[ARM]     [RUS]     [ENG]

Արցախյան երրորդ պատերազմից հետո Սեպտեմբերի 2-ի խորհուրդն ավելի է կարևորվել.Դավիթ Բաբայան

 

Արցախի Հանրապետության օրը հայ ժողովրդի մեծագույն տոներից է, որովհետև ԼՂՀ հռչակումը նոր էջ է բացել հայոց պետականության պատմության մեջ և ամենահավակնոտ աշխարհաքաղաքական քայլն էր, որ իրականացավ 31 տարի առաջ: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցելուց հետո: «Ներկայում շատ ավելի պիտի վերաարժևորենք այս օրը, որովհետև այժմ ճակատագրական պահ է Արցախի համար: Հիմա Արցախը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առջև, առերեսվում է գոյաբանական մարտահրավերների: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախը փրկվի, քանի որ հենց Արցախի փրկությամբ է պայմանավորված նաև հայոց պետականության և հայ ժողովրդի ապագան: Այո, իրավիճակը բարդ է, բայց լուրջ մարտահրավերներից բացի, կան նաև հնարավորություններ: Աշխարհաքաղաքական ներկա զարգացումները վկայում են, որ կան ուժային կենտրոններ, որոնք շահագրգռված են Արցախի լինելիության հարցում: Այդուհանդերձ, Արցախի լինելիությունն ամենաշատը մեզնով է պայմանավորված, մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք: Պետք է միասնական ուժերով ամեն ինչ անել, որպեսզի Արցախի ընթացքն ու պատմությունը շարունակական լինեն», -ընդգծեց Դ. Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախյան երրորդ՝ ծանր պատերազմից հետո Սեպտեմբերի 2-ի տոնի խորհուրդն ավելի է կարևորվել: «Արցախի Հանրապետությունը համայն հայության զավակն է: Ուստի միասնական պիտի քայլեր ձեռնարկենք ստեղծված իրավիճակից դուրս գալու և առկա մարտահրավերների դիմակայման գործում: Արցախը, Մայր Հայաստանը և Սփյուռքը պիտի միասնական աշխատեն, կարողանանք փրկել այն, ինչ ունենք»,-նշեց արտգործնախարարը:

Աննա Ալեքսանյան