[ARM]     [RUS]     [ENG]

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյան. Մեր պատասխանը Շառլ Միշելին

Հարգարժան պարոն, լինելով Եվրոպայի խորհրդի նախագահ, մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության հանձնառության ստանձնումը, պարտավոր էիք ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական պատմությանը՝ գոնե հարցի միջազգայնացման պահից սկսած։ Երեւում է, շտապել եք եւ «տնային աշխատանք» չեք կատարել։ Կարող եմ լրացնել բացը։ Եւ այսպես. 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԽ Նախարարների կոմիտեն, քննարկելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, որոշում է ձեւավորել Մինսկի խումբ, որը պետք է հասներ հակամարտ կողմերի միջեւ կրակի դադարեցմանը, իսկ երկրորդ փուլում՝ հրավիրեր Մինսկի խորհրդաժողով, որին ԵԱՀԽ անդամ բոլոր պետությունները, այդ թվում եւ Ադրբեջանը, տալիս էին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մանդատ։

Որոշման մեջ հստակ ձեւակերպված է, որ կարգավիճակի հարցով գումարվելիք խորհրդաժողովին կհրավիրվի նաեւ Լեռնային Ղարաբաղը՝ իր ընտրյալ ներկայացուցիչներով։ Մինսկի խմբին, ցավոք, չհաջողվեց հասնել հրադադարի հաստատման, որովհետեւ Ադրբեջանը չուներ հարցի խաղաղ կարգավորման նպատակ եւ փորձում էր պատերազմով հասնել ԼՂ հայ մեծամասնության ֆիզիկական ոչնչացմանը կամ ամբողջական բռնատեղահանությանը։ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի եւ հայ կամավորականների ջանքերով հաջողվեց խափանել Ադրբեջանի այդ ծրագիրը եւ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 1994թ. մայիսի 12-ին պատերազմող կողմերի՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ստորագրվեց հրադադարի համաձայնագիր, որին որպես ԼՂ հայ մեծամասնության անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավոր միացավ նաեւ Հայաստանը։

Նույն տարում ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովը «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում» որոշմամբ վերահաստատեց, որ 1994թ. մայիսի 12-ի հրադադարը ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների, այդ թվում եւ Ադրբեջանի կողմից ճանաչվում է որպես միջազգային լեգիտիմ փաստաթուղթ, որի կողմերը, այսինքն՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պետք է հասնեն պատերազմի վերջը սահմանող քաղաքական համաձայնության, ինչը հնարավորություն կտա գումարել Մինսկի խորհրդաժողով եւ որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այն, որ Ադրբեջանի ապակառուցողականության եւ միջնորդ երկրների միջեւ տարաձայնությունների կամ մրցակցության պատճառով չի հաջողվել իրականացնել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումը, չի նշանակում, թե 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ դրա հետեւանքները կարող են չեղարկել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԽ/ԵԱՀԿ հիմնարար որոշումները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, որոնք միանշանակորեն սահմանում են «Լեռնային Ղարաբաղ» վարչաքաղաքական միավոր՝ որպես ապագա բանակցությունների միջոցով միջազգայնորեն ճանաչվելիք կարգավիճակի սուբյեկտ։

Այդ անանց ձեւակերպումը տեղ է գտել նաեւ նոյեմբերի 9/10-ի եռակողմ Հայտարարության մեջ, որ ստորագրել է նաեւ Ադրբեջանի նախագահը։ Այնտեղ գրված է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին, այդ միջանցքի եւ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղաբաշխվում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Դա իրավական ուղղակի ուժ ունեցող փաստաթուղթ է, նրա այլ դրույթների հիման վրա է տեղի ունեցել զորքերի հետքաշում։ Ի վերջո, ձեր նախաձեռնությունը չէր լինի, եթե այդ Հայտարարությունը չընդունվեր, պատերազմը չկանգնեցվեր։ Ահա այդ փաստաթղթում գրված չէ, որ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը Լաչինի միջանցքով կարող է կապվել Հայաստանի հետ»։ Պարզորոշ սահմանված է, որ Լեռնային Ղարաբաղը՝ որպես վարչաքաղաքական միավոր, Լաչինի միջանցքով կապվում է Հայաստանին։

Կարծում եմ, դուք հասկանում եք, որ Իլհամ Ալիեւի կողմից ընդունված ներպետական ակտը, որով ձեւավորվել է «Ղարաբաղի տնտեսական շրջան» չի կարող վեր լինել, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերն են, ԵԱՀԽ/ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերը կամ նոյեմբերի 9/10-ի եռակողմ Հայտարարությունը։ Իսկ եթե դուք տուրք եք տվել Իլհամ Ալիեւի ներշնչանքին, որ պատերազմը չեղարկել է ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի իրավական հիմքերը, ապա դա մոտեցում է, որ հակասում է տարածաշրջանում արդարացի, կայուն եւ երկարատեւ խաղաղություն հաստատելու ցանկության մասին ձեր իսկ հավաստիացումներին, որովհետեւ այն արդարացնում է ուժի կիրառմամբ սեփական շահերն իրացնելու Ադրբեջանի քաղաքականությունը, որ հակասում է ՄԱԿ-ի Խարտիային, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին։

Լեռնային Ղարաբաղում ապրում է նախաբնիկ հայություն, որ հազարամյակներ ի վեր եղել է Հայկական պետության մաս կամ ունեցել պետականություն եւ ունենալու է՝ հիմնվելով միջազգային իրավունքի անկյունաքարային սկզբունքների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, ԵԱՀԽ/ԵԱՀԿ հիմնարար որոշումների եւ ներկա փաստացի պետականության ավանդույթների ու արժեքների վրա։

Վահրամ Աթանեսյան