[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ՝ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Կարին Դոնդրիդի այցերը Բաքու և Երևան հարկ է դիտարկել ոչ միայն հարավկովկասյան երկու հանրապետությունների հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների հեռանկարի, այլև ռուս-ուկրաինական պատերազմի, տարածաշրջանում ուժային կենտրոնների միջև ընթացող մրցակցային պայքարի ու նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում։ Աշխարհաքաղաքական զարգացումների մասով նշենք, որ Արևմուտքը շարունակում է զենքի մատակարարումն Ուկրաինային։ Օրերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները քննարկեցին նոր մատակարարումների հարցը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղորդեց ևս մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնություն Կիևին տրամադրելու մասին։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Փեթրիք Սանդերսը, ով մեկ շաբաթ առաջ է ստանձնել պաշտոնը, հանրայնացրեց իր տեսակետը, ըստ որի՝ բրիտանական բանակը նորից պետք է պատրաստվի պատերազմի Եվրոպայում։ Ռուսաստանն Արևմուտքին կոչ է անում իրատեսորեն գնահատել ներկայիս իրավիճակն ու դադարեցնել զենքի նոր խմբաքանակի մատակարարումն Ուկրաինային։ Մոսկվայի ազդակն այն մասին է, որ ուկրաինական ճգնաժամի պարագայում զենք մատակարարելն ավելի հեշտ է, քան այն Ուկրաինա հասցնելը, քանի որ ռուսական բանակը հետևում է մատակարարումներին ու հրթիռներով ոչնչացնում ուղարկվող զինամթերքը։ Արևմուտքն ակնհայտորեն մոբիլիզացնում է ուժերը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Ի՞նչ դերակատարություն ունի Հարավային Կովկասն այդ գործընթացում։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի «հետախուզական» այցն իր երևացող ու չերևացող կողմերով, կարծես, տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Նա այցելել է Բաքու, այնուհետև՝ Երևան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Չի շրջանցվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը. համապարփակ կարգավորման գործընթացում Երևանը կարևորում է ԱՄՆ-ի առանցքային դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն։ Վարչապետը խոսել է նաև տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խաթարող ադրբեջանական սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտության մասին։ Դոնդրիդն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման իրականացմանը։ Հանդիպում է տեղի ունեցել նաև ՀՀ արտգործնախարարությունում։ Պետքարտուղարի տեղակալի՝ Բաքու կատարած այցի առնչությամբ ադրբեջանական ոչ պաշտոնական լրատվամիջոցը նշում է, որ ի տարբերություն ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք լրագրողների հնչեցրած հարցերն անպատասխան չեն թողնում, Դոնդրիդն ավելի շատ դասախոսություն է կարդացել, խուսափել կոնկրետությունից։ Լրատվամիջոցի դիտարկմամբ՝ ամերիկացի դիվանագետին հետաքրքրել է գլխավորապես տարածաշրջանի անվտանգությունը, պատերազմն Ուկրաինայում և այդ գործընթացներում Ադրբեջանի դերը։ Դոնդրիդը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար Ադրբեջանը պետք է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի։ Բացի այդ, Վաշինգտոնը Բաքվին հորդորում է հրաժարվել ղարաբաղյան խնդրում որդեգրած կոշտ դիրքորոշումից։
Ինչ խոսք, ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների թելադրանքով ԱՄՆ-ն ձգտում է առավելագույն չափով ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Վաշինգտոնի համար մարտավարական խնդիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացող երկրների շրջանակի ընդլայնումը։ Ուկրաինական ճգնաժամի նկատմամբ տարածաշրջանի երեք հանրապետությունների վերաբերմունքը տարբեր է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանում են Ադրբեջանն ու Վրաստանը։ Դա մի հարց է, բայց բոլորովին այլ հարց է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միանալը։ Այս առումով Արևմուտքի համար կարևոր էր Վրաստանի դիրքորոշումը։ Աբխազիայի և Հարավային Օսիայի կորստից դասեր քաղելուց հետո Թբիլիսին ստիպված է աչքի առաջ ունենալ տարածաշրջանի գլխավոր դերակատար Ռուսաստանի շահերը։ Դեռևս ընթացիկ տարվա փետրվարին էր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել, որ Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին։
Պետքարտուղարի տեղակալի այցը կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման տեսանկյունից։ Այս հարցում Ջո Բայդենի վարչակազմը կարող է հնարավորինս զսպել ադրբեջանական ղեկավարությանը՝ հրաժարվելու ագրեսիվ հռետորաբանությունից։ Բայց կա մի հարցական՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում Բաքվի ագրեսիվ նկրտումների զսպումն, արդյո՞ք, Վաշինգտոնի համար առաջնային կարևորություն ունի։ Այլ կերպ ասած՝ որքանո՞վ է Միացյալ Նահանգներին հետաքրքրում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային համարժեք արձագանքի բացակայության փաստը։ Այժմ տպավորությունն այնպիսին է, որ ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելը նոր թափ է հաղորդել Ադրբեջանի՝ էներգակիրների վրա կառուցված արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում գիտակցում են, որ ժողովրդավարության բացակայությունն ու մարդու իրավունքների ոտնահարումներն ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը չեն նպաստում։ Այսինքն, պետքարտուղարի տեղակալի համար որքան գնահատելի է Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինային, նույնքան էլ դատապարտելի է իշխող վարչակազմի ներքին ու արտաքին քաղաքականությունը։