[ARM]     [RUS]     [ENG]

Ուկրաինական «Ազովը» հանձնվեց․ ի՞նչ «նոր աշխարհակարգ» է սպասվում

 

 

 

Մարիուպոլում ավելի քան 1000 ուկրաինացի զինծառայող զինաթափվել եւ գերի է հանձնվել։ «Հոգեբանական բեկումը» սկսվել է ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի օրը եւ, ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է տեղեկացնում, շարունակվում է։ «Ազով» ռազմական խմբավորումը, որի մարտիկներն են նաեւ գերի հանձնվում, Ռուսաստանում պաշտոնապես համարվում է «ծայրահեղ ազգայնական»։ Գլխավոր դատախազությունը դիմել է ՌԴ Գերագույն դատարանին՝ խմբավորումը ճանաչելու որպես ահաբեկչական։ Ամենայն հավանականությամբ, այդ որոշումը կընդունվի, ինչը կնշանակի, որ գերի հանձնված «ազովականները» չեն դիտարկվի որպես ռազմագերիներ։ Ըստ երեւույթին, նրանք կդատվեն։ Դա Ռուսաստանի համար քաղաքական հաղթաթուղթ է, մանավանդ, եթե իրեղեն ապացույցներ ձեռք բերվեն, որ «Ազով» խմբավորման հետ «աշխատել են» ՆԱՏՕ-ի եւ  հատկապես Միացյալ Նահանգների ռազմական խորհրդատուներ։

Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ, երեւում է, ընթանում են գաղտնի բանակցություններ եւ քննարկումներ։ Եռամսյա դադարից հետո անցած շաբաթ ուղղակի հեռախոսային կապ է հաստատվել ԱՄՆ եւ ՌԴ պաշտպանության նախարարների միջեւ, նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ՝ նավթային լիակատար էմբարգո սահմանող փաթեթը համաձայնեցնել չի հաջողվել՝ Հունգարիայի վարչապետ Օրբանի սկզբունքային առարկությունների պատճառով։ Տնտեսական պատժամիջոցները հարվածում են Եվրամիության երկրներին, արձանագրվել է պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գնաճ։

Իրավիճակի հաղթահարման փորձ է ձեռնարկել Իտալիան։ Կառավարությանը մոտ կանգնած Republica թերթի տեղեկություններով՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարը Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել «ուկրաինական կարգավորման փուլային ծրագրի նախագիծ»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանձնակատարը պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը՝ ասելով, թե մեկնաբանություններ չունի։ Դա անուղղակի վկայություն է, որ իտալական թերթի տեղեկությունը լիովին հիմնազուրկ չէ։ Republica-ն, ինչպես փոխանցում է  inosmi.ru կայքը, բացահայտել է իտալական ծրագրի հիմնական կետերը եւ հատկանշել, որ նախագծի մշակմանը «անձամբ մասնակցել է» Իտալիայի վարչապետը։

Փուլային կարգավորման այդ ծրագիրը ենթադրում է, որ գործընթացը պետք է սկսվի հրադադարի հաստատմամբ եւ «ռազմաճակատային գծի ապառազմականացմամբ», որից հետո հնարավոր կլինի անցնել առարկայական բանակցությունների։ Ծրագրի ամենաէական մասը վերաբերում է երկու հարցի կարգավորման։ Առաջինը «Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակն է եւ նրա ազատ ինտեգրումը Եվրամիությանը՝ անվտանգության երաշխիքներով»։ Երկրորդը վերաբերում է ռուս-ուկրաինական «տարածքային վեճի» կարգավորմանը։ Ըստ այդմ, Ղրիմը եւ Դոնբասը «պետք է ունենան լիակատար ինքնուրույնություն ոչ միայն իշխանության մարմինների ձեւավորման, տնտեսության եւ մշակութային ինքնության, այլեւ սեփական պաշտպանությունը կազմակերպելու հարցերում»։ Սա մի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորում է, մյուս կողմից՝ երկրի սահմանադրական կարգի փոփոխություն, որի իրացման դեպքում Ուկրաինան կարող է վերածվել Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի տիպի պետության, որ ֆորմալ առումով քաղաքական ամբողջականություն ունեն, բայց փաստացի՝ դաշնային կառուցվածք, որի սուբյեկտներից յուրաքանչյուրն օժտված է պետական ինստիտուտների ինքնուրույնությամբ։

ՏԱՍՍ պետական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովն իտալական այս ծրագրի մասին ասել է, որ «պաշտոնապես ոչինչ հայտնի չէ», եւ իրենք էլ «տեղեկացված են մամուլից»։ Պեսկովը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։ Մինչդեռ Պետական դուման արդեն իսկ Ուկրաինայում «ազատագրված տարածքների իշխանության մարմինների կազմավորման» մասին օրենսդրական քննարկումներ է նախաձեռնել։ Մոտեցումն, ըստ երեւույթին, այն է, որ Ղրիմը, Դոնբասը, ինչպես նաեւ Խերսոնի մարզում ռուսական վերահսկողության տարածքները կարող են միավորվել որպես ՌԴ դաշնային մեկ սուբյեկտ։ Քաղաքագիտական շրջանակներն առաջարկում են պաշտոնապես վերականգնել ցարական Ռուսաստանում ընդունված «Մալոռուսիա» եզրույթը՝ չբացառելով «ռուսական երկրորդ պետության կազմավորումը»։

Մեր դիտանկյունից չափազանց էական է, որ Ուկրաինայում քաղաքական կարգավորման «իտալական ծրագրի» մասին տեղեկատվությանը զուգահեռ Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանը խոսել է ԼՂ կարգավորման մասին՝ ընդգծելով ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկությունների լեգետիմությունը  նոր ստատուս-քվոյի պայմաններում։ Արդյոք, ՄԱԿ-ը կսկսի՞ քննարկումներ՝ գտնելու հակամարտությունների կարգավորման ունիվերսալ մոդել։ Ուկրաինայում եւ նրա շուրջ իրավիճակի հետագա սրացումը հղի է չափազանց ծանր հետեւանքներով։

Արեւմտյան փորձագիտական աղբյուրների կարծիքով՝ Ռուսաստանը «բանակցությունների կնստի միայն Միացյալ Նահանգների հետ»։ Խոսքը «նոր աշխարհակարգի» շուրջ ռուս-ամերիկյան պայմանավորվածության հավանականության մասին է։ Խնդիրն այն է, սակայն, որ կողմերը ձգտում են բանակցություններ սկսել «հաղթածի դիրքերից»։ Իսկ Ուկրաինայում դրան հասնել հնարավոր չէ։ Ամերիկացի մի պաշտոնաթող գեներալ դիպուկ ձեւակերպել է, որ «Արեւմուտքը չի հաղթում, Ռուսաստանը չի պարտվում»։ Որքա՞ն է  ձգվելու այս մրցակցությունը՝ ոչ ոք չի կանխատեսում։ Ակնհայտ է միայն, որ գլոբալ դիմակայության պայմաններում տարածաշրջանային ոչ մի խնդիր կարգավորման հեռանկար չունի։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ