[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ՝ ՀԱՊԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Եվրասիական տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակում առաջնահերթություն է դառնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների միասնականությունը, պաշտպանության ամրապնդումը, ճգնաժամային արձագանքման ուժերի կատարելագործումը։ Միայն համալիր միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի հաղթահարել ժամանակակից մարտահրավերներն ու վտանգները։ Այս միտքն ընդգծվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից՝ Երևանում հունիսի 6-ին կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։ ԽՎ խորհուրդը բաղկացած է անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներից։ Երևանում նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նրա գնահատմամբ՝ գործնականում կառույցի արդյունավետությունը հաստատվել է 2022թ. հունվարին Ղազախստանի Հանրապետությունում իրականացված խաղաղապահների գործունեությամբ։ Խաղաղապահ ուժերի գործողությունները Ղազախստանի իրավապահ մարմիններին թույլ են տվել ուժերը կենտրոնացնել իրավական կարգի վերականգնման, երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքների վերացման վրա։ Այդ փորձի հիման վրա անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի կատարելագործման ուղղությամբ, ասել է Պետդումայի նախագահը։ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մնում է լարված։ Ադրբեջանը շարունակում է բավականին ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Մտահոգություն է հարուցում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Սիմոնյանը հույս է հայտնել, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որն առանցքային դեր ունի ԼՂ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս քվոն։ Ինչպես հայտնի է, 2022 թվականին ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանի Հանրապետությունը։ Նախատեսվել է ընթացիկ ամսում Երևանում անցկացնել ևս երկու միջոցառում։ Հունիսի 10-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին կմասնակցեն ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը կանցկացվի հունիսի 17-ին։ Ստանիսլավ Զասն ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Մեր ժամանակներում մարտահրավերներն ու վտանգները չեզոքացնելն այնքան էլ դյուրին չէ։ Օրերս ՀԱՊԿ անդամ երկու պետությունների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև լարվածության հերթական դրսևորման ականատեսն էինք։ Հունիսի 3-ին հաղորդվել է երկու պետությունների սահմանին մի քանի ժամ տևած փոխհրաձգության մասին, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Ըստ Ղրղզստանի սահմանապահ ծառայության հայտարարության՝ առաջինը կրակ են բացել տաջիկ սահմանապահները՝ օգտագործելով ականանետեր, ինչին հետևել է ղրղզական կողմի պատասխանը։ Իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ անցած ամսին նույնպես զինված բախում է տեղի ունեցել, արդյունքում ղրղզական կողմից վեց սահմանապահ է վիրավորվել, որոնցից մեկը մահացել է։ Ղրղզստանն ու Տաջիկստանն ունեն սահմանային խնդիր. երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացն առայսօր ավարտված չէ։ Վիճահարույց են մնում ղրղզական կողմից՝ Բատկենի, տաջիկական կողմից՝ Սուղդի շրջանների միջև ընկած հատվածները։ Քանի որ ներկա դրությամբ հստակեցված է ընդհանուր սահմանի 60 տոկոսը, սահմանային բախումներից խուսափելը գրեթե անհնար է։ Դրանք, որպես կանոն, հանգեցնում են մարդկային կորուստների։ Ցայսօր երկու երկրների ղեկավարություններին չի հաջողվում խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, չնայած դիվանագիտական գերատեսչությունները հայտարարում են այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին։ Եվրասիական տարածաշրջանում ծավալվող գործընթացների համատեքստում դիտարկենք ՌԴ արտգործնախարարի այցը Թուրքիա։ Հունիսի 8-ին Անկարայում Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պայմաններում։ Մոսկվայից նախապես իրազեկել են, որ բանակցություններն ընթանալու են Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ։ Չավուշօղլուն ասել է, որ Սերգեյ Լավրովի հետ Թուրքիա կժամանի զինվորականներից բաղկացած պատվիրակություն։ Նա կարևորել է Սև ծովում անվտանգության միջանցքի ստեղծման հարցը, որը ներառելու է նաև հացահատիկի տեղափոխումը։ Ըստ Չավուշօղլուի՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները կքննարկեն միջանցքի ստեղծման ու նաև նավերի մուտքի ու ելքի հետ կապված տեխնիկական հարցեր։ Միջանցքի ստեղծման ուղղությամբ Թուրքիայի ջանքերն Արևմուտքի ուշադրությունից, բնականաբար, դուրս չեն մնում։ Թուրքական «Dunya» թերթն այդ առնչությամբ դիտարկում է արել՝ նշելով, որ ուկրաինական հացահատիկի արտահանումն ապաշրջափակելու և այն Սև ծովով միջազգային շուկաներ արտահանելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերի ձախողումը կարող է հանգեցնել Անկարայի վրա արևմտյան տերությունների ճնշման աճին, ինչն էլ, ի վերջո, տանելու է Մոնտրյոյի կոնվենցիայի նկատմամբ թուրքական դիրքորոշման վերանայման։ Պարբերականը վկայակոչում է Թուրքիայի մեջլիսում առկա տեսակետը, ըստ որի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Թուրքիայի բանակցությունների անհաջողության դեպքում Արևմուտքն Անկարայից կպահանջի ոչ միայն սևծովյան նեղուցներում նավագնացությունը կարգավորող կոնվենցիայի պահանջների թուլացում, այլև կստիպի ամբողջովին նահանջել նրանից։ Դրան կարող են հետևել բրիտանական, ամերիկյան և նույնիսկ եգիպտական ռազմանավերի անցման վրա ճնշումները։ Միջազգային մամուլում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի՝ Եվրամիությունում ու ՆԱՏՕ-ում քննարկվում է ռազմածովային կոալիցիայի ստեղծման հնարավորությունը, որը կզբաղվի Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցով։ Անկարան ի պատասխան հայտարարում է Մոնտրյոյի կոնվենցիային իր հավատարմության և ուկրաինական ճգնաժամի հետ կապված ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի համար նեղուցների փակման մասին։