[ARM]     [RUS]     [ENG]

Աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանումն ու սկզբունքներին հավատարիմ մնալը՝ հրամայական

 

Փոքր երկրների համար, հատկապես նրանց, որոնք շրջապատված են թշնամական հարևաններով, առանցքային աշխարհաքաղաքական խնդիրն իրենց աշխարհաքաղաքական գործոն լինելու պահպանումն է: Առանց դրա նրանք դատապարտված են: Այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորագույն բաղադրիչներից է սկզբունքայնությունը։ Սկզբունքայնության և արժեքային բաղադրիչների բացակայությունը պետությանն ու ժողովրդին զրկում է աշխարհաքաղաքական ինքնավարությունից ու յուրահատկությունից։ Նման պետությունը դառնում է աշխարհաքաղաքական «խորտիկ» հարևանների, հատկապես սկզբունքային և հավակնոտ հարևանների համար։ Արցախն ու Հայաստանը գտնվում են բարդ իրավիճակում, ինչն էլ ավելի արդիական է դարձնում աշխարհաքաղաքական գործոնի կարգավիճակի պահպանման և սկզբունքներին հավատարիմ մնալու հրամայականը»,-հավելել է նա։