[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՈՍԱՑՐԵՑ ՆԱՑԻՍՏ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ

ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրով ՀՀ-ից Բուդապեշտ մեկնած հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը  քնած վիճակում 2004-ին կացնահարվեց ադրբեջանցի սպայի կողմից, որն իր աննախադեպ մարդասպանության մեղադրանքով Հունգարիայի բարձրագույն դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման: 
Ութ տարի անց հունգարական իշխանությունները տնտեսական նկատառումներից ելնելով՝ նրան արտահանձնեցին  Ադրբեջանին, որտեղ այդ երկրի նախագահը մարդասպանին շնորհեց մայորի կոչում, վճարեց 8 տարվա միանվագ աշխատավարձ, նվիրեց կահավորված ընդարձակ բնակարան և հերոսացրեց՝ դարձնելով նրան ժողովրդի և հատկապես երիտասարդության ընդօրինակման կերպար: 
Այս փաստն աննախադեպ իրողություն է 21-րդ դարում, որի բնութագրումը լիարժեք դրսևորում է Ադրբեջանի ներկա պետության և նրա նախագահի իրական պատկերը: Ոտնահարված են միջազգային օրենքները, մարդու իրավունքները, դատարանի որոշումները, համաձայնագրերը։
Վերոհիշյալ հիմնավորմամբ Ադրբեջանն իրենից ներկայացնում է տարածաշրջանային իմաստով մեծ բախման նախաձեռնող Կովկասում և նրանից դուրս՝ Միջին Արևելքի ընդգրկումով: Բացի այդ, տնտեսական խայծով միջադեպի մեջ ներքաշեց մի պետության, որը Եվրամիության անդամ է, և դարձրեց նրան մեղսակից, հավաստիացնելով, որ կկատարի դատարանի որոշումները, և հանցագործը կկրի օրենքով նախատեսված պատիժը: Անկասկած, կատարվածն ունի իր նախապատմությունը: 
Եթե մի երկրի նախագահը պետական պատվեր է տալիս իր գիտնականներին նենգափոխել անդրկովկասյան ժողովուրդների ծագումնաբանությունը, կազմակերպում մշակութային և մարդկային եղեռնագործություններ, անհամաչափ զինվում, հայերի նկատմամբ վարում ատելության պետական  քաղաքականություն, անտեսում միջազգային որոշումները, արհամարհում միջազգային դատարանների վճիռները, ի չիք դարձնում ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խաղարարար ջանքերը, տնտեսապես խեղդամահ անում ՀՀ-ն  և ԼՂՀ-ն, առավել սաստկացնում շրջափակումը,  ի վերջո դա բերում է միակ եզրակացության՝ օդում վառոդի հոտ է զգացվում: 
Պատերազմն անհրաժեշտ է Ալիևին վերընտրվելու համար: Նրա չընտրվելը նշանակում է այդ կոռումպացված ավազակապետության անկումն իր վերնախավով, որոնց թշվառ և վախվորիկ գոյության միակ հիմնավորումը ՙՀայաստանին և հայերին չպատկանող տարածքների՚ հետ նվաճումն է։ 
Այժմ ամբողջ աշխարհով մեկ քննարկվում է Ադրբեջանի նախագահի մեղսագործությունը և հունգարական պետության մասնակցությունը այդ խայտառակ գործարքին: Եվրախոհրդարանն ըստ արժանվույն գնահատական տվեց կատարված մարդասպանությանը և Ադրբեջանի աննախադեպ անօրինական գործողությանը:
Նշված իրավիճակում, կարծում եմ, պետք է հստակեցվեն մեր ժողովրդի տեսակետը, պահանջները և գործելակերպը: 
Նախ՝ մարդասպան-ֆաշիստի վերաբերյալ: 
Ինչպես ցույց է տվել պատմությունը, ադրբեջանցիների համար ոչ մի խնդիր չէ  վերացնել մարդասպանին և այդ ակցիան վերագրել վրիժառու հայերին, դրանով իսկ նոր խթան տալ ատելության հոգեուղղվածությանը և փաստով հիմնավորել իրենց կողմից վարվող հայատյաց պետական քաղաքականությունը:
Ուստի մենք պետք է զգուշացնենք միջազգային հանրությանը: Հունգարիան պետք է  հետ պահանջի մարդասպանին, հիմք ընդունելով, որ այդ երկիրը խախտել է երկու պետությունների համաձայնագիրը՝ ազատելով և հերոսացնելով ոճրագործին: 
Հունգարիան առաջինը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, քանի որ ինքը, որպես եվրոպական  ժողովրդավարական  երկիր և Եվրոպայի խորհրդի անդամ, անձամբ բախվեց ադրբեջանական ներկա կառավարության անվստահելի քաղաքականության հետ, կրեց միջազգային նախատինք և ամոթանք, տնտեսական նկատառումներով կատարեց աննախադեպ, հունգար ժողովրդին անհարիր գործողություն: 
Հունգար ժողովուրդը պետք է պահանջի ոչ միայն  կառավարության հրաժարականը, այլև հատուցում՝  բարոյահոգեբանական հարված հասցնելու համար: 
Եվրոպական բոլոր հասարակական կազմակերպությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների համար պարզ դարձավ, որ ներկա ադրբեջանական պետությունն անկարող է վարել քաղաքակիրթ, մարդու իրավունքները հարգող քաղաքականություն, ուստի մեկընդմիշտ պետք է բացառվի ԼՂՀ-ի կարգավիճակի քննարկումը Ադրբեջանի կազմում և լուծումը պետք է տեղափոխվի հայ-ռուսական համաձայնագրերի դաշտ:
Արցախի ինքնիշխանությունը պետք է ճանաչվի նաև ՀՀ-ի կողմից, հստակ բանակցություններ պետք է վարվեն  այլ պետությունների կողմից Արցախի ճանաչման ուղղությամբ: 
ՌԴ-ն, ելնելով իր երկրի շահերի գերակայությունից, տարածաշրջանի ներկա բարդ իրադրությունից և նրա զարգացման հնարավոր բեմագրերից, պետք է աջակցի ԼՂՀ-ին: Հավանական է, որ ԱՄՆ-ն վերոհիշյալ միջադեպն աչքաթող չի անի և կկասեցնի Ադրբեջանին  ցուցաբերած ռազմական օգնությունը: Ադրբեջանի նախագահն իր մարդատյաց քաղաքականության համար պետք է աշխարհի բոլոր առաջադեմ պետությունների կողմից դատապարտվի և ճանաչվի ՙpersona non grata՚, որպեսզի նման քաղաքականություն վարող բոլոր պետությունների ղեկավարները սթափվեն, և արգելակվի   նացիզմ-ֆաշիզմի վերածնունդը: 
Կարծում եմ, աշխարհի ժողովուրդների խաղաղ գոյակցության նկատմամբ ձեռնարկված ոտնձգությունների և հատկապես հայ ժողովրդի նկատմամբ նացիստական քաղաքականություն վարելու մեղադրանքով անհրաժեշտ է Ալիևից գանձել  5 միլիարդ դոլար տուգանք՝ որպես  բարոյահոգեբանական փոխհատուցում՝ մարդասպանին հերոսացնելու և տարածաշրջանում պատերազմի վտանգ ստեղծելու համար։ 
 
 
Միքայել ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, 
Հասարակական հիմունքներով ԼՂՀ վարչապետի խորհրդական