Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Իսրայելը Ադրբեջանում «կարմիր գի՞ծ է հատել»

Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» սկզբից ի վեր Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները մի քանի անգամ պաշտոնական հայտարարություն են տարածել այդ երկրում Միացյալ Նահանգների կենսալաբորատորիաների մասին։ Ռուսական կողմը նույնիսկ սպառնացել է փաստաթղթեր հրապարակել, որ կվկայեն Ուկրաինայում փորձարկումների եւ տարատեսակ վիրուսների ստեղծման եւ դրանք այլ երկրների դեմ որպես «կենսաբանական զենք օգտագործելու իրական ծրագրերի մասին»։ Մինչ այդ էլ Մոսկվան սուր հետաքրքրություն էր ցուցաբերում նախկին խորհրդային երկրներում Միացյալ Նահանգների կենսալաբորատորիաների առկայության թեմայով։ «Թիրախային» է համարվում նաեւ Հայաստանը, որտեղ վերջերս ռուսաստանցի մասնագետներին հնարավորություն է տրվել ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը։

Այս առումով չափազանց հետաքրքիր է, որ մայիսի 7-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, ի պատասխան ռուսական կողմի անհանգստության, ասվում է, որ երկրի տարածքում «երրորդ երկրի կենսալաբորատորիաներ չկան, փորձարկումներ, որ կսպառնային հանրապետության եւ հարեւան երկրների բնակչության անվտանգությանը, չեն իրականացվում»։ Դա կարելի էր համարել ստանդարտ-դիվանագիտական արձագանք, եթե չօգտագործվեր «երրորդ երկիր» ձեւակերպումը։ Ռուսաստանի քննադատության հասցեատերը կոնկրետ Միացյալ Նահանգներն է, Ադրբեջանը կարող էր «հավաստիացնել», որ իր «տարածքում ամերիկյան կենսալաբորատորիաներ չեն գործում»։

Ո՞ր երկրի մասին է խոսքը՝ կարելի է միայն ենթադրել։ Օրերս Բաքվում է գտնվել Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը։ Իսրայելի նախկին կառավարության կազմում նա զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նրա օրոք են կնքվել սպառազինությունների եւ տեխնոլոգիաների ձեռքբերման, ինչպես նաեւ հարվածային ԱԹՍ-ների համատեղ արտադրության մասին իսրայելա-ադրբեջանական պայմանագրերը։ Իսրայել ադրբեջանական նավթի, հացահատիկի եւ այլ ապրանքների ներկրման օրակարգը, որ պաշտոնապես վերագրվում է Լիբերմանի Բաքու այցին, կարող է միայն քողածածկույթ լինել։

Խնդիրը բարդանում է նրանով, որ Միացյալ Նահանգները, ըստ որոշ կանխատեսումների, մոտ ապագայում կարող է Իրանի հետ որոշակի համաձայնությունների գալ։ ԱՄՆ-ն նպատակադրված է նավթի եւ գազի միջազգային շուկայում հնարավորինս «սեղմել» Ռուսաստանին։ Իրանա-ամերիկյան որեւէ գործարք Իսրայելին ձեռնտու չէ։ Իր հերթին Իրանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով հայտարարել է, որ տեղյակ է «տարածաշրջանի երկրներից մեկում սիոնիստական ռեժիմի ռազմական ներկայությանը»։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում իսրայելական հատուկ ծառայությունների ցանցի եւ ռազմատեխնոլոգիական կենտրոնների, բացառված չէ՝ նաեւ կենսալաբորատորիաների մասին է։

Վերջին մի քանի օրերին լարվածություն է առաջացել ռուս-իսրայելական հարաբերություններում։ Ֆորմալ առիթը Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի՝ Հիտլերի «հրեական արյան» մասին արտահայտությունն է։ Բայց Լավրովը նման «անկիրթ» վերաբերմունք չէր ցուցաբերի, եթե կողմերի միջեւ խորքային տարաձայնություններ չլինեին։ Հետեւել է Ռուսաստանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցը։ Դիվանագիտական միջադեպն, ինչպես ասում են, հարթված է։ Բայց ի՞նչ նստվածք կա ռուս-իսրայելական հարաբերություններում եւ տարակարծությունները շոշափու՞մ են նաեւ իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնոլոգիական եւ քաղաքական կապերը, դժվար է եզրակացություն անել։

Հավանական է պատկերվում, որ Ադրբեջանում իսրայելական ազդեցությունը հրեական պետության համար Ռուսաստանի հետ հարաբերություններում հավելյալ ռեսուրս է, որպեսզի Մոսկվան չխորացնի ռազմավարական աջակցությունը Իրանին։ Ռուսաստանը խստորեն պահպանում է Իսրայելի անվտանգության երաշխավորի հանձնառությունը, նունիսկ չի միջամտում, երբ Իսրայելը Սիրիայում թիրախավորում է իրանական ռազմական հենակետերը։ Եւ եթե Իսրայելը Ադրբեջանում «կարմիր գիծ է հատել»՝ սպառնալիք ստեղծելով Ռուսաստանի համար, ապա  կենսալաբորատորիաների բացակայության մասին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունը կարելի է գնահատել ավելի լայն կտրվածքով։

Regnum-ի մեկնաբանը, որ սերտ կապեր ունի ադրբեջանական փորձագիտական եւ քաղաքական որոշ շրջանակների հետ, համարում է, որ «Ադրբեջանի պետականությունը փորձության կենթարկվեր, եթե Իլհամ Ալիեւը գնար Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու ճանապարհով»։ Լիբերմանը Բաքու էր մեկնել, որպեսզի դա հասկացնի՞ Ալիեւին, թե՞ նրան հավելյալ ծանրաբեռնի։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում «ճշմարտության պահը» կախված է ուկրաինական զարգացումներից։ Բացառված չէ, սակայն, որ Բաքուն բախվի Թեհրանի կոշտ ազդեցությանը։ Ամերիկյան ռազմական փորձագետները համարում են, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Իրանը կարող է «դառնալ միջուկային տերություն»։ 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ