Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Ռուս-թուրքական սիներգիան հասել է «կարմիր գծի՞»

 

Ռուսաստանի հեռավոր արեւելյան ռազմական օկրուգում սեպտեմբերի 1-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային «Արեւելք 2022» զորավարժությունները։ Այդ տարածաշրջանում նախորդ զորավարժությունները կազմակերպվել են 2018թ․, որոնց մասնակցել են Չինաստանի եւ Մոնղոլիայի զինվորականները: Այս անգամ նախատեսված է, որ կմասնակցի նաեւ Հնդկաստանը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ին Պուտինը կգտնվի Վլադիվոստոկում։ Ենթադրաբար, այդ օրը Վլադիվոստոկում կգտնվեն նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի պաշտոնական ներկայացուցիչներ, ըստ երեւույթին, պաշտպանության նախարարների մակարդակով։ Հեռավոր Արեւելքում լայնածավալ զորավարժությունների մեկնարկի օրը Վլադիմիր Պուտինը գտնվել է Կալինինգրադում։ Անկլավային այդ մարզի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը մասնակիորեն հանգուցալուծվել է միայն վերջերս, վերականգնվել է Ռուսաստանի հետ երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը։ Կալինինգրադում Ռուսաստանի նախագահը հռչակել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» նոր նպատակ՝ «ոչնչացնել նախկին Ուկր․ ԽՍՀ տարածքում ստեղծված հակառուսաստանյան անկլավը»։ Խոսքը ի՞նչ տարածքի մասին է՝ առայժմ հստակ չէ։ Նույն օրը Պուտինի մամուլի խոսնակը բավականին կոշտ արտահայտություններ է արել Թուրքիայի նախագահի հասցեին եւ բացառել նրա միջնորդությամբ Ուկրաինայի հետ բանակցությունների հավանականությունը։ Պեսկովը պարզորոշ ասել է, որ Թուրքիայի հետ Ռուսաստանը համագործակցում է եւ կհամագործակցի այն հարցերում, որոնք համապատասխանում են իր ազգային շահերին։ Վերջին շրջանում ռուսաստանյան մամուլում ավելի ու ավելի հաճախ են Թուրքիայի, նրա կողմից «Թուրքական աշխարհ» ձեւավորելու եւ առանձին աշխարհաքաղաքական բեւեռ գլխավորելու մտադրությունների առթիվ մտահոգություններ հնչում։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստան-Թուրքիա հետագա հարաբերություններում նշանակալի է լինելու Շանհայի համագործակցության կազմակերպության Սամարղանդի գագաթնաժողովը, որ նախատեսված է սեպտեմբերի 15-ին։ Ռուսաստանյան մամուլի գրեթե ամենօրյա հրապարակումներից դիտարկվում է Մոսկվա-Պեկին համագործակցությամբ Կենտրոնական Ասիայում Թուրքիային «զսպելու» ռազմավարություն։ Ընդ որում, այստեղ անառարկելի շահ ունի նաեւ Չինաստանը․ եթե «Թուրքական աշխարհ» նախագիծը ռազմաքաղաքական դաշինքի հասնի, ապա վտանգվում է Չինաստանի հյուսիսը, որտեղ թրքախոս ույղուրները ձգտում են հռչակել «Արեւելյան Թուրքեստան» պետություն։ Մեզ համար խնդրի դելիկատությունը պայմանավորված է Սյունիքի հարավի կոմունիկացիաներով: Եթե ընդհանուր կոնյունկտուրան փոխվում է, ապա Չինաստանը եւ Ռուսաստանը կորցնում են, այսպես կոչված, «Զանգեզուրի» կամ, ինչպես Թուրքիայում են բնորոշում՝ «Միջին միջանցքի» նկատմամբ գլոբալ հետաքրքրությունը։ Թեման սեպտեմբերի 1-ին քննարկել են նաեւ Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները, նույն օրը կայացել է Հայաստանի եւ ՌԴ արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը։ Դրամատիկ լարվածություն է արձանագրվել իրանա-ադրբեջանական քարոզչատեղեկատվական դաշտում։ Իրանում խոսում են «Հյուսիսային Ադրբեջանի» մասին, Բաքուն հակադարձում է, որ «Հարավային Ադրբեջանը պետք է ազատագրվի պարսկական շովինիզմից»։ Սրանք ավելի խորքային հակասությունների դրսեւորումներ են: «Ուոլ սթրիթ ջորնել» պարբերականը գրում է, որ Ուկրաինայի եւ, առհասարակ, նոր աշխարհարկարգի թեմայով քննարկումներ կսկսեն Իսրայելում համապետական, ԱՄՆ-ում՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Ժամանակագրական առումով դրանք համընկնում են Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահի միջնորդության հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլին, ինչի մասին անոնսավորվել է օգոստոսի 31-ի Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո։ Մոտավորապես նույն ժամկետներում՝ մինչեւ ընթացիկ տարեվերջ, Իրանը մտադիր է կազմակերպել Հարավային Կովկասի հարցերով 3+3 ձեւաչափի հանդիպում: Այդ ժամանակը, որ դիվանագիտական առումով ամենեւին էլ մեծ չէ, Ստեփանակերտը կարող է օգտագործել քաղաքական կոնսենսուսի հասնելու, կառավարման համակարգը օպտիմալացնելու եւ սուբյեկտությունը ինստիտուցիոնալ ամրապնդելու համար: Կարելի է զգուշորեն ենթադրել, որ հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորման բրյուսելյան օրակարգը գլոբալ առումով չի հակադրվում Ռուսաստանի շահերին, եթե նկատի ունենանք, որ Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները չափազանց խնդրահարույց են, իսկ Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելքում նոր դաշնակիցների քաղաքականություն է սկսել եւ միաժամանակ արդիականացնում է Հունաստանի զինված ուժերն ու այդ երկրում իր ռազմակայանները։ Դա հարուցում է Թուրքիայի նյարդային դժգոհությունը։ Ամենայն հավանականությամբ, թե՛ Սիրիայում, թե՛ Հարավային Կովկասում եւ մանավանդ Ադրբեջանում եւ Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական սիներգիան հասել է Ռուսաստանի համար անվտանգային «կարմիր գծի»։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ