[ARM]     [RUS]     [ENG]

ՍՅՈՒՆԻՔ. ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քառասունչորսօրյա պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքը հայտնվեց համաշխարհային ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետում։ Իսկ վերջին տասնօրյակում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի դեսպաններ՝ Լին Թրեյսիի, Սերգեյ Կոպիրկինի և Աբբաս Բադախշան Զոհուրիի՝ Սյունիք կատարած այցերը մարզի շուրջ ընթացող ոչ այնքան տեսանելի զարգացումների և, իհարկե, աշխարհաքաղաքական սուր մրցակցության մասին են վկայում։ Անցած շաբաթ մարզում մի քանի օր անցկացրեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Վերջինս իր հանդիպումների ընթացքում խոսեց սահմանային անվտանգության հարցերից՝ շեշտելով, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք, իսկ Եվրամիությունը փորձում է աջակցել անվտանգության հարցերի լուծմանը։ Հիշյալ այցերն, ինչ խոսք, կապակցվում են Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը։ Այն տրամաբանությամբ, որ Բրյուսելում, ըստ առկա հաղորդագրությունների, առարկայական քննարկումներ են ծավալվել տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ։ Ոչ միայն։ Քանի որ խոսքը հիմնական ուժային կենտրոնների մրցակցության մասին է, ապա առաջին պլան է մղվում նաև նրանց քաղաքականությունը տարածաշրջանային կարևոր խաղացող Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ 

 Վիկտորինի այցը Սյունիքի մարզ Եվրամիություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով էր։ Նրա հետ Գորիս էին այցելել եվրոպացի դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Վիկտորինի ելույթի շեշտադրումներն ուշագրավ էին այն առումով, որ շոշափում էին ոչ միայն ԵՄ-ի կողմից մարզում իրականացվող ծրագրերը, այլև ուղղակիորեն վերաբերում էին ներհայաստանյան քաղաքական զարգացումներին։ «Դիմադրություն» շարժման հավաքների առնչությամբ նա իր զարմանքն է հայտնել՝ ասելով, թե ինչպե՞ս կարելի է առանց գործողությունների ծրագրի պայքարել փոփոխությունների համար։ «Ես տեսնում եմ, որ բավականին մեծ ճեղքվածք կա հայ հասարակության մեջ։ Նկատում եմ ատելության խոսք, ինչը վտանգավոր է մարդկանց համար այս երկրում։ Տեսնում եմ՝ մարդիկ կարգախոսներ են ներկայացնում առանց լուծումներ ունենալու»,-ասել է նա։

 Եթե արևմտյան դիվանագետների մեսիջները մեկնաբանության տեղ չեն թողնում, ապա միանգամայն  անսպասելի էր ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունն առ այն, որ Իրանը կարող է դառնալ  Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու հարթակ։ Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ սրա մասին նախարարն իրազեկել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ։ Աբդոլլահիանի խոսքով՝ ինքն առաջարկի մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարին։ Այս համատեքստում դիտարկենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը։ Ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ նա ասել է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին ու հավաքական Արևմուտքի կողմից ծավալված առճակատմանը, ակնհայտ է, որ աճում է ԵԱՏՄ-ի գործունեության նկատմամբ հետաքրքրությունը բազմաթիվ օտարերկրյա գործընկերների կողմից։ Նա հատուկ ընդգծել է, որ Իրանի հետ ակտիվ բանակցություններ են տարվում  լայնաֆորմատ համաձայնագրի կնքման ուղղությամբ։ 

   Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ինչպես նաև հաղորդակցության ուղիների վերագործարկման շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների պայմաններում Իրանն այս օրերին հիշեցնում է, որ տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Դեսպան Զոհուրին լրագրողներին մի կարևոր նորություն հայտնեց՝ սկսվել են Կապանում իրանական հյուպատոսություն հիմնելու աշխատանքները՝ համաձայն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության։ Հայաստանի սահմանակից շրջանները կարող են սերտ համագործակցել Իրանի սահմանակից նահանգների՝ Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ։ Նման համագործակցությունն, ըստ դեսպանի, կարող է բավականին արդյունավետ լինել։ Բացի այդ, նախատեսվում է համագործակցություն գիտական, համալսարանական, տնտեսական ու զբոսաշրջության ոլորտներում։ Մոտ ապագայում Սյունիքում այդ նախագծերն ավելի տեսանելի կլինեն, հավելել է Զոհուրին։ Հարկ ենք համարում հիշեցնել Իրանի արձագանքն Ադրբեջանի նախագահի կողմից շրջանառության մեջ դրված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի։ Բարձր մակարդակով Թեհրանն իրազեկեց, որ թույլ չի տալու որևէ փոփոխություն իր երկրի հյուսիսային սահմաններին՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար «կարմիր գիծ» է։ Նաև փորձագիտական մակարդակով  հայտարարվեց, որ «Զանգեզուրի միջանցք» երբեք գոյություն չի ունեցել, դա Բաքվի պատմական կեղծիքն է, որը զուրկ է իրավական հիմքից։               

   Ընդհանուր առմամբ, Սյունիքի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներից ու դրանց վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումից հետևում է, որ Հայաստանը կարող է Իրանից ակնկալել դիվանագիտական աջակցություն։ Բացի այդ, առկա են փոխադարձ պայմանավորվածություններ «Հյուսիս-Հարավ»  էներգետիկ միջանցքի ձևավորման, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ։ «Հյուսիս-Հարավը» իրենից ներկայացնում է աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ենթակառուցվածք, որը նաև Իրանին է հնարավորություն տալու Հայաստանի միջոցով միանալ ԵԱՏՄ միասնական շուկային։         

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ