[ARM]     [RUS]     [ENG]

Թուրքական երկընտրանքից մեր հնարավորությունը

 

ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի օրը Մարիուպոլում զենքը վայր է դրել եւ Ռուսաստանին գերի հանձնվել ուկրաինացի 268 զինծառայող։ Պետդումայի պատգամավոր Դելյագինը դա անվանել է «հոգեբանական բեկում» եւ համարել, որ եթե «հանձնվում է «Ազովը, ապա հանձնվում է Ուկրաինան»։ Քարոզչական տարրն, անշուշտ, առկա է, բայց փաստը մնում է փաստ․ կատարվել է Ռուսաստանի նախագահի վերջնագիրը, որ «Ազովստալ» գործարանի նկուղներում ամրացած ուկրաինացի զինվորականները պետք է զինաթափվեն եւ հանձնվեն, միայն այդ ժամանակ նրանք կստանան կյանքի պահպանման երաշխիք։ Ինտրիգային է, որ նույն օրը Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ «մոտ ապագայում նախագահը Թուրքիա չի այցելի»։ Ըստ որոշ տեղեկությունների, Էրդողանը խնդրել է հնարավորություն տալ, որ Թուրքիան տարհանի «Ազովի» մարտիկներին, բայց մերժում է ստացել։ ՀԱՊԿ գագաթնաժողովին հաջորդած՝ ռուսական մամուլի մի քանի վերլուծություններում առաջին անգամ ակնարկվում է հետխորհրդային տարածքի նկատմամբ Թուրքիայի «չափազանցված հավակնություններին արձագանքելու անհրաժեշտության մասին»։

Կարեւոր է արձանագրել, որ ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի նախօրյակին Էրդողանը չեղարկել է Բաքու այցը եւ Իլհամ Ալիեւին «հրավիրել»՝ ներկա գտնվելու Ռիզե-Արդվին օդային հաղորդակցության բացման արարողությանը։ Փոխարենը Բաքու է գործուղվել խորհրդարանի խոսնակ Շենթոփը, որը Միլլի մեջլիսի նիստում ելույթ ունենալով՝ բավարարվել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին օժանդակության մասին հավաստիացումներով։ Ալիեւին ճանապարհելուց հետո, մինչդեռ, Էրդողանը խոստովանել է, որ քառասունչորսօրյա պատերազմը  Թուրքիայի համար «ծանր փորձություն էր ոչ միայն ռազմական, այլեւ տեղեկատվաքարոզչական առումով»։ Դա կարելի է համարել կողմնակի վկայություն, որ հայ-ադրբեջանական եւ հատկապես ԼՂ համապարփակ կարգավորման հարցերում Թուրքիայի ռեսուրսները բավարար չեն, որպեսզի Ադրբեջանի հավակնությունները լիովին բավարարվեն։

Թուրքական մամուլի մի շարք հրապարակումներում, որ թարգամանաբար ներկայացնում է inosmi.ru կայքը, Էրդողանը համեմատվում է «թղթամոլի» հետ, որը «տանուլ է տալիս, բայց անընդհատ պարտք վերցնում՝ հուսալով մեկ անգամ ոչ միայն մարել պարտքերը, այլեւ խոշոր շահում ունենալ»։ Իշխող կուսակցության եւ անձամբ Էրդողանի այդ կեցվածքը թուրք մեկնաբանները «չափազանց վտանգավոր» են գնահատում։ Խոսքը մասնավորապես Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում Էրդողանի «խաղամոլային» կեցվածքի մասին է, երբ նա մի կողմից «ձգտում է Ռուսաստանին հաճոյանալ, մյուս կողմից՝ գործարքի մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ»։ Այս կարգի մեկնաբանություններում կանխատեսվում է, որ Թուրքիան արդյունքում «կարող է կորցնել Սիրիայում ազդեցությունը՝ բախվելով նաեւ Իրանի հակազդեցությանը»։ Թուրքական մամուլն, ընդսմին, կենտրոնանում է երկու՝ Միջերկրական ծովի արեւելքի եւ Մերձավոր Արեւելքի, տարածաշրջանների վրա՝ այդտեղ տեսնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։

Միջազգային փորձագիտական կենտրոնները վերջին շրջանում ահազանգում են, որ Միացյալ Նահանգներին այդպես էլ չի հաջողվում «ընդհանուր հայտարարի բերել» Ուկրաինայի հարցում եվրոպական երկրների դիրքորոշումները։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ Գերմանիայի կանցլեր Շոլցի եւ Ֆրանսիայի վերընտրված նախագահ Մակրոնի հեռախոսազրույցները համարվում են վկայություն, որ ԵՄ առաջատար այդ երկրները հակված են Ուկրաինայում գտնել «փոխզիջումային կարգավորում», մինչդեռ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան շարունակում են «Ռուսաստանը հյուծելու» ուղեգիծ զարգացնել՝ հենվելով Արեւելյան Եվրոպայի նախկին խորհրդային եւ կոմունիստական երկրների վրա։

Այս իրավիճակում մեզ համար չափազանց կարեւոր է, թե ինչ դինամիկա կամ հետընթաց կարող է դրսեւորվել ռուս-թուրքական հարաբերություններում։ «Նեզավիսիմայա գազետա»-ն ակնարկում է, որ պետդումայի «կողասրահներում խոսում են Թուրքիային ՀԱՊԿ-ի անդամակցության առաջարկ անելու անհրաժեշտությունից»։ Ռուսաստանի քաղաքական վերնախավում, կարծես, նման «տրոցկիստական» հեռանկարի կողմնակիցներ կան։ Հետկոնֆլիկտային Ռուսաստանի դեպի հարավ եւ արեւելք կողմնորոշման մասին վաղուց է խոսվում, բայց, երեւում է, կան նաեւ հակառակ տեսակետի կողմնակիցներ։ Նրանք հատկապես ուշադրություն են դարձնում Ղազախստանի «օպորտունիստական դիրքորոշմանը»՝ արձանագրելով Կենտրոնական Ասիայում Թուրքիայի դիրքերի ամրապնդման սպառնալիքը։

Թուրքիան Կենտրոնական Ասիայում «հարմարվելու» մի հենարան ունի՝ Ադրբեջանը, որի հետ ցամաքային ուղղակի կապ կարող է հաստատել միայն Սյունիքի «միջանցքով»։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի ձեւաչափով աշխատանքային խմբի հանդիպումը, որ նախատեսված էր մայիսի 17-ին, հետաձգվել է։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել է, որ այն «տեղի կունենա ընթացիկ ամսում»։ Ըստ երեւույթին, առկա են սկզբունքային անհամաձայնություններ։ Ի պատասխան մամուլի հարցադրման՝ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երեւան այցի ընթացքում պնդե՞լ է «Մեղրիով դեպի Նախիջեւան ավտոճանապարհ կառուցելու տարբերակը»՝ փոխվարչապետ Գրիգորյանը հավաստիացրել է, որ ո՛չ Երեւանում, ո՛չ Մոսկվայում ռուսական կողմը երբեք նման առաջարկություն չի արել։

Կարելի է եզրակացնել, որ նոյեմբերի 9-ի,  2021թ․  հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26 –ի՝ Պուտին-Փաշինյան-Ալիեւի հայտարարությունների առանցքային նշանակության ձեւակերպումների շուրջ տարընթերցումներ ունեն ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, այլեւ Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Ուկրաինայի, ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հարցում ռուս-թուրքական համաձայնությունները կամ անհամաձայնությունները, տրամաբանորեն, կարող են էական նշանակություն ունենալ ինչպես հայ-ադրբեջանական սահմանազատման, այնպես էլ ԼՂ համապարփակ կարգավորման գործընթացում։ Եվրամիության միջնորդությունը ոչնչով ամրապնդված չէ եւ կարող է լինել «օժանդակ»։

Դա Հայաստանի համար քաղաքական աջակցություն է, բայց նույնը վերագրելի է նաեւ Ադրբեջան-Եվրամիություն հարաբերություններին։ Ուկրաինայի հարցում «հոգեբանական բեկումը» կարող է Թուրքիային հեռացնել Ռուսաստանից։ Գրեթե համանման իրավիճակ է նաեւ թուրք-ամերիկյան հարաբերություններում, որտեղ ռազմավարական համագործակցությանը զուգահեռ օրակարգային է  նաեւ հայ-թուրքական «հաշտեցման» հեռանկարը։ Այդ մասին ուղիղ հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։ Թուրքական երկընտրանքից Հայաստանը կարող է դիվանագիտական բարելավման լուրջ հնարավորություն ունենալ։ ԼՂ հարցում դա կունենա վճռորոշ նշանակություն, եթե Երեւանին հաջողվի անկորուստ իրացնել ռեսուրսը։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ