[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՐՈՊԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ Է ԽՈՍՈՒՄ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ՝ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ» ՀԻՇԵՑՆՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Բրյուսելում մայիսի 22-ին կայացած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահը։ Շառլ Միշելի առաջին շեշտադրումը. «Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու վրա»։ Ի՞նչ են նկատի ունեցել Բրյուսելում՝ «ավելի լայն տարածաշրջան» ասելով։ Գուցե՞ Կովկասն ամբողջությամբ։ Ըստ հայտարարության՝ մանրամասն քննարկվել են հումանիտար, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու, անհետ կորածների ճակատագրին առնչվող հարցեր։ ԵԽ նախագահը շեշտել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ Կարելի է ենթադրել, որ Եվրոպական խորհրդի նախագահն Արցախի հարցում առավելապես շահագրգռված է բնակչության իրավունքների պաշտպանության ինչ-որ միջազգային մեխանիզմի կիրառմամբ, ինչը մեր պարագայում ուղղակի անընդունելի է։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում ԼՂ հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու Երևանի առաջարկը։ Բաքվից այլ դիրքորոշում ակնկալելն իրական չէր լինի։ Մեր երկրի դիրքորոշումն առավել հստակ է՝ ինչ ձևաչափով էլ անցկացվեն հանդիպումներն ու քննարկումները, Արցախի կարգավիճակի հարցը պետք է դիտարկվի միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի հենքի վրա։ Թույլ չենք տա որևէ մեկին խախտել Արցախի «կարմիր գծերը», ասել է ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը 1in.am-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ որոշ մարդիկ չեն գիտակցում, որ առանց Արցախի Հայաստանի Հանրապետություն գոյություն ունենալ չի կարող։ Արցախից հրաժարվելը կլինի Ադրբեջանի կատարյալ հաղթանակը։ Բացի այդ, ստեղծված ծանր իրավիճակում չի կարելի «կամ-կամ»-ի քաղաքականություն վարել՝ տուրք տալով ռուսամետ կամ արևմտամետ գաղափարներին։ Ավելորդ չենք համարում անդրադառնալ նաև բրյուսելյան վերջին հանդիպմանը նախորդած զարգացումներին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման նախօրեին հայտարարեց, որ Վաշինգտոնը ողջունում է Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը և պատրաստ է աջակցել խաղաղ նախաձեռնությանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Փրայսը վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավար ու բարգավաճ ապագայի խթանմանը՝ միաժամանակ կոչ անելով շարունակել կողմերի միջև երկխոսությունը։ Այսքանը՝ որպես նախաբան։ Պետդեպի պաշտոնական ներկայացուցչին, ըստ էության, մտահոգել են Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, ուստիև նա ընդդիմությանը հորդորել է սեփական տեսակետներն արտահայտել խաղաղ կերպով, անշուշտ, նաև իշխանությանն է բռնությունից զերծ մնալու խորհուրդ տվել։ Առավել ուշագրավ է անկախության օրվա առթիվ Վաշինգտոնից Ադրբեջանի նախագահին հղված շնորհավորական ուղերձը, որում ԱՄՆ նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ինտենսիվացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել։ Ջո Բայդենը կարևոր մեսիջներ է համարել Ադրբեջանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելը, նաև նրան ցուցաբերված օգնությունը հումանիտար ու էներգետիկ ոլորտներում։ ԵԽ նախագահի հայտարարության կետերից մեկում նշված է, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը հետևել էր ԵԽ նախագահի հայտարարությունը, որում հավաստիացում կար մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին՝ ըստ կողմերի պայմանավորվածության։ Նման բան տեղի չունեցավ։ Մայիսի 23-ին Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել և անդրադարձել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանն առնչվող հարցեր։ Նույն օրը ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հիշյալ իրադարձությունների ֆոնին պետք է որ հասկանալի լինի Ալիև-Էրդողան՝ մայիսի 24-ի հեռախոսազրույցի ենթատեքստը։ Ադրբեջանի նախագահը ոչ միայն դրական է գնահատել բրյուսելյան հանդիպման արդյունքները, այլև ասել է, թե կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցում։ Դրան անմիջապես հետևել է Երևանի արձագանքը՝ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել։