Logo
Print this page

«Բրյուսելյան հարթակից» թուրքական անհանգստություն

Անոնսավորված է Թուրքիայի նախագահի այցը Բաքու։ Այն տեղի կունենա մայիսի 28-ին։ Մայիսի 23-ին Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեբ Էրդողանի հետ եւ ներկայացրել բրյուսելյան բանակցությունների արդյունքները։ Թուրքիան Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը պաշտոնապես չի անդրադարձել, ինչից կարելի է ենթադրել, որ Անկարան, մեղմ ասած, հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորման քննարկումների եվրոպական հարթակը «չի ողջունում»։ Եվրամիության հետ Թուրքիայի քաղաքական հարաբերությունները բարդ են։ Ավելի քան երեք տասնամյակ է՝ Թուրքիան ԵՄ անդամության թեկնածու է, բայց այդպես էլ մնում է «նախասրահում»։ Բացի այդ, Թուրքիան մշտապես շեշտադրում է 2020թ. ղարաբաղյան պատերազմում իր ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական ու տեղեկատվաքարոզչական ներդրումը՝ բնականաբար, ակնկալելով հետկոնֆլիկտային իրավիճակում ավելի ազդեցիկ դերակատարություն։

Հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորմանը Եվրամիության գործուն ներգրավվածությունը Թուրքիան ընկալում է որպես իր նկատմամբ «զսպման քաղաքականության դրսեւորում»՝ ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի դեպքում, երբ Միացյալ Նահանգների ճնշման տակ պաշտոնական Կիեւը չեղյալ հայտարարեց Ռուսաստանի հետ Ստամբուլում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Փաստացի դա ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացից Թուրքիայի միջնորդության բացառում էր։ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները մոտ մեկ շաբաթ առաջ են հանդիպել Ռիզեում։ Եւ եթե առաջացել է նոր հանդիպման անհրաժեշտություն, ապա կարելի է միայն ենթադրել, որ բրյուսելյան բանակցությունների մասին Ալիեւի բացատրությունները չեն բավարարել Էրդողանին։

Թուրքիան հավաքական Արեւմուտքի եւ ամենից առաջ Միացյալ Նահանգների հետ մտել է դիմակայության նոր փուլ։ ԱՄՆ նախագահ Բայդենը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ՆԱՏՕ-ի կազմ ընդունելու հարցով կտրուկ հրաժարվել է մեկնել Թուրքիա եւ բանակցել Էրդողանի հետ։ Վերջինս թեեւ հայտարարել էր, որ Թուրքիայում «ոչ ոք ֆիններին եւ շվեդներին չի սպասում»՝ անցած շաբաթավերջին, այնուամենայնիվ, արտոնել է թուրք-ֆիննական եւ թուրք-շվեդական բանակցություններ՝ նախապես հրապարակելով Թուրքիայի պայմանները։ Այդ շարքում առանձնանում է Սիրիայի հյուսիսում քրդական ինքնապաշտպանական ուժերը նույնպես ահաբեկչական ճանաչելու պահանջը։ Շվեդիայի վարչապետն արդեն իսկ մերժել է Էրդողանի նախապայմանը եւ հայտարարել, որ Եվրամիությունը ահաբեկչական է ճանաչում միայն Քրդական բանվորական կուսակցությունը։

Այս իրավիճակում Թուրքիան քննարկում է Սիրիայի հյուսիսում եւ արեւելքում նոր ռազմագործողություն անցկացնելու հարցը։ Սիրիայի քրդական ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը բաց տեքստով դիմել է Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին՝ կոչ անելով «կատարել իրենց պարտավորությունները»։ Կոնկրետ ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը՝ պարզություն չկա։ Բայց խնդիրն այնքան սուր է, որ Սիրիայի կառավարական զորքերը կարող են ռազմական աջակցություն ցուցաբերել քրդական ուժերին։ Հակառակ դեպքում հարվածի թիրախի է վերածվում նաեւ Հալեպը, որի նկատմամբ հավակնությունները Թուրքիան չի թաքցնում՝ այն համարելով «վաղեմի օսմանյան քաղաք»։

Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի հյուսիսում եւ արեւելքում նոր ռազմական գործողություն սկսելու մասին Թուրքիայի հայտարարությունները դիվանագիտական փորձ են՝ բանակցությունների մեջ մտնելու Միացյալ Նահանգների հետ եւ միաժամանակ ստվերային քննարկումներ սկսելու Ռուսաստանում։ Տեղաշրջանը, որտեղ Թուրքիան մտադիր է ստեղծել «երեսուն կիլոմետր խորքով անվտանգության գոտի», չափազանց կարեւոր նշանակություն ունի նաեւ Ռուսաստանի համար։ Մոսկվան ավանդական կապեր ունի Մերձավոր Արեւելքի քրդական շարժումների եւ ինքնապաշտպանական ուժերի հետ։ Էրդողանի Բաքու այցը, հնարավոր է, ունի նաեւ Ալիեւի միջոցով Մոսկվայի հետ հաղորդակցություն բացելու նպատակ։ Ռուսաստանի նախագահ Պուտինը հետեւողականորեն հետաձգում է Թուրքիա կատարելիք այցը։ Երեւում է, դա խիստ նյարդայնացնում է Էրդողանին։

Խնդիրն ավելի խորքային է։ Միացյալ Նահանգները փորձում է Թուրքիայում «փակել Էրդողանի դարաշրջանը» եւ իշխանության բերել քեմալական-աշխարհիկ-արեւմտամետ ուժերի։ Թուրքիան փաստացի մտել է նախընտրական փուլ։ Եկող տարի նախատեսված են նախագահի եւ խորհրդարանի համաժամանակյա ընտրություններ։ 2024 թվականին սպառվում է Ռուսաստանի նախագահի լիազորությունների հերթական ժամկետը, իսկ դրանից մեկ տարի հետո նախագահական ընտրություններ են սպասվում Ադրբեջանում։ Այս հեռանկարում, տրամաբանորեն, Էրդողանը, Պուտինը եւ Ալիեւը պետք է որ միմյանց համար խնդիրներ չստեղծեն։ Մինչեւ վերջերս փոխադարձ պայմանավորվածությունների հարթակ էր դիտարկվում հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորման ռուս-թուրք-հայ-ադրբեջանական ձեւաչափը։ Եվրամիության միջամտությունը, երեւում է, Մոսկվայում եւ Անկարայում տարընթերցումների տեղիք է տալիս։

Այս իմաստով խոսուն հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան՝ հույս հայտնելով, որ Բրյուսելը կօգնի, որպեսզի իրականացվեն հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունները։ Թուրքիան, ըստ այդմ, քաղաքական «փազլ»-ից դուրս է մնում։ Պետք է, ըստ երեւույթին, սպասել, որ Բաքու այցի ընթացքում Էրդողանը փորձելու է Ալիեւի միջոցով Թուրքիային ներգրել Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային ստատուս-քվոյի շուրջ քննարկումներին։ Առանց Ռուսաստանի համաձայնության դա հնարավոր չէ։ Ի՞նչ է պատրաստ Ռուսաստանին «վճարել» Էրդողանը։ Հնարավոր է՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության արդեն պաշտոնական արգելափակում, բայց դրա փոխարեն, կասկածից դուրս է, Թուրքիան Հարավային Կովկասում ռուս-թուրքական ռազմա-քաղաքական սիներգիայի խնդիր կդնի։ Սկանդինավիայում լինի, Արեւելյան Եվրոպայում, թե Հարավային Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում՝ անգլո-սաքսոնական աշխարհի ազդեցության խորացումը, անկախ նրանից, թե ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության միջոցով է դա կանխածրագրվում, այսօրվա Թուրքիան ընկալում է որպես իր նկատմամբ թշնամական քայլ։ Ինտրիգն այն է, թե Էրդողանը կհասցնի՞ բախտորոշ-ուղենշային որոշում կայացնել, թե ԱՄՆ-ն կհաջողի նրան հեռացնել եւ Թուրքիան վերադարձնել «վեստեռն-թրենդի» միջավայր։

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.