[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՎԱՅՐԷ՞ՋՔ, ԹԵ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՕՐԵՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՄԱՄԲ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Թուրքիայում սոցիոլոգիական կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվող պարբերական հարցումների արդյունքում գործող նախագահի վարկանիշի անկում է արձանագրվում։ Ermenihaber կայքը վկայակոչում է թուրքական «Gezici»  սոցիոլոգիական կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքները, ըստ որոնց՝ հաջորդ նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 41,2%-ը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 44,7%-ը, քրդամետ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին բաժին է հասել 9,6%-ը։ Սոցհարցման արդյունքները ներկայացնելիս նշվել է, որ ժողովուրդը հիմնականում դժգոհում է երկրի տնտեսական վիճակից։ Ընտրողների շրջանում այդ դժգոհությունն ու զայրույթը կարող են փոխակերպվել ընդդիմության օգտին տրվելիք ձայների։ Մի շարք սոցիոլոգիական կազմակերպությունների հարցումների համաձայն՝ Էրդողանի վարկանիշն ավելի ցածր է, քան որոշ ընդդիմադիր գործիչների, ինչպես օրինակ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի վարկանիշները։ Թուրքական իշխանությունները, պարզ է, նման իրավիճակում ձեռքները ծալած չեն նստում։ Երկրի Վան նահանգում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն Էրդողանը խոսել է ներքաղաքական իրավիճակից և բացառել Թուրքիայում վաղաժամկետ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Տեղեկատվությունը տարածել է նախագահի վարչակազմը՝ ընդգծելով, որ ընտրությունները կայանալու են սահմանված ժամկետում՝ հաջորդ տարվա հունիսին։ Իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտնել է նախագահական ընտրություններում «Ժողովրդական դաշինք»-ից Էրդողանի թեկնածությունն առաջադրելու մասին։ Դաշինքի մեջ մտնում են իշխող կուսակցությունն ու նրան սատարող՝ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը։ 

Քաղաքական դաշտում որոշակի դերակատարություն ունեցող ընդդիմադիր 6 կուսակցությունները ներկայում արտահերթ ընտրությունների անցկացման հարցն են քննարկում։ Այդ ուժերը համատեղ հռչակագիր են հրապարակել ընդհանուր սկզբունքների հիման վրա դաշինք ստեղծելու մասին՝ հայտարարելով, որ երկրում խորհրդարանական կառավարման համակարգի վերականգնման անհրաժեշտություն են տեսնում։ Այժմ նրանք աշխատում են նախագահական ընտրություններում Էրդողանի դեմ միասնական թեկնածու առաջադրելու ուղղությամբ։ Գտնում են, որ արտահերթ ընտրությունների ճանապարհով կարող են վերացնել նախագահական կառավարման համակարգը, որը 2018թ. Էրդողանին տվել է հսկայական լիազորություններ։

Թուրքիայի գործող նախագահը չի կարող առաջադրել իր թեկնածությունը հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում, գրում է «Cumhuriyet»  թերթը։ Վերջինս հղում է անում սահմանադրական փոփոխությունների նպատակով 2017թ. երկրում անցկացված հանրաքվեի արդյունքներին, որոնց համաձայն՝ նույն անձը չի կարող նախագահի պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու անգամ։ Էրդողանի՝ երրորդ անգամ նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը հակասում է Թուրքիայի սահմանադրության 101-րդ հոդվածին, գրում է թերթը և ապա վկայակոչում 116-րդ հոդվածը, ըստ որի՝ երկրորդ ժամկետով ընտրված նախագահը կարող է նորից առաջադրել իր թեկնածությունը, «եթե Թուրքիայի խորհրդարանն ընտրությունների թարմացման մասին որոշում ընդունի»։ Դրա օգտին պետք է քվեարկի մեջլիսի 600 պատգամավորներից 360-ը։ Իրականում իշխող կուսակցությունն ու նրան աջակցող «Ազգայնական շարժումը» նշված քանակի ձայներ չունեն։ Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում ոչ միայն ներքին, այլև երկրի առջև ծառացած արտաքին քաղաքական խնդիրներն են։ Առանձնահատուկ կարևորություն է տրվում Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին ու թուրք-հունական հարաբերություններին։ Իշխանություններին սպասարկող «Sabah»  օրաթերթը գրում է, որ Սիրիայի հյուսիսային 5 շրջանում, որտեղ Էրդողանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել, ամերիկացի զինվորները քուրդ զինյալների հետ սկսել են պարեկապահակային ծառայություն իրականացնել։ Լրատվամիջոցը դա որակել է ամերիկյան աջակցություն քրդական ուժերին։ Վերջերս էլ պաշտոնական Անկարան ազդակ հղեց Հունաստանին առ այն, որ Էգեյան ծովում, Արևելյան Միջերկրականում և Կիպրոսում Թուրքիայի դեմ կիրառվող ռազմավարությունն Անկարայի համար անհանդուրժելի է։ Սպառնալով Հունաստանին՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ հույներին հիասթափություն է սպասվում, ինչպես եղել է մեկ դար առաջ։ Էրդողանի համար մեծ գլխացավանք է ՆԱՏՕ-ի կողմից Հունաստանին ցուցաբերվող աջակցությունը, ինչն առավելապես Թուրքիային զսպելու նպատակ է հետապնդում։ Անցած ամսին ԱՄՆ-ն Հունաստանին առաջարկել է Կրետե կղզում տեղակայել F-35 և F-15 կործանիչներ։ Սպիտակ տունը պաշտոնական հարցում է ուղարկել Հունաստանի կառավարությանը, և եթե այն հաստատվի, ամերիկյան կործանիչները կտեղակայվեն հունական Սոուդա ավիաբազայում, որը նաև Միջերկրականում ՆԱՏՕ-ի գլխավոր հենակետերից մեկն է։ Թուրքիայի գործող նախագահին որքանո՞վ կհաջողվի հաղթահարել ներքին ու արտաքին մարտահրավերները։ Արդյո՞ք, նա կկարողանա երկրի հիմնական օրենքը ոտնահարելով պահպանել իր իշխանությունը։ Ցույց կտա ժամանակը։ Թուրքիայի նախկին արտգործնախարար, այժմ «Ժողովրդավարություն և առաջադիմություն»  կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը համոզմունք է հայտնել, որ Էրդողանի դարաշրջանն ավարտված է, նրան մնում է վայրէջք կատարել մի հարմար վայրում։