ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ
Սեպտեմբերի 11-ին նախատեսված «Նովոռուսիայի» հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, չի կայանա։ Ենթադրվում էր, որ այդ օրը Լուգանսկի եւ Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունները» եւ Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ ԶՈՒ վերահսկողության տարածքները պետք է ազատ կամարտահայտությամբ հանդես գային կամ Ռուսաստանի հետ միավորման, կամ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմում ընդգրկվելու օգտին։
Ռուսաստանյան մամուլը հանրաքվեի չանցկացման մի քանի «տեխնիկական» պատճառներ է վկայակոչում։ Ակնհայտ է, սակայն, որ միջոցառման առկախումը պայմանավորված է Ուկրաինայի արեւելքում ռազմական իրավիճակի անորոշությամբ։ Վեց ամիս անց էլ ռուսական կողմին չի հաջողվել ամբողջությամբ վերահսկողության տակ առնել Դոնբասը։ Երկրորդ, ոչ կարեւոր հանգամանքն այն է, որ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում չի հաջողվում ձեւավորել լոյալ իշխանություն։ Դա էլ իր հերթին պայմանավորված է բնակչության վերաբերմունքով։ Նույնիսկ ռուսաստանյան աղբյուրներն են վկայում, որ սխալ էր հաշվարկը, թե Ուկրաինայի արևելքի բնակչությունը «ռուսական տանկերին կդիմավորի ծաղկեփնջերով»։ Ռուսաստանը «խրվել է» Ուկրաինայում։ Նախկին խորհրդային տարածքի երկրները տենդագին որոնումների մեջ են, որպեսզի հնարավորինս ապահովեն իրենց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրները եւ Ադրբեջանը սեփական ապագան պայմանավորում են Թուրքիայի հետ համագործակցության խորացման հեռանկարով։ Տաջիկստանն իր հերթին ռազմաքաղաքական շփումներ է հաստատում Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ։ Սոչիում ՌԴ եւ Թուրքիայի նախագահների չորս ժամ տեւած բանակցություններից հետո պարզ է դառնում, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ազդեցության պահպանման լրջագույն խնդիրներ ունի, որ չի կարող լուծել առանց Թուրքիայի հետ սկզբունքային պայմանավորվածությունների։ Օգոստոսի առաջին օրերին ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակի հերթական սրացումը եւ դրա վերաբերյալ Մոսկվայից հնչած մեկնաբանությունները վկայում են, որ Թուրքիայի եւ մասամբ էլ Ադրբեջանի աշխարհաքաղաքական կարեւորությունը գերադասվում է։ Դա, ինչպես ասում են՝ «ռեալ-պոլիտիկ» է։ Հավաքական Արեւմուտքը շարունակում է սպառազինել ուկրաինական բանակը։ Նախկին պետքարտուղար Քիսինջերը խոստովանել է, որ ԱՄՆ-ը «մեկ քայլի վրա է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ պատերազմից»։ Խոսքը փաստացի առճակատման մասին է, հիբրիդային-միջնորդավորված պատերազմն ընթանում է վաղուց։ Տեղի է ունենում նաեւ համաշխարհային տնտեսության եւ առեւտրային հաղորդուղիների վերակառուցում։ Թուրքական մամուլը նկատել է, որ Չինաստանի «Մետաքսի ճանապարհի» նախագծի կամուրջի «մի ոտքը Հայաստանում է, մյուսը՝ Թուրքիայում»՝ նկատի ունենալով Սյունիքում հաղորդուղիների գործարկման աշխարհաքաղաքական կարեւորությունը։ Միջազգային մամուլը, մինչդեռ, հիմնականում թերահավատ է, որ Թուրքիան «ունակ է կրելու քաղաքական հավակնությունների բեռը»։ Թուրքական տնտեսությունը ռեցեսիա է ապրում։ Ըստ երեւույթին, նաեւ այդ պատճառով է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը մտադրված են խորացնել առեւտրա-տնտեսական կապերը՝ տարեկան ապրանքաշրջանառության ծավալները հասցնելով 100 միլիարդ դոլարի։ Դա շատ բարձր նշաձող է, եթե նկատի ունենանք, որ ներկայիս ծավալները կազմում են հռչակվածի հազիվ մեկ երրորդը։ Տնտեսական եւ կոմունիկացիոն նախագծերը, հավանաբար, ուրվագծում են նոր աշխարհակարգը։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը եւ Թուրքիան Չինաստանի հետ կձեւավորեն եվրասիական տնտեսական շուկա եւ հաղորդուղիների նոր համակարգ։ Այս համատեքստում չափազանց պահանջված է հայկական դիվանագիտության հաշվենկատ զգուշավորությունը։ Դա վերաբերում է հարաբերությունների ամբողջ «երանգապնակին»։ Առաջին հերթին, իհարկե, պետք է կարգավորվեն անվտանգային խնդիրները։ Այս իմաստով կարեւորվում է Ստեփանակերտի քաղաքական սուբյեկտությունը։ Պետական համակարգը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը, հանրային շրջանակները խնդիր ունեն բյուրեղացնելու նախ իրավիճակի ընդհանուր գնահատականը, ապա՝ ելքի շրջանակը, ճշգրտելու գործիքակազմը։ Ժամանակը սեղմում է, լուծումների առաջարկ ինքներս պիտի բերենք եւ հիմնավորենք։ Դա լիարժեք երաշխիք չէ, բայց ավելի օպտիմալ է, քան լռելյայն սպասողականությունը։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ