[ARM]     [RUS]     [ENG]

Դարձյալ ժամանակ ենք կորցնում

 

Երբ «Մադրիդյան սկզբունքները» ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների համատեղ Հայտարարությամբ գաղտնազերծվեցին, եթե հիշողությունս չի դավաճանում՝ դա 2009-ին էր, լինելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանդիպում խնդրեցի մի բարձրաստիճան պաշտոնյայից (ոչ Արցախի նախագահից) եւ շատ զգուշորեն առաջարկեցի մի գաղափար՝ Հայաստանի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ սկսել, որպեսզի կարգավորման այդ Հայեցակարգը իրավաբանորեն ամրագրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Բանաձեւով։

Կոսովոն նոր էր միակողմանի անկախություն հռչակել, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը խորհրդատվական եզրակացություն էր տվել, որ Պրիշտինայի այդ քայլը չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին։ Հիմնավորումս այն էր, որ Ադրբեջանը չի ընդունելու ԼՂ-ում «հետաձգված հանրաքվեի» առաջարկությունը, եւ միայն ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւի դեպքում մենք ինքնորոշման իրավունքի իրացման հուսալի երաշխիք կունենանք։ Ասածս գրեթե բառացիորեն այս էր. «ՄԱԿ-ի ԱԽ երեք մշտական անդամ պետությունների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ Հայտարարություն են ստորագրել, ի՞նչն է խանգարում, որ նրանք Բանաձեւի կոնսենսուսային նախագիծ ներկայացնել»։

Պաշտոնյան խորհուրդ տվեց, որ թողնեմ՝ իրենք հանգիստ աշխատեն եւ բավական թափանցիկ հասկացրեց, որ «Մադրիդյան սկզբունքները» մեր երազանքի փաստաթուղթը չէ։ Կարճ ժամանակ անց, երբ Կազանի հանդիպումը տապալվեց, համանախագահներից մեկը հայտարարեց, որ «միջնորդների երեւակայությունը սպառված է»։ Դա հստակ ուղերձ էր, որ նոր առաջարկություններ չեն արվելու, ինչը եւ ֆորմալ առումով տեղի ունեցավ, բայց գործնականում քննարկումների հետագա ամեն մի փուլ նվազեցրեց հայկական կողմի մանեւրի միջակայքը։ Ինչ տեղի ունեցավ՝ մանրամասնելու կարիք չկա։

Այսօր իրավիճակի հարաբերական կառավարման մի փաստաթուղթ ունենք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարություն։ Վատ է, ահավոր ծանր է, բայց սա է իրականությունը, որից չենք կարող խուսափել։ Եւ մենք դարձյալ ժամանակ ենք կորցնում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Փորձեմ հնարավորինս պարզ ձեւակերպել. այդ փաստաթուղթը, որքան էլ արտառոց հնչի, լիովին չի արտահայտում Ադրբեջանի շահերը։ Եւ իրավիճակի պերմանենտ սրման Բաքվի հիմնական շարժառիթը, պետք է ենթադրել, մեկն է՝ նոր պատերազմ՝ նոր զինադադար, բայց արդեն՝ հայկական կողմի համար ավելի ծանր պայմաններով։ Պարզ ասած՝ «անվերապահ կապիտուլյացիա»։ Սրան է ձգտում Ալիեւը։

Սեպտեմբերի կեսերի էսկալացիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ քննարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ Բաքվի նկրտումները միջազգային աջակցություն չունեն։ Չնայած հայկական լրագրողա-փորձագիտական որոշակի շրջանակներից գեներացվող քարոզչությանը, իրավիճակի որեւէ փոփոխություն ձեռնտու չէ նաեւ Ռուսաստանին, որովհետեւ չկա երաշխիք, որ կարճատեւ կամ լայնածավալ պատերազմից հետո նոր զինադադար չի կնքվի այլ երկրի միջնորդությամբ՝ դրանից բխող աշխարհաքաղաքական հետեւանքներով հանդերձ։

Ռուսաստանն, ընդհակառակը, ունի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պահպանելու եւ միջազգայնորեն լեգիտիմացնելու խնդիր։ Արեւմտյան բեւեռն էլ իր հերթին ձգտում է պոստկոնֆլիկտային դերակատարության։ Շահերի համադրում կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Բանաձեւը։ Եւ այս ուղղությամբ պետք է նախաձեռնողական լինի հայկական կողմը։ Երբ Էրդողանն է հայտարարում, որ Ադրբեջանը «ավարտել է սահմանային գործողությունը», էսկալացիայի հովանավորը եւ իրական շահառուն բացահայտվում է։

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ