[ARM]     [RUS]     [ENG]

25-Ն ԸՆԴԴԵՄ 72-Ի. ՀՈՒՅՍ, ԱՐԴՅՈՔ, ԿԱ՞

ՌԵԳՆՈՒՄ գործակալության տեղեկատվությամբ` ադրբեջանական ՙԽակկին.ազ՚ կայքն իր ընթերցողների քննարկմանն է ներկայացրել  ՙԻնչպե՞ս եք Դուք գնահատում Իլհամ Ալիևի ջանքերը` Հունգարիայից Ռամիլ Սաֆարովի (ով նախկինում դատապարտվել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար) արտահանձնման ու ներման ուղղությամբ՚ հարցը:
Հրատարակչության տվյալներով` ՙընթերցողներն աննախադեպ բարձր ակտիվություն են ցուցաբերել, և կարճ ժամանակամիջոցում հարցմանը մասնակցել է 843 մարդ՚: Անմիջապես նշենք, որ 843-ը 9 կամ նույնիսկ 7 միլիոնանոց Ադրբեջանի համար բոլորովին թիվ չէ: Սակայն, ըստ երևույթին, ադրբեջանական կայքի խմբագրությունում շատ են շտապել  հրապարակել տվյալները, դրա  համար էլ չեն սպասել  հարցվածների թվաքանակը գոնե հազարի հասնի. սոցիոլոգիական հարցումներում հենց այդ քանակն է համարվում նվազագույն սահման` համապատասխան եզրահանգումների համար։
Սակայն բանն անգամ դրանում չէ, այլ` բուն գնահատականներում, որոնք հազիվ թե էական փոփոխությունների ենթարկվեին համամասնության առումով, եթե հարցումը  որոշ ժամանակ ևս շարունակվեր։ Ճիշտ է, խմբագրությունն ինքը գտնում է, որ կարծիքների միջեւ տարբերությունը ( Ի. Ալիեւի որոշմանը ամբողջությամբ կամ մասնակիորեն հավանություն տված 72 տոկոս՝ ընդդեմ այդ որոշմանը մասնակիորեն կամ ամբողջությամբ հավանություն չտված 25 տոկոսի) կարող էր ավելի մեծ լինել, եթե նրանք ՙհարցումն ավարտեին մի շաբաթ շուտ՚։
Բանն այն է, որ ադրբեջանական կայքի խմբագրության տեղեկատվությամբ, Ադրբեջանի հասարակական կարծիքում ՙհունգարական դահճի՚ արձակման առաջին օրերին գերակշռում էին դրան անվերապահ  օժանդակության տրամադրությունները... հայկական քարոզչության եւ միջազգային քննադատության հորձանքի պատճառով։ Իբր, դրանք նպաստել են ՙհակադարձ էֆեկտին. հասարակության մեջ հայրենասիրական տրամադրությունների ուժեղացմանը եւ մարդասպանի հետ համերաշխությանը՚։ Ընդ որում, նշում է հրատարակչությունը, հայկական քարոզչությունը որքան ավելի անզուսպ էր մերկացնում նրան ու նախագահի որոշումը, այնքան, ի հեճուկս դրան, ակտիվ էր ընթանում ներում շնորհված սպայի ՙհերոսացման՚ գործընթացը։ 
Դե ինչ, պետք է արժանին հատուցել կայքի խմբագրության ազնվությանը։ Ըստ էության, նրանք խոստովանել են, որ իրենց նախագահի որոշման հանդեպ ադրբեջանական հանրության ՙդեմ՚-ի եւ ՙկողմ՚-ի հարաբերակցությունը ոչ այլ ինչ է, քան` Հայաստանի ու հայերի նկատմամբ իսկական վերաբերմունքի դրսեւորում։ Կարելի է միանգամայն վստահ լինել այն բանում, որ եթե քնած ժամանակ կացնահարված հայ սպայի տեղը լիներ ուրիշ որևէ մեկը (ոչ հայ), հասարակության արձագանքն արմատապես կտարբերվեր վերը շարադրվածից։  Իսկն ասած, կարելի է ենթադրել, որ այն ժամանակ ոչ էլ ներում կլիներ։ Առավել եւս՝ հերոսացում։ Իրոք, չի կարելի լրջորեն մտածել, թե ադրբեջանական ժողովուրդն արյունարբու մարդասպանների ու մարդատյացների ժողովուրդ է, իսկ Իլհամ Ալիեւը՝  սատանայի մարմնացում։ Նման բնութագրումներն Ադրբեջանում ունեն  զուտ ուղղորդված գործողություններ՝ ընդդեմ  հայերի։ Եթե ադրբեջանական հանրությանը  կարելի է  համարել հիվանդ, ապա՝  հիվանդ՝ հայերի նկատմամբ։
Ադրբեջանում հայատյաց քաղաքականության քարոզչության մասին ոչ մեկ անգամ է խոսվել ու գրվել։ Սակայն  գրվել ու խոսվել է որոշ, թեկուզև չնչին, հույսով, թե նույն այդ ատելությունը  չի վերածվի  պաթոլոգիայի, թե ադրբեջանական հասարակության մեջ կհաղթանակի բարեկիրթ բանականությունը, չնայած առկա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը` հորինված թուրքական վաղ պանթուրքիզմից, վերածնված մեր օրերում: 
Ավաղ,  դա տեղի չունեցավ։ Եվ անգամ Ադրբեջանի նախագահի որոշմանը  չսատարող  25%-ը, ճիշտն ասած, քիչ մխիթարական  փաստ է։ Չէ՞ որ, ինչպես խոստովանում են կայքի խմբագրությունում, հղում անելով ՙադրբեջանական մի շարք  աղբյուրների տվյալներին՚, ներման հետ կապված պատմությունը սոսկ  առիթ եղավ՝ ՙԱդրբեջանի  իշխող վերնախավում հակասությունների համար՚։ Այսպես, ՙՅենի Մուսավաթ՚ ընդդիմադիր թերթը տեղեկացնում է, որ ՙՍաֆարովի գործի՚  պատճառով ՙաչքից ընկավ՚ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը, որը փորձեց հակառակվել ընդունված որոշմանը՝ պնդելով, որ երկրի հեղինակությանը մեծ հարված կհասցվի։ Դրա հետ կապված՝ թերթը ենթադրում է, որ Մամեդյարովը շուտով  կհանվի իր պաշտոնից, և  նրա տեղը կնշանակվի  ԱԳՆ ներկա  փոխնախարար Հաֆիզ Փաշաևը։
Դե ինչ, ուրիշ  պետության նախարարի նշանակումը  զուտ ներքին գործ է,  և տվյալ դեպքում դա մեզ քիչ է հետաքրքրում։Հետաքրքիրն ուրիշ բան է։  Սեփական  երկրի  վարկանիշն ինչպես են պատկերացնում  նույն 25%-ի մեջ մտնող նույն ադրբեջանցիները, որոնք ոչ թե  ՙմիջազգային  քննադատության  աճի՚, այլ սեփական խղճի համատեքստում կկարողանան տալ  ոչ միայն  բուդապեշտյան մարդասպանի  հետ 9 տարի առաջ կատարվածի, այլ ադրբեջանա-հայկական հարաբերություններում դրանից  ավելի վաղ  տեղի ունեցածի  իսկական  գնահատականը։ 
Կայքը գրում է, որ  ՙայդ պատմությունը դեռևս հեռու է ավարտից՚, իսկ հարցման արդյունքները  ՙստիպում են  շատ բանի շուրջ մտածել՚։ Շատ ենք ուզում մտածել, թե այդ  ՙշատ բանը՚ այն ամենից, ինչի շուրջ մտորում են Ադրբեջանում,  զուրկ կլինի հայերի հանդեպ  իռացիոնալությունից ու նրանց նկատմամբ հիվանդագին ատելությունից։ Այլապես, ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների հետ կապված՝ մեկ անգամ հնչեցված գաղափարը հայերի և ադրբեջանցիների էթնիկական անհամատեղելիության մասին,  հիրավի, կլինի մարգարեական։ Դրանից բխող ողբերգական բոլոր հետևանքներով։ Առաջին հերթին, Ադրբեջանի համար։ 
 
Կարեն ԶԱԽԱՐՅԱՆ
Հատուկ` 
ՙԱզատ Արցախի՚  համար