[ARM]     [RUS]     [ENG]

Ռուս-ադրբեջանական «դաշնակցությունը» սուվերե՞ն է, թե՞ թուրք-ադրբեջանականով միջնորդավորված

 

Կանխատեսումը, որ Ուկրաինային հարձակողական ծանր սպառազինությունների մատակարարումը Կիեւում «որոշումներ ընդունող կենտրոնների» թիրախավորման լեգալ իրավունք կտա Ռուսաստանին, մոտ է իրականությանը։ Հունիսի լույս 26-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքում առնվազն յոթ թեւավոր հրթիռ է պայթել, այդ թվում՝ «Կալիբր» համակարգի, որ արձակվում է Սեւ ծովից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է «Արտեմ» ռազմական գործարանի ոչնչացման մասին։ Կիեւի քաղաքապետ Կլիչկոն թելեգրամյան ալիքում գրել է «տասներկու հուժկու պայթյունների» մասին։ Ավելի վաղ ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցներ գրել էին, որ Պուտինը «գիշերը ժամանել է Կրեմլ, որպեսզի կարեւորագույն հայտարարություն անի»։ Պուտինի խոսնակ Պեսկովը հակադարձել է, թե՝ «ոչ, դա այդպես չէ»։

Այդուհանդերձ, քաղաքական դիտորդները խոսում են Պուտինի կողմից «կարեւոր որոշում կայացնելու» մասին՝ հիմք ընդունելով փաստը, որ նույն օրը պաշտպանության նախարար Շոյգուն գործուղվել է Ուկրաինա, որտեղ «օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել հատուկ ռազմական գործողության պատասխանատու հրամանատարների հետ»։ Կիեւը թիրախավորելու որոշում Ռուսաստանը կայացրել է Պուտին-Լուկաշենկո եռօրյա բանակցություններից հետո։ Այդ քննարկումների առայժմ միակ, բայց շատ էական արդյունքն այն է, որ Ռուսաստանը Բելառուսին կմատակարարի «Իսկանդեր Մ» համակարգեր, որոնք ունակ են արձակելու ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկով թեւավոր հրթիռներ։

 Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Բելառուսը «միջուկային մարտագլխիկներ կստանա, եթե համանման սպառազինություն հայտնվի Լեհաստանում»։ Նոր եւ ըստ երեւույթին բախտորոշ իրադարձությունները ծավալվում են Կալինինգրադի մարզի մասնակի շրջափակման հետեւանքով Ռուսաստան-ՆԱՏՕ էլ ավելի խորացող դիմակայության համատեքստում։ Արեւմտյան աղբյուրները ենթադրում են, որ Ռուսաստանը մտադիր է «Բելառուսի տարածքից միջանցք բացել դեպի Կալինինգրադ»։ Խոսքն արդեն Ռուսաստան-ՆԱՏՕ ուղղակի առճակատման մասին է, եթե մոտակա օրերին Եվրամիությունը Կալինինգրադի մասնակի շրջափակումը չվերացնի։

 Հայտնի է դարձել, որ Դոնբասում եւ հարակից ուկրաինական մարզերում վերջին օրերին ռուսական բանակը ռազմավար է վերցրել արեւմտյան մի քանի սպառազինություններ։ Ռուսական «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկությունը, մասնավորապես, հրապարակային շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին՝ Caesar համակարգի երկու հեռահար հաուբիցի համար, որ Ուկրաինայից արդեն տեղափոխվել է Ուրալ, որպեսզի «քանդվեն եւ ուսումնասիրվեն»։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը դա «նվազ հավանական» է գնահատել, բայց փաստ է, որ  Գերմանիան առկախել է Ուկրաինային ՀՕՊ համակարգեր մատակարարելու որոշումը՝ զգուշանալով, որ դրանք կարող են «ռազմավար դառնալ»։

Ուկրաինային նորագույն սպառազինությունների մատակարարման հարցը քննարկման առարկա է դարձել հատկապես Միացյալ Նահանգներում։ Կոնգրեսում անհանգստություն են հայտնում, որ ԱՄՆ-ն արդեն իսկ Ուկրաինա է առաքել հակատանկային «Ջավելին» եւ ՀՕՊ «Ստինգեր» հրթիռների զինանոցի մեկ երրորդը, իսկ ռազմաարդյունաբերական համալիրը բացը լրացնելուն կարող է ձեռնամուխ լինել առավելագույնը մեկուկես-երկու տարի հետո, որովհետեւ հոսքագծերը տեխնոլոգիապես վերականգնելու խնդիր կա։ ԱՄՆ-ն մինչեւ նոյեմբեր առկախել է Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու որոշումը, իսկ թուրքական Բայրաքթարը ռուսական ՀՕՊ համակարգերի համար վերածվել է հեշտ թիրախի։

 Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն կանխատեսում է, որ օգոստոսը վճռական է լինելու Ուկրաինայում։ Հետախուզությունը տվյալներ ունի, որ ուկրաինական զինվորականությունը Դնեպրի երկայնքով երկրորդ ամրացված շրջան կառուցելու ծրագիր է մշակում։ Գերագույն ռադան օրենքով արգելել է զինապարտության տարիքի տղամարդկանց ելքը, շտապ կազմավորվում են տեղական ինքնապաշտպանության գումարտակներ։ Ռազմական փորձագետները Դոնբասի լիակատար «ազատագրումը» համարում են օրերի խնդիր։ Ռուսաստանին հաջողվել է նաեւ որոշակիորեն հաղթահարել միջազգային մեկուսացումը։ Օրերս ԲՐԻԿՍ (Բրազիլիա-Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան-Հարավաֆրիկյան հանրապետություն) կազմակերպության հեռավար գագաթնաժողով է գումարվել, որի ընթացքում «նոր աշխարհակարգի» Ռուսաստանի պատկերացումն ընդհանուր գծերով հավանության է արժանացել։

Այս զարգացումները, հավանաբար, Ադրբեջանին «բերում են» Ռուսաստանի ազդեցության դաշտ։ Ռուս-հայ-ադրբեջանական բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին ՌԴ արտգործախարար Լավրովի՝ Բաքվում հունիսի 24-ին արված հայտարարությունները պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում։ Ամեն ինչ, իհարկե, կանխորոշված չէ։ Իրավիճակ կարող է փոխվել ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում, եթե Միացյալ Նահանգները Թուրքիայի վերաբերյալ սկզբունքորեն նոր մոտեցում կայացնի, բայց դա չափազանց տեսական հեռանկար է։

Առաջիկայում խիստ ինտրիգային է լինելու, թե Ռուսաստանը կընդունի՞ ենթադրյալ «Մեծ Եվրասիա» նախագծում «Թուրքական աշխարհի»՝ որպես ենթահամակարգի եւ այնտեղ Թուրքիայի «առաջնորդության» հնարավորությունը։ Այլ կերպ ասած՝ ռուս-ադրբեջանական «դաշնակցային հարաբերությունները» միջնորդավորվելու են ռուս-թուրքական համաձայնությամբ կամ անհամաձայնությա՞մբ, թե՞ Ադրբեջանը կայացնելու է սուվերեն որոշում՝ ներգրվելով հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հովանու ներքո ինտեգրացիոն ծրագրերին։ ԼՂ կարգավորման ռուսաստանյան նախագծի գործնականացումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված կլինի դրանով։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ