[ARM]     [RUS]     [ENG]

Թուրքիան չի՞ ներգրվում «նոր աշխարհակարգի փազլին»

 

Հունիսի 15-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների միջեւ։ Մանրամասները հայտնի չեն։ Չինաստանի  Global Times պարբերականը, որ պաշտոնական լրատվամիջոցի համարում ունի, ընդհանուր ձեւակերպել է, որ Արեւմուտքին չի հաջողվել «օգտագործել ուկրաինական ճգնաժամը՝ խոչընդոտելու ռուս-չինական համագործակցությանը»։ Արեւմուտքում ավելի ու ավելի հաճախ են խոսում «դեմք փրկելու հնարավորության» մասին՝ նկատի ունենալով, որ Ուկրաինայում կշեռքի նժարը թեքվել է Ռուսաստանի օգտին։ Ոչ ոք այլեւս չի խոսում ռուսական զորքերը 2014թ. սահմաններին վերադարձնելու մասին։ Դոնբասի կորուստը շատերն են համարում կատարված փաստ։ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ելույթում Ռուսաստանի նախագահը հստակ ձեւակերպել է, որ հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականացվեն։ Ուկրաինայի մասնատումն, այսպիսով, կարելի է համարել աշխարհաքաղաքական իրողություն։ Խնդիրն այն է, թե որտեղի՞ց է անցնելու Եվրամիություն-Ռուսաստան բաժանարար գիծը։

Պետերբուրգի տնտեսական համաժողովը միաժամանակ բացահայտեց, որ հունիսի 8-ին Անկարայում Լավրով-Չավուշօղլու բանակցությունները հարթ չեն ընթացել։ Վերլուծաբանների համար անսպասելիորեն պարզ դարձավ, որ Սիրիայի հյուսիսում նոր ներխուժում իրականացնելու թուրքական ծրագրի դեմ միաժամանակ հանդես են գալիս թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը եւ Իրանը։ Ըստ երեւույթին, նման զարգացումն անակնկալ էր նաեւ Ադրբեջանի համար, որը քառասունչորսօրյա պատերազմից հետո բոլոր ծրագրավորումների հիմք է ընդունում, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»։ Բաքվում Թուրքիայի հետ ռազմաքաղաքական ինտեգրացիան գնահատվում է որպես Ռուսաստանի հետ հարաբերություններում «բոնուս»։ Սիրիայի հյուսիսի հարցում Ռուսաստանի եւ Իրանի գործողությունների՝  արդեն ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմական կոորդինացիան Ադրբեջանի համար ազդակ է, որ ռուս-թուրքական համաձայնությունները, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում, մնում են իրավիճակային։

Հայ-ադրբեջանական սահմանազատման, հարաբերությունների կարգավորման եւ հատկապես ԼՂ կարգավորման շուրջ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները, հավանաբար, դիտարկելի են ռուս-թուրքական հարաբերություններում ծագած տարաձայնությունների համատեքստում։ Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ռուսական ուժերը Դոնբասում ուկրաինական կողմից առգրավել են ադրբեջանական արտադրության խոշոր տրամաչափի ականանետեր։ Այն, որ Ադրբեջանը «մարդասիրական օգնություն» է տրամադրում Ուկրաինային՝ հայտնի էր վաղուց։ Սպառազինությունների մատակարարման փաստ բացահայտվում է առաջին անգամ, եւ դա չի կարող անպատասխան մնալ։ Պետք է ենթադրել, որ ադրբեջանական արտադրության ականանետերը Թուրքիայի տարածքով են Ուկրաինա մատակարարվել։ Պետերբուրգի տնտեսական համաժողովի կուլուարներում Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել է, որ Պուտինը «մոտ ապագայում Էրդողանի հետ հեռախոսազրույց չի ծրագրում»։

Դիտարժան է, որ հունիսի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցն անցկացրել է Պետերբուրգում, որտեղ նրան վերստին հարցրել են Փառուխի դեպքերի մասին։ Իր պատասխանում Զախարովան օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղ» ձեւակերպումը, իսկ հունիսի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը։ Հունիսի 16-ին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանը «մերժել է Թբիլիսիում ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման առաջարկությունը»։ Հայաստանի արտգործնախարարությունը հաջորդ օրը հերքեց եւ պարզաբանեց, որ հայկական կողմը պատրաստ է առարկայական քննարկումների։ Հունիսի 18-ին Հայաստան է այցելել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին։ Մինչ այդ Հայաստանում էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։

Ուշագրավ է Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցն Իրան։ Ավելի վաղ կողմերի միջեւ բարձր մակարդակի փոխայցելության համաձայնություն է ձեռք բերվել։ Իրանը եւ Ադրբեջանը դեպի Նախիջեւան կոմունիկացիայի համաձայնագիր են ստորագրել։ Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում իրանական ուղղությունը դիտարկվում է որպես «լրացուցիչ ապահովություն», եթե Թուրքիային չհաջողվի Հարավային Կովկասում «ճեղքում իրականացնել»։ Չափազանց նշանային են ռուս-ղազախական տարաձայնությունները։ Թուրքիան Ղազախստանը դիտարկում է Կենտրոնական Ասիայի լոգիստիկ հանգույց, բայց առանց Ռուսաստանի համաձայնության չի կարող հաստատվել այնտեղ։

Ռուս-չինական գրեթե ռազմավարական համագործակցությունը Թուրքիայի համար աշխարհաքաղաքական «զսպաշապիկ» է նաեւ Հարավային Կովկասում եւ Իրանի հյուսիսում։ Օրերս Իլհամ Ալիեւը Բաքվում հյուրընկալել է Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքին։  Միացյալ Նահանգները շարունակում է զսպել Իսրայելին, որպեսզի Իրանի դեմ բացահայտ ուժ չկիրառվի։ Չափազանց բարդ «խճանկար» է ձեւավորվում։ Եւ ավելի հավանական է, որ Ուկրաինայի հարցում բոլոր միջին տրամաչափի միջնորդները ստիպված կլինեն ընդունել այն «նոր աշխարհակարգը», որի շուրջ համաձայնության կգան կամ որը առանձին ուժային կենտրոնով կձեւավորեն ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Դատելով Վրաստանին ԵՄ անդամության թեկնածություն չտրամադրելու որոշումից՝  Միացյալ Նահանգները Հարավային Կովկասի ամբողջականությունը չտրոհելու կանխածրագրում ունի։ Եթե այդպես է, Թուրքիան, հավանաբար, դուրս է մնում «նոր աշխարհակարգի փազլից»։ Ադրբեջանի համար դա լրջագույն մարտահրավեր կլինի։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ