[ARM]     [RUS]     [ENG]

Ամերիկյան «զսպու՞մ», թե՞ ռուսական «ճեղքում»

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը ոչ դիվանագիտական հայտարարություն է արել Ադոլֆ Հիտլերի «հրեական արյան» մասին։ Իսրայելում դա ընդունել են որպես անարգանք Հոլոքոստի զոհերի հիշատակին։ Նույն օրը մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ նախագահը պատրաստվում է մեկնել Պարսից ծոցի արաբական երկրներ, Իսրայել եւ Պաղեստինի ինքնավարություն։ Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ նկատելի սառնություն կա իսրայելա-ամերիկյան հարաբերություններում։ Իսրայելը հրաժարվել է սպառազինություններ եւ ռազմական տեխնոլոգիաներ վաճառել Ուկրաինային։ Իսրայելի վարչապետ Բենետը օտարերկրյա հազվագյուտ առաջնորդներից է, ում հետ դեռեւս անցյալ աշնանը Ռուսաստանի նախագահը դեմ առ դեմ բանակցության ընթացքում քննարկել է Ուկրաինայի թեման։

Մայիսի 5-ին կայացել է Ռուսաստանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցը։ Այն, կարծես, հարթել է Լավրովի անզգույշ արտահայտությամբ սրված միջադեպը։ Բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրությունը ժլատ է։ Իսրայելի անհանգստությունը հասկանալի է․ ԱՄՆ-ում չեն բացառում Իրանի հետ ինչ-որ համաձայնության հասնելու եւ այդ երկիրը մեկուսացումից դուրս բերելու հնարավորությունը։ Իսրայելը եւ Իրանը սպառնալիք են համարում մեկը մյուսի գոյությունը, եւ վերջին շրջանում Իսրայելի անվտանգության երաշխավորներից մեկն էլ, թերեւս՝ ամենագործնականը, Ռուսաստանն է եղել։ Եթե խնդիրը դիտարկենք այդ կտրվածքով, ապա Իսրայելի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հեռախոսազրուցի քաղաքական նշանակությունը նրանում է, որ հրեական պետությունը դրանով ազդակ է հղում, որ շարունակում է Ռուսաստանը ճանաչել որպես գերտերություն։ Այդ կերպ, կարծես, չեզոքացվում է Պարսից ծոցի երկրներից եւ Իսրայելից հակառուսական ալյանս ձեւավորելու վտանգը, որ դիտարկվում է ԱՄՆ նախագահի սպասվող շրջագայությունից։

Ռուսաստանի դեմ արեւմտյան էքսպանսիան ծավալվում է նաեւ այլ տարածաշրջաններում։ Փաստացի Ուկրաինան ոչ միայն ռազմական, այլեւ աշխարհաքաղաքական ծրագրավորումների «փորձադաշտ» է։ Ինչպե՞ս է լուծվելու Ղրիմի, Դոնբասի, արեւելյան այլ մարզերի ռուս կամ ռուսախոս բնակչության հարցը։ Ռուսաստանը պնդում է, որ պետք է գործի Կոսովոյի նախադեպը, երբ անջատումը պայմանավորված չէ «մետրապոլիայի» կամեցողությամբ։ Հավաքական Արեւմուտքը, ինչպես նաեւ Չինաստանը եւ միջազգային այլ հեղինակավոր «խաղացողներ» միանշանակորեն սատարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Մայիսի 5-ին Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված տեսակետ է արտահայտել Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը։ Ըստ այդմ, Մոսկվան շահագրգռված է, որպեսզի Հայաստանում վերականգնվի «նախկին կայունությունը», որը թույլ կտա քայլ առ քայլ հասնել «պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ավարտին են հասցվել» Պուտինի մասնակցությամբ։ Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը՝ Պեսկովը ձեւակերպել է այսպես՝ «Ղարաբաղի վերաբերյալ»։ Նույնը օրը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցի ընթացքում բացահայտել է, որ Հայաստանն առաջարկել է քննարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Մոտեցումն այն է, որ պետք է գտնվեն իրավունքների պաշտպանության եւ անվտանգության երաշխիքների կարգավորումներ, դրանցից էլ պետք է բխի կարգավիճակը։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունից ժամեր անց մամուլում տարածվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «ուղերձը», որով նա Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հորդորել է նստել սեղանի շուրջ եւ իրավիճակից ելքի հարցում գալ համաձայնության։ Տեր-Պետրոսյանի գնահատմամբ՝ ներքին լարվածությունը միայն բարդացնում է Հայաստանի վիճակը, մինչդեռ սպասվում են «բարդագույն բանակցություններ»։ Իրավիճակի ավելի բաց մեկնաբանություն է տվել քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը՝ ձեւակերպելով, որ գերխնդիրը մեկն է՝ «ունեցե՞լ է Լեռնային Ղարաբաղը ինքնորոշման իրավունք, ունի՞ այժմ»։

Տեսական, միջազգային իրավունքի ֆորմալ մեկնաբանության դեպքում հարցի պատասխանը միանշանակ դրական է, բայց ինչպե՞ս հասնել իրական քաղաքական ռեժիմում դրա վերահաստատմանը/հաստատմանը. ահա հայկական կողմի գերխնդիրը։ Փորձագիտական որոշ շրջանակներ գտնում են, որ այս փուլում ԼՂ կարգավիճակի հարցի քննարկումը ռիսկային է, այն պետք է «սառեցվի»։ Ուկրաինական ճգնաժամին նախորդած շրջանում դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն էր նաեւ։ Այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարեւորությունը չափազանց մեծ է։ Հայ-ադրբեջանական «կարգավորման» նկատմամբ ԱՄՆ-ից ցուցաբերվող նախաձեռնողականությունը վկայում է ռուս-ամերիկյան «ստորջրյա» լուրջ մրցակցության մասին եւ բացառված չէ, որ Մոսկվան փորձի հասնել «ճեղքման»՝ ի հակակշիռ իրավիճակի «զսպման» ամերիկյան բարդ եւ բազմաքայլ դիվանագիտության։  Բայց ի՞նչ «լուծում» կարող է ե՛ւ բավարարել կողմերին, ե՛ւ նրանց պահել ռուսական ազդեցության գոտում՝ չափազանց դժվար է պատկերացնել։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ