Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Կոսովոյի նախադեպ․ ԼՂ կարգավորման «ստորջրյա խու՞թ», թե՞ լեգիտիմ հնարավորություն

 

Միացյալ Նահանգներ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցի, պետքարտուղար Բլինկենի հետ բանակցությունների եւ, մանավանդ, հայ-ամերիկյան համագործակցության մասին փաստաթղթի ստորագրման, բայց հատկապես Բլինկենի կողմից Ադրբեջանին հասցեական քննադատության մասին տեղեկատվական ֆոնին ռուսաստանյան Regnum-ը «Բաքվի ձայն» խորագրով ներկայացրել է ադրբեջանական մամուլում եւ սոցիալական մեդիայում վերջին օրերին տեղ գտած տեսակետների՝ ակնհայտորեն ընտրովի ամփոփում։ Գրեթե բոլորը սուր քննադատում են Միացյալ Նահանգների «կովկասյան քաղաքականությունը»։

Դիտարկվում է «պետական պատվերի» հանգամանքը, որ հատկապես ուժեղ է զգացվում հայ-ադրբեջանական բանակցությունները եւ ԼՂ «վերջնական եւ այլեւս անշրջելի կարգավորումը» Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափում իրականացված տեսնելու ցանկությունը։ Ընդ որում, Ադրբեջանի հանրային-քաղաքական տրամադրությունները ներկայացվում են փորձագիտական մի գնահատականի տիրույթում․ «Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներգրավվածությունն ուղղված է ոչ միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն, այլեւ Թուրքիայի աճող ազդեցության սահմանափակմանը»։

Նախապատրաստվում է Էրդողանի պաշտոնական այցը Բաքու։ Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը ենթարկվում է «դիվանագիտական մշակման»․ Բաքու է այցելել Իսրայելի ֆինանսների նախարար Լիբերմանը։ Վերջինս «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդն է։ Քաղաքական այդ ուժի սոցիալական հենարանը գերազանցապես Իսրայելի ռուսախոս, նախկին ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններից հայրենիք ներգաղթած հրեա բնակչությունն է։ Նախկինում Լիբերմանը զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Հատկանշական է, որ Հայաստանում 2018թ․ իշխանափոխությունից հետո նա հնգօրյա այց է կատարել Ադրբեջան։ Փորձագիտական շրջանակներում կայուն տպավորություն կա, որ հենց այդ ժամանակ է համաձայնեցվել Իսրայելի ներգրավվածությունը 44-օրյա նոր պատերազմում։

Մի քանի օր առաջ Իլհամ Ալիեւը հայ-ադրբեջանական հարաբերություններում Արեւմուտքի միջնորդությունը գնահատել էր «ազնիվ»։ Այս առումով Regnum-ի ներկայացրած «դայջեստի» ընդգծված հակաամերիկանությունը ոչ միայն արտառոց, այլեւ անհանգստացնող է։ Ի՞նչ է փոխվել առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում։ Բացառված չէ, որ դա տեղեկատվաքարոզչական միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին, որտեղ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին բացահայտ մեղադրում է «թուրք-արեւմտյան շահերի սպասարկման» մեջ։ Մյուս կողմից Հայաստանում գեներացվում է քարոզչություն, որ Մոսկվա այցի ժամանակ «Փաշինյանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթ, որը ենթադրում է Հայաստանի ներգրավում», այսպես կոչված, «միութենական պետության» ռուս-բելառուսական ծրագրին։

Իրավիճակին առանձնակի ինտրիգ է հաղորդում ադրբեջանական վտարանդիության լրատվամիջոցների, հատկապես՝ MeydanTV կայքի հրապարակումը, որ Ուկրաինայի Ղրիմի ինքնավար հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի դատախազությունը «օկուպացված տարածքներ ապօրինաբար մուտք գործելու» մեղադրանքով քրեական գործ է հարուցել Մոլդովայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուդսի Օսմանովի նկատմամբ։ Վերջինս ադրբեջանական դիվանագիտական կորպուսի սկանդալային դեմքերից  է։ Նա ունի ՌԴ եւ Ադրբեջանի քաղաքացիություն, նախկինում զբաղեցրել է Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի եւ Մոսկվայում փոխդեսպանի պաշտոնները։

Որեւէ երկրի դեսպան առանց կառավարության, Ադրբեջանի պարագայում՝ նախագահի իմացության չէր կարող հավատարմագրման երկրից այլ պետություն այց կատարել։ Ղրիմի եւ Սեւաստոպոլի պարագայում հարցը հավելյալ դելիկատություն է պարունակում։ Այդ տարածքները միջազգային իրավունքով համարվում են ուկրաինական։ Ընդամենը երեք օր առաջ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ուկրաինան պայքարում է իր տարածքային ամբողջականության համար։ Մինչդեռ իրականում, պարզվում է, Ադրբեջանը դիվանագիտական շփումներ է ունեցել Ղրիմի փաստացի իշխանությունների հետ։ Ղրիմի հանդեպ առանձնակի հետաքրքրություններ ունի նաեւ Թուրքիան, որը համագործակցում է  տեղի թաթարների ազգային-մշակութային ինքնավարության կառույցների հետ։

Կարելի է դիտարկել, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի եւ արեւմտյան ազդեցության հաստատումը չի համապատասխանում Թուրքիայի շահերին։ Անկարայում, ըստ երեւույթին, համարում են, որ Ղրիմի ռուսաստանապատկանությունը տեղի թաթարների հետ քաղաքակրթական ընդհանրության ավելի լայն հնարավորություն է, քան՝ եթե թերակղզին գտնվի ամերիկա-ՆԱՏՕ-ական ազդեցության տակ։ Եթե Ադրբեջանը նույնպես միանում է այդ գծին, ապա դա մարտահրավեր է հայկական դիվանագիտությանը։ Թուրքիան եւ Ադրբեջանը, կասկածից դուրս է, Ռուսաստանի հետ հարաբերություններում Ուկրաինայի հարցով լոյալությունը փորձելու են փոխհատուցված տեսնել ԼՂ կարգավորման ոչ հրապարակային, ոչ ֆորմալ քննարկումներում։

Ռուսաստանը պնդում է, այդ տեսակետի վրա է խարսխվում Մոսկվայի հայեցակարգը, որ Ղրիմը եւ Դոնբասը Ուկրաինայից անջատվել են ՄԱԿ-ի Խարտիային համապատասխան ընթացակարգով, այս դեպքում էլ կիրառելի է Կոսովոյի մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը, ըստ որի՝ որեւէ տարածքի բնակչություն ինքնորոշման իրավունք իրացնելիս պարտավորված չէ ունենալ այն երկրի համաձայնությունը, որից անջատվում է։ Իրավական ձեւակերպումը լիովին արտացոլում է 1991թ․ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Գործնական քաղաքական հարթությունում այն ինչպե՞ս կօգտագործվի՝ կախված է հայկական եւ ադրբեջանական դիվանագիտության հմտությունից եւ ճկունությունից։ Բայց մինչ այդ, երեւի, պետք է կողմնորոշվել մի շատ սկզբունքային հարցում․ մենք շարունակու՞մ ենք պնդել ԼՂ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի գերակայությունը հնարավոր այլ ձեւաչափերի նկատմամբ, թե՞  նոր հնարավորություն եւս դիտարկվում է։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ