբեջանական դպրոցի գյուղական ուսուցիչը և իր հանցակիցների խումբը կացնով սպանեցին ութ տարեկան տղային միայն այն պատճառով, որ նա հայ էր։ Նորմալ մարդուն անհավատալի կթվա, բայց ադրբեջանցի ուսուցիչը արդեն մեռած երեխայի աչքերն էլ հանեց։ Այս անգամ մարդասպաններին բռնեցին, սակայն Ադրբեջանական ԽՍՀ-ի  ՊԱԿ-ի այն ժամանակվա նախագահ Հ. Ալիևի անձնական ցուցումով արյունալի սադրանք կազմակերպվեց Ստեփանակերտում բացօթյա դատալսման ժամանակ, որի արդյունքում սպանվեց հանցագործ խմբի ղեկավարը, իսկ տասնյակ հայ երիտասարդներ դատապարտվեցին մահապատժի և տասնհինգ տարվա ազատազրկման։
Ավաղ, այս ողբերգական ցանկը կարելի է երկար շարունակել։ Եվ հատկանշական է, որ, իրոք, դեպքերի մեծամասնությամբ ադրբեջանցիների մոտ միշտ սպանության գործիք են  եղել կացինները՝ խորհրդանշելով թուրքական յաթաղաններ։ Բացառություն չէր նաև գազանային սպանությունների միջոցը՝ Սումգայիթում և Բաքվում հայերի ցեղասպանության ժամանակ։

Սումգայիթյան զանգվածային ջարդերից անմիջապես հետո դեռևս գործող Խորհրդային իշխանությունը քրեական գործեր հարուցեց ընդդեմ հարյուրավոր ազերի մարդասպանների։ Եվ ելնելով անվտանգության նկատառումներից, բոլոր դատաքննություններն անցկացվում էին ոչ թե Ադրբեջանում, այլ ԽՍՀՄ-ի շատ քաղաքներում, այդ թվում՝ նաև Մոսկվայում։ Այն ժամանակ, լինելով ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ես կազմակերպեցի պատգամավորական խումբ, և մշտապես ներկա էինք դատական նիստերի դահլիճներում։ Անհնար է նկարագրել այն ամենը, ինչ տեսանք և լսեցինք։ Համարյա բոլոր զոհերը խոսում էին կացինների մասին։ Ի դեպ, հիշեցնեմ, որ բոլոր չարագործներին և ջարդարարներին, դեռևս մինչև ԽՍՀՄ-ի վերջնական փլուզումը, ազատ արձակեցին, և նրանց Բաքվում դիմավորեցին որպես իսկական հերոսների։ Այդպես էլ կոչում էին՝ ՙՍումգայիթի հերոսներ՚, ՙԲաքվի հերոսներ՚։ Այնպես որ, իրոք, ոչ մի զարմանալի բան չկար նրանում, որ վախկոտ դահիճը քնած հային սպանեց կացնով։
Սակայն հիմա մեզ առաջին հերթին պետք է հուզի Գուրգեն Մարգարյանի ճակատագիրը։ Դա շատ կարևոր հարց է։ Նրան սպանողը, որի սպայական կոչումը բարձրացրին, որը դարձավ համաժողովրդական հերոս, կուռք և գործուն օրինակ՝ ադրբեջանական երիտասարդության համար, ողջ աշխարհի աչքի առջև պսակ դրեց Ալիևի շիրմաքարին, որն իր որդու հետ բազմիցս ցուցադրաբար և թատերայնորեն ծաղիկներ էր դրել ՙՍումգայիթի հերոսների՚, ՙԲաքվի հերոսների՚ գերեզմաններին։ Եվ այդ ողջ մարտատենչ ցինիզմն այսօր զգում է Գուրգենի հոգին։
Չէ± որ այս օրերին Գուրգենն օբյեկտիվորեն սուրբ դարձավ մեր ժողովրդի համար։ Անմահացավ։ Իսկ նա, ով մարդասպանի համար ներման հրամանագիր ստորագրեց, ի°նքը դարձավ դահիճ, որի ձեռքը չի կարող սեղմել մոլորակի ոչ մի  բարոյական բնակիչ։ Եվ հիմա, երբ այդ դահիճը հերթական անգամ Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը գլխավորող երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ երդվի, թե Ադրբեջանը լայն լիազորություններ և երաշխիքներ կտա Արցախի անվտանգությանը, ապա նրանք առաջին հերթին պետք է մտածեն Գուրգեն Մարգարյանի ճակատագրի մասին։ Նրանք պետք է իմանան, որ այդ մարդու անունն ու ճակատագիրը այսուհետ գործուն փաստարկ են լինելու՝ ապացուցող և հաստատող, որ հայերը չէին կարող չսկսել փրկարար պայքար  հանուն Արցախի (ոչ միայն ԼՂԻՄ-ի) ազատագրման, և որ նրանք պարզապես դատապարտված էին հաղթանակի։
Ձերդ սրբազնություն։ Կիսելով մեր շատ ու շատ հայրենակիցների ահռելի ցանկությունը, կամենում եմ համոզմունք հայտնել, որ ստեղծված բարդ իրավիճակում խստիվ անհրաժեշտություն կա, որ Հայ Առաքելական եկեղեցին Սրբոց դասն առնի Աստծո զավակ, անմեղ նահատակ Գուրգեն Մարգարյանին։ Դա պետք է մեզ բոլորիս։
Դա կլինի ոչ միայն քրիստոնեաբար արդարացի, այլև, ժողովրդավարի  ասած՝ ճիշտ։

Խորին հարգանքով՝
Զորի ԲԱԼԱՅԱՆ
ք. Ստեփանակերտ