[ARM]     [RUS]     [ENG]

Ուկրաինայի ապագան․ մոդե՞լ, թե՞․․․

 

Դատելով հատկապես արեւմտյան փորձագիտական շրջանակների անհանգստությունից, որ, կարելի է ասել, Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում ամփոփ ներկայացրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քիսինջերը, որ Ուկրաինայում առաջիկա երկու ամիսներին պետք է հասնել կարգավորման՝ թույլ չտալու Ռուսաստան-Չինաստան ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորում, ռուսական «հատուկ ռազմագործողությունը» վերջին շրջանում նկատելի հաջողություններ է արձանագրում։ Bloomberg-ի տեղեկություններով՝ «եթե մինչեւ փետրվարի 24-ը Ռուսաստանը վերահսկում էր Ուկրաինայի տարածքի միայն  7 տոկոսը, ներառյալ Ղրիմը, ապա այսօր՝ 21 տոկոսը»։ Ռազմական գործողությունների երեք ամիսների ընթացքում, այսպիսով, Ռուսաստանը եռապատկել է նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում իր վերահսկողության գոտին։ Քաղաքական առումով «բեկումնային» է  գնահատվում Մարիուպոլում «Ազով» զորամասի ավելի քանի երկու հազար ծառայողների զինաթափումը եւ գերեվարումը։ Նրանց, ամենայն հավանականությամբ, սպասվում է հրապարակային դատավարություն։

Պետական դումայում քննարկում են Դոնբասի եւ Խերսոնի մարզի ապագա կարգավիճակի հարցը։ Ըստ երեւույթին, Ռուսաստանը կմշակի օրենսդրական կարգավորումներ, թեեւ այսօր էլ գործում է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ կազմ ընդունել այլ պետության տարածքի մաս՝ նրա համաձայնությամբ կամ առանց դրա, եթե տվյալ տարածքի բնակչությունը հանրաքվեով կողմնորոշվում է հօգուտ Ռուսաստանի կազմում ընդգրկվելուն։ Հավաքական Արեւմուտքը, կարծես, նախնական ոգեւորությունից անցնում է իրատեսական մոտեցումների։ Գերմանիան եւ Ֆրանսիան, մասամբ նաեւ Իտալիան փորձում են դիվանագիտական կոմունիկացիա վերսկսել Ռուսաստանի հետ։ Եվրահանձնաժողովի նախագահ Լյայենը նույնիսկ առաջարկել է բանակցություններ նախաձեռնել, որպեսզի Ռուսաստանն ապահովի հացահատիկի արտահանումը Ուկրաինայից՝ «խուսափելու համար պարենային գլոբալ ճգնաժամից»։ ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոն արձագանքել է, որ Ռուսաստանը «պատրաստ է միջանցք ապահովել, եթե Ուկրաինան ականզերծի նավահանգիստները»։

Ուկրաինայի շուրջ իրավիճակը մեզ համար կարեւոր է երկու առումով։ Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եվրոպական միջնորդությունը պայմանավորված է Ռուսաստան-Արեւմուտք մրցակցությամբ։ Հայաստանը եվրոպական «թրենդի» մեջ է  մտել սոսկ իրավիճակը կառավարելի պահելու՞ նկատառումներով, թե՞ տեղի է ունենում արտաքին քաղաքական «կողասահք»՝ այս պահին դժվար է հարցին գոնե մոտավոր ճշտության պատասխան տալ։ Ակնհայտ է, սակայն, որ Ադրբեջանը խաղարկում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման իր մասնաբաժնի խաղաքարտը։ Մեզ համար դա կարող է ծուղակ լինել։ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության Հռչակագիր է ստորագրել։ Դա հնարավորություն է, որպեսզի Ուկրաինայում Ռուսաստանի հաջողության դեպքում Իլհամ Ալիեւը կտրուկ շրջադարձ կատարի եւ կարեւորագույն գործարքի գնա Ռուսաստանի հետ։

Երկրորդ հանգամանքն այն է, որ Ուկրաինայի ապագայի հարցում Ռուսաստանը պնդում է Ղրիմի, Դոնբասի, այսօր արդեն՝ նաեւ Խերսոնի մարզի ազատ ինքնորոշումը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, նախկին նախագահ Մեդվեդեւը խիստ քննադատել է Ուկրաինայի «ֆեդերալացման»՝ Իտալիայի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված փուլային ծրագիրը։ Տպավորություն է, որ այդ անզիջում մոտեցումը նպատակ ունի Ուկրաինային պարտադրել, որ ընդունի Ղրիմի եւ Դոնբասի անջատումը։ Ռուս փորձագետները հավանական են համարում Ղրիմի եւ Դոնբասի միավորումը եւ դաշնության նոր սուբյեկտի ձեւավորումը։ Ռուսաստանը համարում է, որ «հատուկ ռազմական գործողությամբ» Դոնբասի հարցով նախկին պայմանավորվածությունները, որ արժանացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը, այլեւս «իրավական նշանակություն չունեն»։

Այս դիրքորոշումը, տրամաբանորեն, Ադրբեջանի հնարավորությունն է՝ ԼՂ հարցում Ռուսաստանի հետ երկխոսությունը կառուցել այն հիմքով, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը չեղարկում է ԼՂ կարգավորման նախընթաց փուլը՝ պայմանավորվածություններով հանդերձ»։ Հայկական դիվանագիտության համար սա չափազանց լուրջ մարտահրավեր է։ Քաղաքական առումով կարող է խոսք լինել ԼՂ կարգավորման նոր գործընթացի մասին, բայց հարց է, թե՝ ի՞նչ հիմքով։ Այդ հիմքը պետք է ձեւակերպվի Երեւան-Ստեփանակերտ ոչ միայն քաղաքական, այլեւ փորձագիտական քննարկումների հիման վրա։ Հուզական հայտարարությունները մեր զինանոցին ոչինչ չեն ավելացնում։ Գրեթե ակնհայտ է, որ ԼՂ ինքնորոշմամբ ավելի շահագրգռված միջազգային դերակատար, քան այս փուլում Ռուսաստանն է, չկա։ Բայց դա ընդամենը «պատուհան» է, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմամբ կարող է «փակվել»։ Ուկրաինայում, ինչպես գրեթե բոլոր վերլուծաբանական կենտրոններն են կանխատեսում, «որոշվում է ապագա աշխարհարկարգը»։ Դա կլինի «մոդելայի՞ն», թե՞ ոչ՝ ըստ այդմ էլ կկարգավորվեն հետխորհրդային տարածքի հակամարտությունները։ 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ